Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Նոյեմբեր 14,2002 00:00

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ «3-4 տարի առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսներում ես բավականին խիստ էի արտահայտվում, նշելով, որ հասարակ մարդիկ մասնակցություն են ունենում այս ծրագրին, իսկ մեր գործարարները պասիվ են։ Բայց պետք է ասեմ, որ վերջին 2,5 տարվա ընթացքում հայաստանցի գործարարների շրջանում շարժ է սկսվել։ Այս տարի մենք դատարկ ձեռքերով չենք գնում Սփյուռքի մեր գաղութները, այլ բաց ճակատով»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի այս խոսքն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի շրջաններն իրար կապող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ծրագրին, ինչպես նաեւ առաջիկայում Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում անցկացվելիք հեռուստա եւ հեռախոսամարաթոններին։ Ըստ պրն Տեր -Ղեւոնդյանի, հանդիպում կկազմակերպվի նաեւ ղարաբաղցի գործարարների հետ։ Գործադիր վարչության տնօրենը հույս հայտնեց, որ նրանք եւս ակտիվ մասնակցություն կցուցաբերեն։ «25 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրից դեռեւս 18 մլն դոլար պետք է հանգանակենք, որ ծրագիրն իրականացնենք։ Ավտոմայրուղին ամբողջացնելու համար անհրաժեշտ է կառուցել եւս 4 հատված՝ հարավային եւ երեքը՝ հյուսիսային ուղղություններով, 130 կմ ընդհանուր երկարությամբ»,- ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Ըստ նրա, այսօր իրենց 3 հոգանոց պատվիրակությունը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, կմեկնի Ֆրանսիա, այնուհետեւ ԱՄՆ։ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ավտոմայրուղու ծրագրով իրականացրած գործերը նախ ներկայացվեց տեսաֆիլմով, ապա՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցվելիք հատվածների նախահաշիվը։ Ըստ Վահան Տեր-Ղեւոնդյանի, նախագծված եւ ներկայումս կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին անցնում է ԼՂՀ բոլոր 5 շրջաններով եւ Ստեփանակերտի մատույցներում հանգուցվում Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն։ Այն ապահովելու է թե ներքին հաղորդակցությունը, թե առանձին շրջանների կապը Հայաստանի Հանրապետության հետ։ Նշյալ ավտոմայրուղին անցնում է Ղարաբաղի ավելի քան 20 բնակավայրերով եւ մոտենում է 100-ից ավելի բնակավայրերի, որոնց առավելագույն հեռավորությունը մայրուղուց 10-20 կմ է։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930