Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԵՆ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԵՆ ԽՍՀՄ նախկին հանրապետություններն այսօր հայտնվել են ֆոտոինֆորմացիոն մեկուսացման մեջ: ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ֆոտոքրոնիկան միակն էր, որը մամուլին համակարգված ֆոտոինֆորմացիայով էր ապահովում, որը, սակայն, այլեւս չի գործում: Իսկ այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի թերթերում ու ամսագրերում միայն միջազգային, քաղաքական թեմաներով է համապարփակ ինֆորմացիա մուտք գործում: Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի մամուլում բացակայում է այդ երկրների կյանքի, ռեգիոնալ իրադարձությունների մասին թարմ ինֆորմացիան: Իհարկե, այս երեւույթի պատճառներից մեկը քիչ տպաքանակներով թերթերի եւ ամսագրերի ֆինանսական անկարողությունն է: Չկան նաեւ տարածաշրջանային համապատասխան գործակալություններ, որոնք կարողանային պատրաստել եւ տարածել այդ ինֆորմացիան Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Տեղեկատվական այս մեկուսացան հետեւանքը կարող է լինել այդ երկրների միջեւ կապերի, տեղեկատվության փոխանակման խզվելը, էթնիկ խնդիրների սրվելը եւ այլն: Այս երեւույթի դեմ է ուղղված Հայաստանից «Պատկեր» ֆոտոգործակալության/ գաղափարի եւ ծրագրի հեղինակ՝ Ռուբեն Մանգասարյան/, Վրաստանից «Մեդիա» տեղեկատվական կենտրոնի /լուսանկարիչ՝ Գեորգի Ցագարելի/ եւ Ադրբեջանից «Զերկալո» թերթի/ Քամալ Ալի/ համատեղ նախագիծը, որը կոչվում է «Ֆոտոտեղեկատվական աջակցություն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցներին»: Այս գաղափարը, ըստ «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն, լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի, ի հայտ է եկել դեռեւս 1996 թվից, սակայն այն վերջնականապես ձեւավորվեց 2000172ին: Երեք հանրապետությունների գործընկերների նախագծին ընթացք տվեց «Եվրասիա» հիմնադրամը, որը սկզբում դրամաշնորհ կատարեց նախագծի վերջնական աշխատանքների համար: Նախագիծը կսկսի գործել 2002թ. հոկտեմբերի 16-ից մինչեւ 2003թ. ապրիլի 16-ը, որը ֆինանսավորում է նաեւ USIS-ը: Ծրագիրը մամուլին կտրամադրի Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի ժողովուրդների առօրյա կյանքի, սոցիալական, էկոլոգիական, կենցաղային, էներգետիկ, տնտեսական խնդիրների մասին պատմող ֆոտոտեղեկատվություն, որն այսօր չի արտացոլվում այդ երկրների տպագիր մամուլում: Ծրագրի շրջանակներում ֆոտոլրագրողների ուսուցողական մասով է զբաղվելու Հայաստանում վերջերս բացված Կովկասյան Մեդիա ինստիտուտը, որի առաջին քայլը եղավ Ինգուշեթիայում վերջերս կազմակերպված աշխատանքային սեմինարը, որին մասնակցում էին հայտնի լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից: Ռ. Մանգասարյանը սեմինարի՝ Ինգուշեթիայում անցկացնելու ընտրությունը այսպես է մեկնաբանում. «Պետք չէ անել այն ստանդարտ սեմինարներից եւս մեկը, որից հոգնել են լրագրողները: Եթե մենք ֆոտոլրագրողներ ենք, ավելի ճիշտ է ռիսկային գոտում հավաքվել, որը ֆոտոլրագրողի համար ինքնին նյութ է նաեւ հետագա աշխատանքների համար, նոր միջավայր է, նոր շփումներ»: Սեմինարին մասնակցում էր նաեւ հայտնի լուսանկարիչ Իգոր Գավրիլովը, որն իր ողջ կյանքում աշխատել է հայտնի ամսագրերում՝ «Օգոնյոկում», այժմ՝ գերմանական «Ֆոկուս» ամսագրում: Ի. Գավրիլովը մասնակիցներին ներկայացրեց լուսանկարչական իր փորձը, Ռ. Մանգասարյանը՝ այս ծրագրի ընդհանուր նպատակը: Լուսանկարիչ Գերման Ավագյանը երիտասարդ սերնդի ֆոտոլրագրողներին պատմեց խոշոր ֆոտոնախագծերի, դրանց ֆինանսավորման եւ իրականացման ձեւերի մասին: «Մեր ճանապարհորդությունը ֆոտոլրագրողի համար ռեալ նյութ էր՝ սահմաններ, խոչընդոտներ: Մենք մեր մաշկի վրա զգում էինք այդ տարածաշրջանի մարդու առօրյա դժվարություններն ու խնդիրները: Սահմաններն անցնելիս մեզ «վերջին հրաժեշտի» հայացքով էին նայում, իբրեւ հետ չենք գալու: Պարզվեց, որ դրանք վատ կատակներ են, չափազանցված, որին հավատալով՝ մարդիկ սկսում են իրարից մեկուսանալ: Մենք այդ ճանապարհն անցնելով ցույց տվեցինք, որ չի կարելի մեկուսանալ, կարելի է հաղթահարել. այդ է նախագծի նպատակը, որը սկսվեց ռիսկային գոտում տարբեր երկրների ֆոտոլրագրողների ճամփորդությամբ եւ աշխատանքով»,- ասում է Ռ. Մանգասարյանը, որը միջազգային ֆոտոլրագրության բնագավառում ունի բազմամյա փորձ. աշխատել է Կենտրոնական Ասիայում, Միջին Արեւելքում եւ Կովկասում: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Լուսանկարը՝ Ռոսայեւա Յուլիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել