Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է Վահե Գաբրիելյանը

Հուլիս 27,2002 00:00

Պարզաբանում է Վահե Գաբրիելյանը ՀՀ նախագահի մամլո քարտուղարը պատասխանում է «Առավոտի» հարցերին -Եթե նախագահն առաջիկա ընտրություններում վերստին առաջադրվի, ընտրարշավի իր հենարան ու՞մ է տեսնում: Կա՞ն հիմքեր կարծելու (եթե կան՝ որո՞նք են) թե նախագահը կհենվի միաժամանակ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ՀՅԴ ղեկավարության վրա: Կարծեք թե, վերջիններիս հրապարակային արտահայտություններում առավել փոխադարձ մերժում է նկատելի, քան համագործակցության պատրաստակամություն: – Կան կուսակցություններ, ում հետ նախագահը համագործակցում է արդեն մի քանի տարի: Այդ համագործակցությունն էլ է նպաստել երկրում կայունության պահպանմանը եւ տնտեսական աճին: Համագործակցության ծավալները եւ խորությունը գուցե բոլորի հետ նույնը չեն եղել, իսկ դա պայմանավորված է եղել նաեւ ԱԺ-ում ներկայացված լինելով կամ չլինելով, եւ կարող են այս կամ այն չափով մի փոքր փոփոխվել, սակայն գործընկերների շրջանակը հիմնականում կպահպանվի: Անակնկալներ չեն սպասվում: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի եւ Դաշնակցության հարաբերություններին, ապա այդտեղ որեւէ լարվածություն նախագահին հայտնի չէ: – Օտարերկրյա ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահի, ամենամսյա (՞) շփումները ՀՀ նախագահի հետ անձնական բարեկամության այնպիսի վկայություն են, որ երաշխավորում են Մոսկվայի պրոքոչարյանական դիրքորոշումը նախագահական ընտրություններո՞ւմ: Եվ ընդհանրապես կա՞ օտարերկրյա պետություն (ո՞րը կամ որո՞նք), որի նախընտությանն ու աջակցությանը առաջիկա ընտրարշավում նախագահ Քոչարյանը վստահ է: – Հավանաբար այն փաստը, որ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, նպաստել է մեր հայրենակիցներից շատերի մոտ այն ամոթալի համոզմունքի ձեւավորմանը, թե մեր իսկ երկրի ներսում մեր իսկ որոշումների համար անհրաժեշտ է օտարների եթե ոչ թույլտվությունը, ապա առնվազն հավանությունը: Ռոբերտ Քոչարյանը «տղա բերելու» սովորություն չունի: Ժամանակն է վերջապես ձերբազատվել մեր կյանքում օտարների մեծ դերի մասին մտածելակերպից եւ մտածել որպես ինքնիշխան երկրի քաղաքացիներ: – Ինչո՞վ է բացատրվում երկու տարի շարունակ երկրի Անվտանգության խորհրդի նիստ չգումարելը: Նախագահը չի՞ լուծել որեւէ հարց, որը, կարեւորությունից ելնելով, իմաստ ունենար քննարկել հիշյալ խորհրդում, թե՞ խորհրդի նիստ չի գումարվում, որովհետեւ ի պաշտոնե դրան անդամակցող անձինք նախագահի վստահությունը չեն վայելում: – Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է, որի քննարկմանը նախագահը իր հայեցողությամբ է ներկայացնում այս կամ այն հարցերը: Անվտանգության խորհրդի նիստերի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. Գ. Շնորհակալություն հայտնելով պրն Գաբրիելյանին տրված հարցերին պատասխանելու համար, մեր մեկնաբանությունները հետաձգում ենք «Առավոտի» հաջորդ համարին եւ կներկայացնենք արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկ այդ ընթացքում հատկապես երկրորդ հարցի պատասխանը թող ուշադիր սերտեն ՀՀ կառավարության որոշ անդամներ, որ ինքնամոռաց տարվել են միջազգային ասպարեզում Քոչարյանի հեղինակության գովքն անելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031