Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականները կհայտնվե՞ն փողոցում

Հոկտեմբեր 11,2002 00:00

Փախստականները կհայտնվե՞ն փողոցում 1989թ. Լենա Ապրեսյանի ընտանիքն Ադրբեջանից բռնագաղթեց Հայաստան՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում: Նրանց ժամանակավորապես տեղավորեցին Նորք-Մարաշ համայնքի Ամառանոցային 123 հասցեում գտնվող շենքերից մեկում։ Այդ շենքերը գտնվում էին Երեւանի Էլեկտրացանց ՓԲԸ-ի ենթակայության տակ: 1994172ին Լ. Ապրեսյանի եւ փախստական երկու այլ ընտանիքի առաջարկեցին տեղափոխվել նույն հասցեում գտնվող մեկ այլ շենքի 3-րդ հարկի սենյակները: Երեք ընտանիքն էլ ընդունեց առաջարկը` միաժամանակ ստանալով ՀՀ Էներգետիկայի եւ վառելիքի նախարարության 1994թ. պարտավորագիրը, որտեղ նշված էր, որ փախստականներին այդ կացարանից վտարել կամ նրանց կացարանն ազատելու պահանջ կարելի է ներկայացնել միայն բնակարաններ տրամադրելու դեպքում եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փախստականները ստացան նաեւ բնակչության եւ միգրացիայի վարչության պետ Վ. Մովսիսյանի գրությունը, որով վարչությունը պարտավորվում էր 1995 թվականին Ապրեսյանների ընտանիքին հատկացնել Երեւանում ՄԱԿ-ի միջոցներով կառուցվող երկու սենյականոց բնակարան: 1999թ. պարզվում է, որ փախստականների զբաղեցրած տարածքն ունի սեփականատեր: 1999թ. փետրվարին Հայկուշ Գրիգորյանը «Երեւանի քարե բլոկներ կոմբինատ» վարձակալական ձեռնարկությունից գնել է Ամառանոցային 123 հասցեում գտնվող 1746 քմ տարածքը՝ այդ թվում նաեւ շենքի 3-րդ հարկը, որտեղ բնակվում են փախստական ընտանիքները: Նույն թվականի փետրվարի 16-ին Հայկուշ Գրիգորյանը անշարժ գույքի պետական կադաստրից ստանում է նշված տարածքի սեփականության վկայագիր: Այդ օրվանից տարածքի նոր սեփականատերը ամեն կերպ փորձում է իր սեփական տարածքից դուրս հանել փախստականներին: «Տանիքի շիֆերներն է քանդել, եւ անձրեւի ժամանակ ջուրը լցվում է սենյակները: Ջուրն է կտրում։ Շինարարական ավազը բերում ու լցնում է սենյակի մուտքերի առաջ: Սպառնում է, որ առանց զգուշացնելու մի օր էլ կգա, պատուհանները կհանի ու կսկսի իր շինարարական աշխատանքները։ Ամեն օր սպասում ենք նոր անակնկալի»,- պատմում է Լենա Ապրեսյանը: Հ. Գրիգորյանը դիմում է դատարան ընդդեմ Երեւանի Էլեկտրացանց ՓԲԸ-ի: 2002թ. հունվարի 7-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը որոշում է բավարարել Հ. Գրիգորյանի հայցը՝ վճռելով Ամառանոցային 123 հասցեում գտնվող շենքի նկուղային, 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերի 1746.8 քմ տարածքը Երեւանի էլեկտրացանց ՓԲԸ եւ նրա մասնաճյուղերի տիրապետումից ազատել եւ վերադարձնել Հ. Գրիգորյանին: Միաժամանակ դատարանը մերժում է Երեւանի Էլեկտրացանց ՓԲԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Հ. Գրիգորյանի, 1999թ.-ին վերջինիս ստացած սեփականաշնորհման վկայականն անվավեր ճանաչելու մասին: Սեպտեմբերի 19-ին Երեւանի Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ կրկին քննվեց «Հ. Գրիգորյանն ընդդեմ Էլեկտրացանց ՓԲԸ-ի» գործը, սակայն գործի քննությունը հետաձգվեց: Պատճառը բնակչության եւ միգրացիայի վարչության միջնորդությունն էր, որով վարչությունը խոստանում էր այս անգամ փախստականների համար համապատասխան կացարաններ գտնել Երեւանում (մինչ այդ Լ. Ապրեսյանին առաջարկում էին տեղափոխվել Աբովյան քաղաք, սակայն դա անհնար էր. Լ. Ապրեսյանը վաղուց աշխատում է Մատենադարանում: Նրա որդին եւս աշխատում է Երեւանում): Դատարանը միջնորդությունը բավարարեց եւ հետաձգեց դատական նիստը: Կարելի է հասկանալ Հ. Գրիգորյանի՝ իր սեփական տարածքը զբաղեցրած մարդկանց վտարելու ջանքերը։ Բայց մյուս կողմից չպետք է անտեսել փախստականների իրավունքները, որոնք բնակարանից վտարվելու դեպքում պարզապես կհայտնվեն փողոցում։ Իսկ այս ամենի մեղավորն իրականում միգրացիայի վարչությունն է, որը չի կատարել դեռեւս 7 տարի առաջ ստանձնած՝ փախստականներին բնակարանով ապահովելու պարտավորությունը։ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել