Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆահլաբազարը»՝ ահ ու սարսափի մթնոլորտում

Հուլիս 11,2002 00:00

«Ֆահլաբազարը»՝ ահ ու սարսափի մթնոլորտում Որեւէ բան փոխված տեսնելու հույսով վերջերս նորից եղա «Ֆահլաբազարում»՝ «Այրարատ» կինոթատրոնի հրապարակում։ Այն ավելի է «հզորացել», «համալրվել» կրթության բոլոր փուլերը անցած մարդկանցով, բազմաթիվ արհեստների ներկայացուցիչներով, որոնք «ճիտին պարտքերը» թեւների տակ՝ առավոտից երեկո այն հույսն են փայփայում, թե կգա «ժողովրդի ծառաներից» որեւէ մեկը ու իրենց գործ կառաջարկի։ Ավտոբուսից իջնելով, քայլերս ուղղեցի դեպի ողջ հրապարակով մեկ այստեղ ու այնտեղ խմբված մարդիկ։ Ինչպես եւ մի քանի տարի առաջ, թողնելով խմբերը, մարդիկ դեպի ինձ եկան ու պաշարեցին։ Շատ զարմացա, կային մարդիկ, որոնք հիշեցին տարիներ առաջ իմ այցելությունը, հիշեցին այն թերթերի մասին, որտեղ տպագրվել էին այս չարաղետ երեւույթի մասին հոդվածները։ Հարցրին, տեղեկացան գալուս նպատակի մասին ու չորս կողմից ասացին. – Գնա քո բանին։ Որ էն տարին գրեցիր, ի՞նչ ստացանք։ – Ոչ մի անուն-ազգանուն էլ չենք ասի։ – Մեզ հետ գործ չունես, գրածդ էլ բանի տեղ դնող չկա։ – Գլուխը բարձրացնողի կատարին էնպես են տալի, որ էլ չի կարում վեր կենա։ – Իմանում ենք, էնպես կանեք, որ էստեղից էլ մեզ կքշեն,- ասում էին նրանք ու աստիճանաբար ցրվում։ Մի քանի րոպե չէր անցել, դիմացի մայթից երեւացին ավտոմեքենայից իջնող երկու երիտասարդ միլիցիոներ՝ ձեռքներին բջջային հեռախոս ու ռետինե մահակ։ Մոտեցան այսուայնկողմ փախչող վախեցած գործազուրկներին։ – Ի՞նչ եք ուզում մեզանից, ձեզ ի՞նչ ենք արել, թողեք մեր էրեխեքին գոնե էս ձեւով սովից փրկենք,- ձայնում էին նրանք։ Բայց «օրենքի պահապանները» շարունակում էին իրենց առաքելությունը կատարել։ Դիտում էի փախեփախը։ Մոտեցա «օրենքի պահապաններին»։ – Ի՞նչ եք ուզում այս մարդկանցից, լուռ, անշառ կանգնած են,- ասացի ես։ – Մեզ կարգադրել են ազատել հրապարակը։ Մեզ կարգադրել են քշել, թույլ չտալ այստեղ հավաքվել։ Թե չէ այն տպավորությունն են ստեղծում, թե Հայաստանում գործազրկություն կա։ Թող գնան էստեղից,- պատասխանեց երկուսից ավագը ու շարունակեց կատարել «իր մեծերի» առաջադրանքը, համոզված լինելով, որ այդ միջոցով հանրապետությունում «կվերացնի» գործազրկությունը։ ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ -ԹԱՓԱԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել