Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ

Հուլիս 06,2002 00:00

ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ՝ ԷՔՍՏՐԻՄ «Բլբուլ թրավել» գործակալությունը էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստան է հրավիրում Եկե՛ք Հայաստան, հնագույն երկիր, եկե՛ք եւ հիացե՛ք նրա հրաշալի բնությամբ, հինավուրց ճարտարապետությամբ, զարմանալի ու գեղեցիկ ավանդույթներով։ Արեւմտյան կուշտ ու միապաղաղ կենցաղով ապրող մարդիկ երազում են կտրվել տափակ առօրյայից եւ շրջել աշխարհով մեկ, տեսնել նոր երկրներ, թուլացնել նյարդերը, կտրվել մի որոշ ժամանակով քաղաքակրթության բարիքներից եւ վայելել վայրի ու վտանգավոր կյանքի հրաշքները։ Վայելել ու թարմացած վերադառնալ իրենց անհամ ու լպրծուն առօրյա։ Այսօր շատերն են զբաղվում էքստրեմալ զբոսաշրջությամբ։ Եվ Հայաստանը այս առումով աշխարհի լավագույն վայրերից է։ «Բլբուլ թրավել» գործակալությունը առաջարկում է Հայաստանում մի քանի գրավիչ ծրագիր՝ էքստրեմալ զբոսաշրջության սիրահար արտասահմանցիների համար։ Գործակալությունը ուղեւորությունները կազմակերպում է առավելագույնը մեկ շաբաթով, քանի որ փորձը ցույց է տալիս, որ 7 օրից ավելի գրեթե ոչ ոք ի վիճակի չէ դիմանալ հայկական հրաշքներին։ Էքստրիմը սկսվում է այն պահից, երբ զբոսաշրջիկը նստում է օդանավ եւ ուղեւորվում Հայաստան։ Պարտադիր պայման է համարվում «Հայկական ավիաուղիների» օդանավերից օգտվելը։ Իսկ քանի որ վերջիններիս թռիչքները եվրոպական երկրների օդային տարածքով արգելված են, ապա «Բլբուլ թրավելը» կազմակերպում է եվրոպական քաղաքներից դեպի Երեւան տարանցիկ ուղեւորություններ ԱՊՀ կամ արեւելյան որոշ երկրներով։ Հայկական ինքնաթիռում անցկացրած մի քանի ժամը կտրուկ բարձրացնում է ադրենալինի քանակը արյան մեջ, առավելագույնս լարում նյարդերը եւ, առհասարակ, մեծագույն բավականություն պատճառում էքստրիմի սիրահարներին։ Առաջին փորձությունն անցած զբոսաշրջիկները հայտնվում են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ շուրջ երկու ժամ հանգստանում են փակ գոտում՝ սպասելով իրենց ուղեբեռին։ Վերջապես այն ստանալուց հետո սկսվում է փորձությունների հաջորդ փուլը, որտեղ գլխավոր դերակատարները մաքսավորներն են եւ օդակայանի այլ ծառայությունների աշխատակիցները։ Նշենք, որ այս փուլում կատարված ծախսերը ընդգրկված չեն ուղեգրի արժեքի մեջ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ինքն է վճարում (գինը տեղում սակարկելով) այս էքստրեմալ իրավիճակից դուրս գալու վարձը։ Օդանավի վայրէջքից 3-4 ժամ անց, զբոսաշրջիկները հոգնած, նյարդայնացած, բայց շատ երջանիկ տեղավորվում են «Բլբուլ թրավելի» հարմարավետ ավտոբուսի բազկաթոռներում եւ ուղեւորվում Երեւան։ Մայրաքաղաքում նրանց է սպասում վթարային շենքերից մեկում տեղակայված «Հայէքստրիմ» հյուրանոցը։ Հյուրերը կարող են ըմբոշխնել հյուրանոցի բակում տեղակայված աղբակույտի, վթարված կոյուղուց առաջացած ջրափոսերի, շքամուտքի կոտրված դռների պատկերները։ Հյուրանոցի սովորական, ծեփը թափած երկտեղանոց համարի գիշերավարձը 120 ԱՄՆ դոլար է, լյուքս համարներում՝ 180-200 դոլար։ Ընդ որում, սովորական համարներում տեղադրված են ջրի բաքեր, իսկ լյուքսում ջրի բաքեր չկան՝ դրանց փոխարինում են դույլերը, որոնցով երջանիկ զբոսաշրջիկը ինքնուրույն է ջուր կրում հյուրանոցից 500 մ հեռավորության վրա գտնվող ցայտաղբյուրից: Ծրագրի պարտադիր կետերից է Երեւանի փողոցներով ավտոմեքենայի վարումը, երթուղային տաքսիով էքսկուրսիան Զեյթունից մինչեւ Չարբախ, մասնակցությունը Ազգային ժողովի նիստերին եւ հայաստանյան բանկերից մի քանիսում ավանդների ներդրումը։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է, ըստ նախասիրության, փորձել վառելիք, շաքարավազ, ձեթ ներմուծել Հայաստան կամ տեղում կազմակերպել գարեջրի կամ ծխախոտի արտադրություն։ Կա եւս մի միջոցառում, որն իրականացվում է լրացուցիչ 1000 ԱՄՆ դոլար վճարելու դեպքում՝ ցանկացողները երեկոյան ժամերին այցելում են «Պապլավոկ» ջազ-սրճարան։ Նման ցանկություն հայտնածներին «Բլբուլ թրավելի» փորձառու ուղեկցորդները սովորեցնում են հայերեն ընդամենը երկու բառ. «Բարե՜ւ, Ռոբ»։ Ի տարբերություն ծրագրի մյուս կետերի, այս դեպքում աշխարհի բոլոր ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ռիսկերի ապահովագրումից։ Welcome to Armenia! Է. ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել