Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ Օգոստոսի 9-ին վճռաբեկ դատարանը քննարկել էր ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի ներկայացրած բողոքը վերաքննիչի կայացրած վճռի վերաբերյալ եւ այն մասամբ սրբագրելով՝ որոշում կայացրել Կալանավայրերի վարչության նախկին պետին դատապարտել 6 տարի ազատազրկման: Ոմանց գուցե թվաց, թե վճռաբեկի արձակած վճռից հետո Մ.Սաղաթելյանի անունն ու «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների առնչությամբ նրա հայտնած կասկածներն այլեւս չարագուշակ կերպով իշխանություններին չեն հետապնդի: Բայց փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի հետ զրույցից պարզվեց, որ Մ.Սաղաթելյանի դեմ «թխված» քրգործի, կայացրած ապօրինի վճիռների եւ նրա կասկածների մասին դեռ շատ է խոսվելու, առավել եւս՝ արդեն Եվրոդատարան դիմելու հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք ՔՊԻՎ նախկին պետի դատավարության ընթացքին, առաջադրված մեղադրանքներին եւ դրանց առնչությամբ նրա պաշտպանի դիրքորոշմանը, ուստի դրանց այլեւս չենք անդրադառնա: Մենք ընդամենը կարճ անդրադարձ կանենք վճռաբեկի կայացրած վճռին ու կանցնենք առաջ: Իսկ այդ վճիռը, ինչպես Ռ.Գրիգորյանն ասաց. «Ըստ էության, խախտումների նկատմամբ վերաբերմունքով չտարբերվեց նախորդ երկու ատյանների վերաբերմունքից ու կայացրած դատավճիռներից: Վճռաբեկին ներկայացրած իմ բողոքում նշել եւ գնահատական էի տվել դատական երկու ատյաններում տեղ գտած դատավարական նորմերի բազմաթիվ, այդ թվում՝ նյութական իրավունքի, դատավարական իրավունքի նորմերի խախտումներին, որոնք իրենց ամբողջության մեջ Մ.Սաղաթելյանի նկատմամբ անօրինական դատավճիռ արձակելու հիմք են դարձել: Արտաքուստ վճռաբեկ դատարանի որոշումը քննարկել է բողոքում շոշափված իմ առարկությունները, բայց նա, ըստ էության, մասնակի է դրանք քննարկել կամ ընդհանրապես քննության չի առել հենց վճռաբեկի վճռում արձանագրելով, թե վերաքննիչ դատարանն այդ հանգամանքները մանրամասնորեն քննարկել եւ պատշաճ գնահատական է տվել: Մինչդեռ ինքս էլ եմ նկատի ունեցել այդ քննարկումն ու գնահատականը, երբ վճռաբեկի իմ բողոքում դրանք գնահատել եմ ոչ ճիշտ եւ ոչ օբյեկտիվ: Վճռաբեկը պետք է պատճառաբաներ, թե ինչու է գտնում, որ իմ մատնանշած առարկություններն ու գնահատականները ճիշտ եւ օբյեկտիվ չեն, ինչը չի արվել»: Փաստաբանը հայտարարեց, որ վճռաբեկ դատարանն ընդհանրապես ավելի քան մակերեսայնորեն եւ իմիջիայլոց է ուսումնասիրել գործը: Հակառակ դեպքում՝ վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ անձի նկատմամբ միեւնույն հանցանքի համար երկու հիմնական պատիժ նշանակելու անթույլատրելիությունը, որն արտահայտվել էր վերաքննիչի կայացրած վճռում՝ 7 տարի ազատազրկման եւ միաժամանակ 90 հազար դրամ տուգանքի ձեւով, վկայակոչելով հանդերձ 90 հազար դրամ տուգանքը հանելը, հետո իր վճռում չէր թողնի այլ՝ ՔՕ 183/1 հոդվածով առաջադրված մեղադրանքներով սահմանված 50 հազար դրամի տուգանքը: Մի բան, որ արգելված է ոչ միայն հիշյալ Կոնվենցիայով, այլեւ Քրդատօր 419 հոդվածով, որը մատնանշել էր հենց Վճռաբեկ պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը: Ռ.Գրիգորյանը կրկին մանրամասնորեն անդրադարձավ արդեն վճռաբեկի վճռում տեղ գտած նյութական եւ իրավական նորմերի խախտումներին, որոնք, կարծես, ժառանգություն ստացածի նման, կրկնել էին դատական բոլոր երեք ատյանները: «Այսօր, երբ գործող օրենքն արգելում է կամայականությունը՝ «վնաս» ասվածը գնահատել անձի սուբյեկտիվ վերաբերմունքով, կիրառվել եւ դրվել է Մ.Սաղաթելյանի դատավճռի հիմքում: Ես ինչպե՞ս կարող եմ այդպիսի վճիռը համարել օրինական, եթե անգամ դա կայացրել է ՀՀ դատական բարձրագույն ատյանը՝ վճռաբեկը: Ավելի արտառոց խախտումներ էլ կան, որոնց մասին բազմիցս ենք խոսել»,- նշեց փաստաբան Գրիգորյանը: Ըստ նրա՝ «այսօր մենք, ըստ էության, ետ ենք գնում 37 թիվ, երբ ագենտների տեղեկությունների, անանուն նամակների հիման վրա կարող էին մարդկանց բռնել, գնդակահարել, աքսորել, թեեւ Մ.Սաղաթելյանի դեպքում, նույն գործակալի՝ Հ.Գրիգորյանի, ցուցմունքներից ելնելով էլ «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն» մեղադրանքն անհիմն է»: Փաստաբանը՝ անդրադառնալով Եվրոդատարան դիմելու հեռանկարին, ասաց. «Ես գտնում եմ, որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռն այնքան թերություններ եւ խախտումներ է պարունակում, որ դրանց հետ հաշտվել հնարավոր չէ եւ չի կարելի: Մենք Մ.Սաղաթելյանի հետ խոսել ենք եւ նախապես որոշել, որ անպայման դիմելու ենք Եվրոպական դատարան: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Փաստաթղթերը պատրաստելուց հետո դրանք կներկայացնեմ իմ պաշտպանյալին, միասին կքննարկենք, բայց վերջնական որոշումն, իհարկե, Մ.Սաղաթելյանն ինքն է կայացնելու: Բոլոր դեպքերում՝ Եվրոպական դատարան դիմելը մեզ համար ձեւական քայլ չի լինելու՝ փորձենք, տեսնենք՝ ինչ կլինի: Կա համոզվածություն, որ Մ.Սաղաթելյանի նկատմամբ վերաբերմունքը եղել է ընտրովի, դատավճիռը եղել է ոչ օբյեկտիվ, թույլ տրված խախտումներին օբյեկտիվ գնահատականներ չեն տրվել, եւ այդ խախտումներն էլ թույլ են տրվել միմիայն մեղադրանք առաջադրելու համար, ինչն անթույլատրել է: Այն կասկածելի հանգամանքները, որոնք կային գործում եւ օրենքով՝ ելնելով անմեղության կանխավարկածից, պետք է գնահատվեին հօգուտ Մ.Սաղաթելյանի, դատավճռում հակառակ գնահատականի են արժանացել: Հետեւությունն այն է, որ դատավարական նորմերի խախտումների այդ ամբողջությունն ինքնին հիմք է տալիս ասելու, որ դրանց մասին պետք է բարձրաձայնել: Եթե այդօրինակ սխալ դատավճիռները մնում են ուժի մեջ, դրանք վերածվում են նախադեպերի: Խոսքն ամենեւին էլ Մ.Սաղաթելյան անձի մասին չէ, այլ՝ երեւույթին, այս երկրում միջազգային նորմերին համապատասխանող արդարադատության համակարգ ունենալուն: Իսկ այդպիսի նախադեպեր արդեն կան եւ ոչ միայն այս գործով»: Փաստաբանը հավաստեց, թե Մ.Սաղաթելյանի գործը Եվրոպական դատարան դիմելու բոլոր «տվյալներն» ունի: Նրա նկատմամբ կայացված վճռում եւս կան նույն այդ Եվրոպական կոնվենցիայի նորմերին հակասող բաներ: «Այնտեղ մենք հիմնականում փորձելու ենք ցույց տալ քրգործի հարուցման շարժառիթները, բացատրել, թե խախտումները ինչու են տեղ գտել եւ ինչու չեն վերացվում: Իսկ դրանք խոսում են Մ.Սաղաթելյանին ընտրողաբար եւ անպայման պատժելու դիտավորության մասին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել