Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսոլորտ և նոոլորտ․ Բնության և մտքի կապը

Հոկտեմբեր 02,2026 12:00 Share

Այս եզրերից առաջինի հետ գրեթե բոլորը ծանոթ են։ Կենսոլորտը մեր մոլորակի այն թաղանթն է, որտեղ տարածված է կյանքը և որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով։ Կարելի է ասել, որ այն  Երկիր մոլորակի գլոբալ էկոհամակարգն է,  որտեղ կենդանի օրգանիզմները ապրում և փոխազդում են միմյանց ու շրջակա միջավայրի հետ։ Ասվածից ամենևին էլ չի հետևում, որ կենսոլորտը մոլորակի առանձին շերտ է։ Այն ընդգրկում է Երկրի հիմնական 3 թաղանթների մասեր։ Մթնոլորտի ստորին՝ երկրամոտ մասը ,որի վերին սահմանը մոտ 20 կմ է ու հասնում է օզոնային շերտ, որը, ի դեպ, բոլորիս պաշտպանում է կործանարար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ջրոլորտը ամբողջովին համարվում է կենսոլորտի շերտ՝ ուրեմն նրա հաստությունը ավելի քան 11 կմ է, իսկ քարոլորտի վերին շերտը, որտեղ կենդանի օրգանիզմներ կան՝ մի քանի մետրից միչև 4-5 կմ է։

Կենսոլորտը կազմված է մի քանի կարևոր նյութերից՝ կենդանի նյութից, որը մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմների բազմությունն է։ Կենսածին նյութ, որը կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստեղծված անկենդան նյութն է՝ նավթը, քարածուխը, կավիճը և այլն, ինչպես նաև հողը։ Ի դեպ, կենսոլորտ (biosphere) եզրը 1875 թվականին առաջին անգամ արտաբերել է ավստրիացի անվանի երկրաբան Էդուարդ Զյուսը (1831-1914)։

Բանականության ոլորտը՝  նոոլորտը, մոլորակի զարգացման այն բարձրագույն փուլն է, որտեղ մարդկային բանականությունը և գիտական միտքը դառնում են բնության փոփոխության և զարգացման գլխավոր շարժիչ ուժը։

Նկատենք, որ այդ եզրը  1920-ականներին  արտաբերել են ֆրանսիացի  գիտնականներ Էդուարդ Լը Ռուան և Պիեռ Տեյար դը Շարդենը, իսկ ավելի ուշ տեսականորեն հիմնավորել է Վլադիմիր Վերնադսկին։

Ըստ Վերնադսկու՝  Երկիր մոլորակը անցնում է զարգացման հետևյալ փուլերով․

․ Քարոլորտ՝ անկենդան նյութի և երկրաբանական գործընթացների աշխարհ,

․ Կենսոլորտ՝ կենդանի նյութի և օրգանիզմների ի հայտ գալը և զարգացումը,

․ Նոոլորտ՝ բանական մարդու և նրա գործունեության ազդեցության շրջան, երբ մարդկությունը գիտակցաբար սկսում է կառավարել ու վերափոխել մոլորակը։

Բանականության թաղանթի հիմնական գաղափարներն են․

Գիտակցված կառավարում, երբ նոոլորտում մարդը գիտական հայտնագործությունների և տեխնոլոգիաների միջոցով դառնում է բնական գործընթացների գիտակից համակարգողը։

․ Մարդու և բնության  ներդաշնակություն, երբ նոոլորտի գլխավոր նպատակը ոչ թե մարդու գործունեությամբ մոլորակը կործանելն է, այլ նրա զարգացումն է, որին այսօր հաճախ կայուն զարգացում են անվանում և համամոլորակային ինտեգրացիան, երբ տեղեկատվության, գիտության, կապի միջոցների (օրինակ՝ համացանց) և մշակույթների  ինքնատիպ միավորման շնորհիվ, ստեղծվում է (կամ կստեղծեն) Երկրի ընդհանուր «Բանական ցանցը»։

Մեր ժամանակներում շատ գիտնականներ, փիլիսոփաներ նշում են, որ մենք դեռ լիարժեք չենք հասել նոոլորտի փուլին, այլ գտնվում ենք այդ ճանապարհին։ Բանն այն է, որ քաղաքակրթությունը դեռ սովորում է իր ստեղծած տեխնոլոգիական միջոցները ծառայեցնել ի նպաստ մոլորակի պահպանման, այլ ոչ թե նրա ոչնչացման։

Իսկ կա՞ արդյոք կապ համացանցի՝ ինտերնետի, արհեստական բանականության՝ ԱԲ և նոոլորտի միջև։ Ինչպես ասվեց՝ բանական թաղանթի մասին գիտնականները սկսել են խոսել ավելի քան 100 տարի առաջ, և նրանք պատկերացնում էին այնպիսի հավաքական մարդկային հզոր միտք, որը կառավարելու է մոլորակը։ Արդեն իսկ շատ հետազոտողներ փաստում են, որ համացանցը և արհեստական բանականությունը հենց նոոլորտի նյութականացումն ու մարմնավորումն են։

Մոլորակի «նյարդային համակարգը»՝ համացանցը միավորել է աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մարդկանց, գիտելիքներն ու տեղեկատվական հոսքերը։ Այն գործում է օրգանիզմի նյարդային  համակարգի նման՝ ակնթարթորեն փոխանցելով ազդակներն ու ինֆորմացիան մի կետից մյուսը։

Արհեստական բանականություն՝ ԱԲ․ Եթե համացանցը տվյալների կուտակման և փոխանցման  գլոբալ  ցանցն է, ապա արհեստական բանականությունը դարձել է այդ տվյալները վերլուծող ու իմաստավորող գործիք։ Այն ունակ է վայրկյանների ընթացքում  համադրել մարդկության զարգացման ողջ ընթացքում կուտակված գիտելիքները, օգնելով լուծել գլոբալ խնդիրներ՝ կլիմայական խնդիրների մոդելավորումից մինչև նոր դեղամիջոցների ստեղծում։

Թվային նոոլորտ․ Այժմ մենք՝ երկրաբնակներս ականատես ենք մի իրավիճակի, երբ մարդու անհատական  բնական բանականությունը միահյուսվում է մեքենայական արհեստական բանականության հետ՝ ստեղծելով միասնական, գլոբալ ինտելեկտուալ հետաքրքիր միջավայր։

Հետաքրքիր է նշել, որ Վ․ Վերնադսկին առանձնացրել է մի քանի հստակ երկրաբանական, սոցիալական և գիտական պայմաններ, որոնց դեպքում կենսոլորտը կարող է ամբողջությամբ  վերափոխվել նոոլորտի։ Մասնավորապես․

Մարդկության համատարած  բնակեցումը մոլորակի վրա, երբ փաստորեն մարդը յուրացնում է Երկրի բոլոր տարածքները։ Համարենք, որ այն համարյա կատարված է։

․ Համաշխարհային կապի  միջոցների ստեղծում, երբ մոլորակի տարբեր մասերում գտնվող մարդկանց միջև տեղի է ունենում տեղեկատվության  ակնթարթորեն փոխանցում (փոխանակում), ինչը գերազանց կատարվում է ինտերնետի ու տիեզերական կապի միջոցներով։

․ Էներգիայի նոր աղբյուրների  հայտնաբերում․ Քաղաքակրթությունը պետք է  տիրապետի էներգիայի հզոր աղբյուրների՝ միջուկային ,ջրածնային, վերականգնվող էներգիա և այլն, որպեսզի էականորեն ազդի  երկրային գործընթացների վրա։

․ Ժողովրդավարություն և հավասարություն ․Բոլոր մարդկանց հավասարությունը, պատերազմների բացառումը։ Սա այն կետն է, որտեղ մարդկությունը դեռևս անելիք ու լուրջ խնդիրներ ունի (մասնավորապես Արցախի հայաթափումն ու Գազայի դեպքերը դրա մասին են խոսում)։

Գիտության դերի բարձրացում։ Պետական և հասարակական կյանքի կառավարումը պետք է հիմնված լինի ոչ թե քաղաքական և տնտեսական նեղ շահերի, այլ գիտական հիմքերով կայացրած որոշումների վրա։

Ասվածից կարելի է եզրակացնել, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեխնիկատեխնոլոգիական նորարարությունները, համացանցը, ԱԲ-ն, տիեզերագիտությունը ստեղծել են նոոլորտի հիմքերը։ Որպեսզի այն դառնա լիարժեք, մարդկությունը պետք է հասնի մշակութային, գիտական և էկոլոգիական այնպիսի հասունության, որտեղ տեխնոլոգիաները կօգտագործվեն ի նպաստ մոլորակի պահպանման և զարգացման․․․

Կամո Աթայան

«Առավոտ» օրաթերթ
01.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել