Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԲԵՐԵՔ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ՀԱՄԲԵՐԵՔ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐ Ընդդիմության կողմնակիցներին առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: -16-ի կուսակցություններից մեկի ղեկավարը՝ Արտաշես Գեղամյանը, հայտարարեց, թե միավորման գործընկերներից ոչ մեկի կարծիքն իր համար որոշիչ լինել չի կարող. անկախ ամեն ինչից՝ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Կանխատեսելի պահվածք էր ու, թերեւս, պիտի հաշվարկած լինեք նաեւ սեփական քայլե՞րը, որ դժվարություններ չառաջանան 16- ի հեռանկարի առումով: – Առաջադրվելու Արտաշես Գեղամյանի հաստատակամությունն առաջին իսկ օրից ակնհայտ էր: Զարմանալու բան չկա: Տեսականորեն քննարկման ենթակա է միասնական թեկնածուի ցանկացած, այդ թվում եւ՝ Գեղամյանի տարբերակը: Բայց ընտրական տեխնոլոգիաներն այն թեմաները չեն, որոնց շուրջ կարելի է առանձնապես բաց խոսել լրատվամիջոցներով: 16-ի հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որոնց շրջանակից դուրս գալ չեմ կարող: Իշխանական թիմն իր թեկնածուով հստակ ձեւավորված է, իսկ ընդդիմության թիմը բաժանված է եւ չի ներկայանում սեփական թեկնածուով: Այս դեպքում իշխանական թեւի «կրակոցները» կարծես ապարդյուն են. ո՞ւմ դեմ են պայքարում: Եվ երբ լինի այդ միասնական թեկնածուն (իսկ նա կլինի անպայման), արդեն շատ բան փոխված կլինի: Այդ սյուրպրիզը շատ կլրջացնի իրավիճակը: – Տեղեկատվության արտահոսք եղավ, թե միասնական թեկնածուին որոշելու համար անգամ քննարկվել է հանրահավաքում առավելագույնս շատ ծափեր ստացած գործչին ընտրելու տարբերակը: Առաջիկա հանրահավաքում գործադրվելո՞ւ է ընտրության այդ մեխանիզմը: – Անձամբ ես նման ամբոխահաճո, 14 տարեկանի պատկերացումներով ձեւավորված մոտեցումներին դեմ եմ: Ծափահարելով կամ չծափահարելով չի որոշվելու միասնական թեկնածուն: Եվ երբեւէ չի էլ եղել նման որեւէ պայմանավորվածություն: Չեմ պատկերացնում՝ եթե մենք մեր կուսակիցներին ասենք, որ հենց Ալբերտ Բազեյանը հայտնվի՝ շատ ծափ տվեք, դրանից կավելանա՞ նրա վարկանիշը: Այդպես եթե դատենք՝ ամենաշատը ծափահարում են Ռոբերտ Քոչարյանին: – Այնուամենայնիվ, որոշակի նախանշաններից կարելի է կռահել նախընտրությունները: Ասենք, Դուք թեեւ գրեթե չեք մասնակցում 16-ի միջոցառումներին, բայց մշտապես ներկա եք Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած քննարկումներին: Դա չի՞ վկայում, թե ում եք գերադասում որպես նախագահի թեկնածու: – Միանշանակ՝ ոչ: Մեր կուսակցությունում աշխատանքի բաժանում կա, եւ 16-ի մասով բոլոր գործողությունների պատասխանատուն եւ հիմնական մասնակիցը Վաղարշակ Հարությունյանն է: Ես, ճիշտ է, հանդիպում եմ քաղաքական դաշտում առկա հարաբերականորեն պասիվ կամ ակտիվ կուսակցությունների ղեկավարներին, բայց ավելի շատ զբաղվում եմ ներկուսակցական հարցերով: Ստեղծում ենք նախընտրական շտաբներ՝ 4 վայրերում արդեն գրասենյակներ ենք վերցրել, ունենք բազմաթիվ հաշվարարներ, որոնք տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ էլ աշխատանքներ կտանեն՝ կհաշվեն ընտրողների քանակը, մասնակցությունը, կփորձեն պարզել ապագա ընտրություններում նրանց տրամադրվածությունը, ինչ-որ չափով՝ նաեւ կքարոզեն մեր կուսակցությունը: – Իսկ որոշակի դիրքորոշում ունե՞ք 16-ի ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ: – Կարծում եմ՝ այդ հարցի վերաբերյալ լրագրողներդ շատ ավելի եք տեղեկացված, քան ես: – Այնուամենայնիվ, այդ հիմնադրույթներից մեկն, ըստ նախագծի, ազդարարում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումը, բայց որեւէ խոսք չկա եվրոպական կառույցներին ինտեգրվելու մասին: Նաեւ սա առիթ տվեց 16-ը բնորոշելու՝ իբրեւ ամբողջապես ռուսամետ ուժերի դաշինք: Համաձա՞յն եք այս բնորոշմանը: – 16-ի փոխարեն չեմ կարող պատասխանել: Բայց ինքս հակված եմ, որ մեր պետության քաղաքականությունը լինի միանշանակ հայամետ, բխի Հայաստանի շահերից, մեր երկիրը տարածաշրջանում ունենա իր ուրույն դերը եւ, եթե ոչ՝ առաջինը, գոնե չլինի վերջինը, ինչը, դժբախտաբար, այդպես է այժմ: – Անդրադառնանք այն ոլորտին, որով զբաղվում եք: Նշել էիք, թե տիրապետում եք ընտրակեղծիքները կանխելու բոլոր մեխանիզմներին: Որո՞նք են դրանք: – Այդ մեխանիզմը հիմնականում ընտրական տեղամասերից մինչեւ ԿԸՀ գործունեությունը վերահսկելու մեջ է: Նախ պիտի հաշվարարների միջոցով ստուգենք ընտրողների քանակը, պարզենք, թե ովքեր Հայաստանում չեն: Սա մենք արդեն անում ենք հենց տեղական ինքնակառավարման մարմինների ցուցակների հիման վրա: Նախագահական ընտրությունների շեմին, երբ կփոխվեն ցուցակները, նորից կանենք այդ աշխատանքը: Սա թիվ մեկ խնդիրն է, քանի որ ակնհայտ է, որ մարդահամարի տվյալներն ուռճացված են: Հիմնական խախտումները կատարվում են պասիվների, ընտրություններին չմասնակցողների քվեների շնորհիվ: Եվ այս առումով էլ մինչեւ ընտրափուլը կանենք ամեն ինչ, որ հասարակությունը հնարավորինս ակտիվանա եւ մասնակցի ընտրություններին: Կա նաեւ համակարգ, որով հավաքված տեղեկատվությունը ժամանակին տեղ է հասցվելու: Վստահեցնում եմ՝ մինչեւ թվերը մարզայինից հասնեն ԿԸՀ՝ մենք Երեւանում արդեն կունենանք յուրաքանչյուր գյուղի, ընտրատեղամասի տվյալները եւ ընտրական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: – Վերլուծաբանները 16-ի մի զգալի մասը համարում են բալաստ եւ առաջարկում, որ «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն ավելի ուժեղ դաշինք կազմեն, որպես լիակատար իրավահաջորդ՝ ընտրելով «Միասնություն» անվանումը: Ի՞նչ ունեք հակադրելու այս մոտեցմանը: – Ոչինչ չունեմ հակադրելու: Արձանագրեմ, որ, այո՛, ՀԺԿ-ն մեր ամենամոտ գործընկերն է, եւ քաղաքական գործընթացներում որեւէ բան բացառված չէ: Բայց, դարձյալ վերադառնալով ընտրական տեխնոլոգիաներին՝ պիտի ասեմ, թե չեմ համարում, որ հիմա է այն ժամանակը, երբ պետք է բացահայտել գործընթացների նախատեսվող ցանկը: Առնվազն մի քիչ համբերություն է պետք՝ մինչեւ նոյեմբերի վերջը եւ, կարծում եմ, որ ընդդիմադիրներին հետեւող ու համակրող մարդիկ կունենան ուրախանալու առիթներ: Կարծում եմ, որ այդ ժամանակ ես էլ կսկսեմ կատակներ անել որոշ թեմաներով: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել