Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 25,2002 00:00

ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին Մեր գյուղապետը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, որոնց մասին գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են, սակայն՝ անարդյունք։ Ուղարկված դիմումները կարուսելի պտույտ տալով, հայտնվում են դարձյալ մեզ մոտ, եւ ըստ այդմ, մեղադրվողը պետք է մեղադրի իրեն։ Հակիրճ թվարկենք գյուղապետի թույլ տված կեղծիքներն ու չարաշահումները. . Խմելու ջրագծի կառուցման համար հանգանակված մոտ 1,2 մլն դրամի յուրացումը։ . Իր կողմից անհատույց հողակտոր ստացողների ցուցակի կազմումը բազմաթիվ օրինախախտումներով եւ առանց ավագանու համաձայնության։ . Կառավարության կողմից թույլատրած անհատույց կարգով տրամադրվող 47,5 հա-ի փոխարեն գյուղապետը իր կազմած ցուցակի համաձայն քարտեզագրել, կտրատել ու բաժանել է շուրջ 60 հա հողատարածք։ . Քարտեզագրված եւ կառավարության կողմից հաստատված դպրոցի կառուցման համար նախատեսված 2,4 հա պետֆոնդի հողատարածքը ապօրինի հատկացրել է որպես տնամերձ։ . ՀՀ կառավարության կողմից թույլատրված 62 հա-ի փոխարեն աճուրդով օտարվել է մոտ 65 հա, այն էլ բազմաթիվ օրինախախտումներով։ . Աճուրդով եւ անհատույց օտարվածը հողակտորների քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների համար հավաքված 16000-ական դրամներից (մոտ 14 մլն դրամ) մուծվել է մեկ միլիոնը, իսկ մնացածը՝ յուրացվել։ . Հողակտորների օտարման համար որպես մուտքի տոմսի արժեք հավաքվել է մոտ 1,5 միլիոն դրամ եւ չի մուծվել դրամարկղ։ . Խմելու ջրագծի կառուցման համար գյուղապետը կեղծ հայտերով մրցույթ է ձեւակերպել եւ հաղթող է ճանաչել իր մերձավորին եռակի թանկ գներով։ Այդ գումարները ծախսվում են համայնքի բյուջեից, իսկ ջրագիծը չի կառուցվել։ . Բազմաթիվ հողակտորներ ուղիղ վաճառքով գյուղապետը ապօրինաբար հատկացրել է իր մերձավորներին՝ իբրեւ թե այդ հողակտորները կրկնաճուրդով չեն վաճառվել։ Բայց իրականում այդ հողակտորների մի մասը երբեւէ աճուրդի չի դրվել, իսկ մյուս մասը հատկացրել է կրկնաճուրդում բարձր գնով հաղթած, բայց ժամանակին գումար չմուծած իր հարազատներին։ . «Պեմեր» տարածքում աճուրդի են դրվել նախատեսվածից ավելի հողակտորներ։ Խախտելով ավագանու նիստի որոշումը՝ գյուղապետը իր ցանկությամբ կատարել է ընտրովի տեղերի աճուրդ։ Պատկերը առավել ցավալի է, նկատի ունենալով, որ թալանը կատարվել է մի գյուղում, ուր մարդիկ սոցիալապես ծանր պայմաններում են ապրում։ Խնդրում ենք, որպեսզի այս հարցով զբաղվեն ձեր ներկայացուցիչները, որպեսզի մակագրություններ ստանալով՝ մեր դիմումները նորից վերից վար չգան ու չհայտնվեն մեղավորի ձեռքում։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ (15 ստորագրություն) Գյուղացիները նշում են նաեւ մի շարք այլ օրինախախտումների մասին։ «Առավոտն» ընդամենը նրանց խոսքի արտահայտման հնարավորություն է տալիս։ Իսկ ներքինգետաշենցիներն անձամբ են պատրաստ փաստարկել եւ ապացուցել իրենց նշած մեղադրանքները։ Գյուղացիների տվյալներով, մարզային դատախազությունում այս նյութերի առիթով գործ է հարուցված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել