Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհին նախընտրում է հայ բեմը

Սեպտեմբեր 06,2002 00:00

Երգչուհին նախընտրում է հայ բեմը Ազգային օպերային թատրոնի բեմը ազգային հիասքանչ երգչուհիներ շատ է տեսել։ Մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի դոցենտ Հասմիկ Հացագործյանն իր հաստատուն տեղն ունի թատրոնի խաղացանկում՝ Օլիմպիա, Դեզդեմոնա, Լեոնորա, Վիոլետա… Ունենալով լայն դիապազոն, լավ երանգավորված, հավասար հնչող ձայն, երգչուհին հաջողությամբ է կատարում եւ մարմնավորում իրեն վստահված դերերգերը։ Ինչն է գրավում նրա արվեստում՝ տարբեր դերերգեր կատարելիս նրա ձայնը յուրովի է հնչում։ Այսպես՝ Նորմա երգելիս ձայնը հնչում է թանձր ու վարար, Անուշ՝ նուրբ ու թափանցիկ, Պաոլինան հնչում է վեհաշունչ ու միշտ աշխատում է, ինչպես ինքն է ասում, «երգել թեթեւ ու անբռնազբոս»։ Խոսքն այս դեպքում միայն տեխնիկական թեթեւության մասն չէ, այլ այն թեթեւության, որ հարակցվում է անմիջականության հետ՝ թե զգացմունքների վերարտադրողականության, թե կատարողական հնարների առումով։ Նրա խաղը այս կամ այն ներկայացման ցանկացած տեսարանում, նրա վստահ պահվածքը հարուցում են հույզ ու մտորումներ, ամենաջերմ ու լուսավոր ապրումների մի ամբողջ գամմա։ Դպրոցական, ավելի ճիշտ, կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, դասախոսների հրահանգները, անկասկած, վիթխարի օգուտ են բերել երգչուհուն։ Տարիներ առաջ, երբ երգչուհին առաջին ինքնուրույն քայլերն էր անում, պտտվում էին խոսակցություններ, իբր որպես երգչուհի նա պարտական է կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանին եւ ինչպե՞ս նա «դավաճանեց» վերջինիս, ուսումը շարունակելով պրոֆեսոր Տաթեւիկ Սազանդարյանի դասարանում եւ այլն, եւ այլն։ Այս առիթով երգչուհին ասաց. «Ուսանել եմ Տաթեւիկ Տիգրանովնայի դասարանում, իսկ տիկին Մարիաննայի հետ՝ ունեցել ջերմ ստեղծագործական համագործակցություն, ինչպես սովորաբար լինում է կոնցերտմայստեր-դաշնակահարուհու եւ վոկալիստի միջեւ։ Իսկ իմ առաջին ուսուցչուհին մինչեւ օրս էլ իմ մայրն է՝ Ելենա Միքայելյանը»։ Ի տարբերություն իր որոշ գործընկերների, Հ. Հացագործյանը նորմալ, նույնիսկ ժպիտով է վերաբերում իր հասցեին հնչող ասեկոսեներին, իսկ այ, քննադատությանը… «Ինչքան ժամանակ է արդեն քննադատների հետ «չենք շփվում»։ Միշտ ուսանելի է, երբ լսում ես տեղին հնչած խոսք, քննադատություն։ Այն արվեստագետներիս նույնիսկ անհրաժեշտ է։ Մանրամասնեմ՝ ցանկացած քննադատության մեջ, նույնիսկ հեղեղված չափազանցված խոսքերով ու արտահայտություններով, ճշմարտության հատիկ կա»։ Աշխարհի հեղինակավոր բեմերում հանդես եկած երգչուհու համար, թվում է, թե մտահոգություն պետք է չլիներ, բայց իր խոսքերով. «Իմ մտահոգությունը իմ թատրոնն է։ Մի կողմից ուրախ եմ, որ վերջապես վերանորոգվում է, մյուս կողմից կարծում եմ, բեմի պակասը կարելի է լրացնել հանրապետության տարբեր քաղաքներում։ Ի վերջո, նրանք էլ մեր ունկնդիրն են եւ մեղք չունեն, որ ապրում են մայրաքաղաքից դուրս։ Բնական է, արվեստը գոյություն ունի շնորհիվ ունկնդրի։ Հավատացեք, թեպետ կային եւ կան մարդիկ, որ թերահավատությամբ են նայում այն առաջարկներին, որ բազմիցս ունեցել եմ եւ ունեմ արտերկրում, բայց կրկին հավատացնում եմ՝ մեր ունկնդրի նմանը չկա աշխարհում։ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ այլ պետություններում, ուր հանդես եմ եկել, ունկնդիրը մի տեսակ ուրիշ է, իհարկե, լավը գնահատում են, բայց… Մի խոսքով, պետք է ինքդ քեզ վրա զգաս ու հետո համեմատում ես, չէ՞»։ Չէ, ինչպես ասում են՝ մերն ուրիշ է»։ Երգչուհու պնդմամբ, այսօր էլ կոնսերվատորիայում եւ իր դասարանում կան լավ ձայներ, բայց ժամանակ եւ հնարավորություններ են հարկավոր։ Ի դեպ, «հնարավորություն» բառը նա չկապեց ֆինանսի հետ։ Իր խոսքերով. «Քաղաքակիրթ երկրներում կան իմպրեսարիոներ, մենեջերներ, որոնք զբաղվում են կատարողի «հա ու չէ»-ով։ Մեզ մոտ արդեն տարիներ շարունակ որոշ ուսումնական հաստատություններում իր տեղն է գրավել մենեջմենթ առարկան։ Դե, երեւի սրա համար էլ դարձյալ ժամանակ է հարկավոր։ Իսկ այսօր շատ կարեւոր է, երբ բարձրակարգ երաժիշտը, արվեստագետը ունի մենեջեր, իմպրեսարիո։ Իսկ մեր մասնագիտության մեջ երգիչը պետք է միայն երգի»։ Թեպետ երգչուհու հավաստմամբ՝ ինքը շատ է սիրում իր ընտանիքը, ինչու չէ՝ ընտանեկան հաճելի հոգսերը, իր խոհանոցը, բայց այս ամենի հետ մեկտեղ երազում է ունենալ իմպրեսարիո։ Ուրախալի է, որ Հասմիկ Հացագործյանը եւ դեռ հայրենիքում մնացած երգիչները, որոնց արդեն մատների վրա կարելի է հաշվել, այդուհանդերձ մխիթարվելու մեկ բան հաստատ ունեն, այն է՝ աշխարհը «հաշվի է նստում» մեր մշակույթի հետ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Հասմիկ Հացագործյանը վերջերս է վերադարձել Թեհրանից, ուր համերգային կատարմամբ երգել է Թեհմինեի դերերգը Լ. Ճգնավորյանի «Ռուստամ եւ Զոհրապ» օպերայում։ Այս կատարմանը հրավիրված են եղել երգիչներ Սուրեն Մկրտչյանը՝ Երեւանից, Վաղարշակ Օհանյանը՝ Նյու Յորքից, կատարողներ Ամստերդամից եւ Ավստրիայից։ Իսկ օպերայի կատարմանը Իրանի կառավարության խնդրանքով Թեհմինեի դերերգը կատարել է պարսիկ երգչուհի, որը ուսանում է Փարիզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30