Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՈՐ ՉՈՒԶԻ ՄԵՐ ԼԱՎԸ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ՈՎ ՈՐ ՉՈՒԶԻ ՄԵՐ ԼԱՎԸ Հայերս իսկապես ունիկալ ժողովուրդ ենք: Մենք ոչ ոքի նման չենք մտածում: Մենք, կարելի է ասել, հումանիստ ժողովուրդ ենք, որովհետեւ ուրիշների մասին ավելի շատ ենք մտածում, քան մեր: Օրինակ, մենք շատ ենք ուզում, որ սերբերի վիճակը լավանա. ի հաշիվ Կոսովոյի ալբանների, իհարկե: Մենք ուզում ենք, որ պաղեստինցիներն իրենց լավ զգան. ի հեճուկս, իհարկե, հրեաների: Ուզում ենք, որ Իրանն ու Իրաքը հզորանան՝ թուրքերի եւ ամերիկացիների ինադու: Ուզում ենք, որ աբխազներն անկախանան. անշուշտ՝ Վրաստանի ու վրացիների հաշվին: Ինչպես տեսնում ենք՝ մենք իսկապես ուրիշների ճակատագրի մասին ավելի շատ ենք մտածում, քան մեր: Բայց ինչպե՞ս եղավ, որ մենք հանկարծ աբխազներին սկսեցինք միանշանակորեն նախընտրել մեր դարավոր եղբայրներից՝ վրացիներից, որոնց հետ, ինչպես վերջերս պարզվեց, ունենք ոչ թե սահման, այլ ճակատ: Մենք մեր եղբայր հարեւանին այդպես ենք վերաբերվում, եւ երբ նրա կողմից նույն վերաբերմունքին ենք արժանանում, սկսում ենք ճամարտակել, թե վրացիները թուրքից ել վատն են: Իհարկե, մեր միջի պահանջատերերը վաղուց ի վեր աչք ունեն Ջավախքի վրա: Եվ, ուրեմն, փաստորեն, Վրաստանի թուլանալը որոշակիորեն կնպաստի մեր հողահավաքին: Իրե՛նց կարծիքով: Իսկ միգուցե իրականում ճիշտ հակառա՞կը տեղի ունենա: Չէ՞ որ, փաստորեն, մենք կամավոր մեզ խցկում ենք չորս կողմից մեզ թշնամացած հարեւանների ուժեղ աքցանի մեջ: Ամփոփենք. մենք բոլորի մասին մտածում ենք: Այսինքն՝ ակտիվորեն մասնակցում ենք գլոբալ աշխարհաքաղաքականությանը: Մենք իսկապես մեր հակառակորդների մասին ավելի ենք մտածում, քան՝ մեր: Եվ պետք է ասել, որ մեր վարքը վարակիչ է: Օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ արգենտինացի Լոպեսը գնաց, տեսավ եւ ուսումնասիրեց Ուկրաինայի հավաքականի խաղը եւ հիմա մտածում է այդ հավաքականի մասին: Փաստորեն, նա ծանոթ է նրանց խաղին: Բայց, պարզվում է, Լոպեսը ծանոթ չէ դրսում հանդես եկող մեր հավաքականի 7-8 խաղացողների խաղին, որոնք չբարեհաճեցին ներկայանալ սեպտեմբերի 7-ի կարեւորագույն մրցամարտից առաջ անցկացվող ստուգողական-ընկերական հանդիպմանը: taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել