Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վերեւում պիտի ազգին սիրող մարդ նստի»

Հունիս 28,2002 00:00

«Վերեւում պիտի ազգին սիրող մարդ նստի» Մինչեւ «տանիքները» չվերացնեն, աղքատությունը չի նահանջի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը Լոռու մարզային գրադարանում հունիսի 26-ին կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Աղքատության հաղթահարման ուղիները Հայաստանում» թեմայով, որը նվիրված էր կառավարության կողմից մշակվող համանուն ծրագրին (Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման ենթակա): Չնայած ՄԻԺԻ-ի ներկայացուցիչ հյուրերը հանդես եկան ծրագրի մշակմանն առնչվող զեկույցներով եւ ասացին այն, ինչ այդ ծրագրի վերաբերյալ պարբերաբար լուսաբանվում է մամուլում եւ հեռուստատեսությամբ, այդուհանդերձ, մի կողմից էլ կարծես թե բոյկոտի էին ենթարկում ծրագիրը, համապատասխան փաստարկներով մտահոգություն հայտնելով, թե կառավարության կողմից ծրագիրը ճիշտ ուղով չի ընթանում. «Ծրագիրը չունի ռազմավարություն»: Այդ հարցում նրանք ակնկալում են համապատասխան աջակցություն՝ հասարակության կողմից, ինչի նպատակով էլ հանրապետության տարբեր վայրերում քննարկումներ են անցկացնում: Երեք ժամ տեւող քննարկմանը ոչ բոլոր հրավիրվածները (պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ) կարողացան դիմանալ, եւ մինչեւ վերջ մնացին, թերեւս, նրանք, ովքեր, պետք է հուսալ, իսկապես կուզենային՝ աղքատությունը վերանա: Նրանց թվում էին Լոռու մարզպետարանի սոցապ վարչության պետը, մարզպետարանի տարածքային կառավարման բաժնի ներկա եւ նախկին վարիչները եւ այլք: Միջոցառման 2-րդ կեսից սկսվեց բուն «գեղարվեստական» մասը: Նախ ասենք, որ «Ի՞նչ նկատառումներ ունեք» հարցին ի պատասխան, եւս մի քանիսը դահլիճից դուրս եկան: Դրանից հետո սկսվեցին քաղաքական ենթատեքստով ելույթները: Որպես աղքատության վերացման գրավական՝ Վանաձորի համայնքի ավագանու անդամներից մեկը կարծիք հայտնեց, որ «Վերեւում պիտի նստի ազգին սիրող մարդ», մյուսն էլ թե՝ «Հիմի պետք է ունենաս ալմաստե ատամներ ու եղունգներ՝ ինչ-որ բան ճպռելու համար»: Հարկային արտոնությունների թեմային անդրադառնալիս էլ Վանաձորի համայնքի ավագանու ներկայացուցիչն ասաց. «Փոքր ու միջին բիզնեսը տրորված է, ի՞նչ արտոնություն, եթե հավասարություն էլ չկա», եւ ավելացրեց. «Մինչեւ «ՍՐօՔՈ»-ն չվերանա, աղքատությունը չի վերանա»: Հնչեցին կարծիքներ, որ աղքատության վերացման ծրագրի ընդունումից հետո աղքատն ավելի կաղքատանա, հարուստն էլ կհարստանա: Քննարկման ընթացքում Վանաձորի հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը շտապեց հավաստել, որ իրենք իրենց հերթին սոցիալական զարգացման մարզային ծրագիր են կազմել, ինչի կապակցությամբ մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ թերահավատությամբ ասաց. «Էդ ե՞րբ կազմեցիք, որ մենք չիմացանք: Բա մեզ ինչի՞ չէիք իմաց տալիս, որ կազմում էիք» (թերեւս, վերջինս ցանկանում էր ծրագրի համահեղինակ դառնալ): Որքան էլ տարօրինակ էր, միջոցառմանը ներկա չէր աղքատների հետ ամենօրյա շփում ունեցողը՝ Վանաձորի սոցիալական ծառայության պետը, մինչդեռ տեղական մամուլում եւ հատկապես հեռուստատեսությամբ աղքատության մասին «ամենաջիգյարով» ելույթը նա է ունենում, չնայած դրանից աղքատների վիճակը չի թեթեւանում: Կարծում ենք, այս հարցում էլ, թերեւս, ստիպված ենք գալ եզրակացության, որ խեղդվողների փրկության գործը առաջին հերթին իրենց՝ խեղդվողների ձեռքում է: Ցավալի է, սակայն իշխանություններից հույսները կտրած, այդ փրկությունը շատերը գտնում են արտագաղթի մեջ, ինչի արդյունքում օրեցօր դատարկվում է Լոռին: Համենայնդեպս, հանրային քննարկման մասնակիցները արտագաղթի թեմայի վրա չհասցրին շատ ծանրանալ, նախ այն պատճառով, որ երբ արտագաղթողների վերաբերյալ այդտեղ քննադատություն հնչեց, մասնակիցներից մեկն ասաց. «Հիմի մենք մեր մեռելը թողած, ուրիշի մեռելի վրա չպիտի լաց լինենք», եւ երկրորդ՝ հիշեցնող եղավ, որ հեռուստատեսությամբ ֆուտբոլի խաղերն սկսվում են, ուստի, անհրաժեշտ է ավարտել քննարկումը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել