Լրահոս
Օրվա լրահոսը

Շահվերդյանցիները պատասխանում են

Հոկտեմբեր 08,2002 00:00

Շահվերդյանցիները պատասխանում են Կամ ճաշակին ընկեր չկա Վերջին շրջանում «Առավոտ» օրաթերթի էջերում տեղ գտած Խորեն Աբրահամյանի եւ Ծովինար Մարգարյանի «դժգոհությունները» մեկ անգամ եւս ապացուցում են, թե ինչ ծանր հետեւանքների է հասցնում ստեղծագործական ամլությունը։ Բոլորին է հայտնի, որ Խորեն Աբրահամյանի վերջին տարիների ստեղծագործական «գոհարը» «Խոր Վիրապ» ներկայացումն է, որի միակ անվիճելի «արժանիքը» վերջին տասնամյակի ամենաթանկ ծրագիր լինելու մեջ է։ Գաղտնիք չէ, որ Խորեն Աբրահամյանը իր «թագավորության» օրոք միայն իրեն հատուկ օժտվածությամբ կարողացավ ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որի արդյունքում թատրոնը լքեցին քսանից ավելի հայտնի արվեստագետներ, այդ թվում՝ նաեւ Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Ազատ Գասպարյանը։ Խորեն Աբրահամյանին հաջողվեց թատրոնը հասցնել այնպիսի վիճակի, որ հանրապետության կառավարությունը ստիպված եղավ դիմել պատմություն մեջ նախադեպը չունեցող քայլի՝ լուծարեց Մայր թատրոնը։ Վահե Շահվերդյանը Խորեն Աբրահամյանի ավերած թատրոնի փլատակների վրա սկսեց աշխատել, բայց չասաց՝ «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ»։ Ինչ վերաբերում է Շահվերդյանի «անատամ» ներկայացումներ անելուն («Դա մի անբարոյական թատրոն է, որն անատամ ներկայացումներ է բեմադրում, բողոքելով, թե հանդիսատես չունի», Խորեն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթ, 18 հուլիսի 2002), քանի որ մենք այդ «անբարոյական թատրոնի» «անատամ» ներկայացումների հերոսներին կերտողներն ենք, իր նախկին գործընկերները, փաստում ենք, որ ճաշակին ընկեր չկա. մեկը կարող է անթույլատրելի, հակաէսթետիկական լուծումներով՝ վարազի ժանիքներով հայոց թագավորին բեմ բարձրացնել, մյուսը իր «անատամ» ներկայացումներում ամեն ինչ չափի մեջ, գեղագիտական բարձր ճաշակով, ռեժիսորական հետաքրքիր լուծումներով հանդիսատեսին մատուցել ե՛ւ հայրենասիրություն, ե՛ւ սեր, ե՛ւ ցավ, ե՛ւ ուրախություն, վկա՝ «Հին աստվածներ», «Տրամվայ ցանկություն», «Բալի այգի» եւ այլ ներկայացումների լեփ-լեցուն դահլիճները։ Իսկ Անդրանիկի եւ Թումանյանի մասին ներկայացում բեմադրելու իրավունքը Շահվերդյանը վաստակել է դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղում կատաղի ճակատամարտեր էին մղվում, իսկ ինքը Ստեփանակերտի բեմում՝ ռմբակոծության եւ հրաձգության աղմուկի տակ, իր եւ դերասանների կյանքը վտանգելով՝ ներկայացնում էր Մուրացանի «Ռուզան կամ Արցախի դուստր» պատմական դրաման։ ճիշտ այդ ժամանակ ցրտից, մթից ու անհարմարություններից թատրոնը եւ Հայաստանը լքած Խորեն Աբրահամյանը Ամերիկայում դոլարներ էր հանգանակում իբր թե թատրոնի համար։ Թատրոնը վերանորոգվում է։ Հասկանալի է, որ նորոգված շենքը ախորժալի պատառ է դառնում։ «Փառք Աստծո, Քըրքորյանը փող է տվել։ Կեսը կուտեն, մի մասով էլ շենքը կվերանորոգեն»։- Խորեն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթ, 18 հուլիսի 2002թ.: Ուտելու սովոր Խորեն Աբրահամյանը մտահոգված է. հնարավորություն է ստեղծվում ուտելու, եւ ձեռքը կերակրամանին չի հասնում։ Ուզում ենք մխիթարել նրան. թատրոնը չի զբաղվում վերանորոգման ֆինանսական հարցերով։ Ինչ վերաբերում է Խ. Աբրահամյանին ձայնարկող Ծովինար Մարգարյանին, կարելի էր ընդհանրապես լռել, քանզի դերասանուհի բառը գրելուց առաջ պետք էր ճշտել, թե ընդհանրապես որեւէ դեր խաղացե՞լ է 50-ի սահմանագիծը արդեն հատած այդ դերասանուհին։ Ուզում ենք տեղեկացնել, որ Վահե Շահվերդյանը փորձել է նրան ներգրավել աշխատանքի մեջ՝ վստահելով մեկ երկրորդական եւ մեկ լուրջ դեր: Խորիկն ու Ծովիկը՝ ընդդեմ Սունդուկյանի թատրոնի. տարօրինակ դուետ։ Նաեւ՝ հասկանալի։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը եւ նրանց, ում հետ պատրաստ է այդ ճանապարհն անցնել։ Ցավալի է միայն, երբ ազգային մշակույթի երբեմնի ակնառու գործիչը ընտրում է զրպարտանքի ճանապարհը եւ հիվանդագին բավականություն է ստանում՝ ցեխաջուր լցնելով նախկին գործընկերների վրա։ Ի գիտություն Խորեն Աբրահամյանի՝ թատրոնը չի քայքայվելու ոչ ներսից, ոչ էլ դրսից. մենք թույլ չենք տա։ Մեր ստեղծագործական խումբը, արհամարհելով ամեն ինչ՝ հայտարարում է հանրապետության նախագահին, նախարարին եւ ժողովրդին. Վահե Շահվերդյանը այն մարդն ու բեմադրիչն է, ում հետ ուզում ենք աշխատել։ Նա դերասանին գնահատող, դերասանի հարգն ու պատիվն իմացող ռեժիսոր է, եւ փառք Աստծո, որ մեր գեղարվեստական ղեկավարը հենց ինքն է։ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել