Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինը բողոքում է հոգեբանական բռնությունից

Նոյեմբեր 26,2002 00:00

Հայ կինը բողոքում է հոգեբանական բռնությունից Իսկ ֆիզիկականի մասին նա լռում է Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը Կովկասում հայտարարված է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ: Այն առաջին տարածաշրջանային քարոզարշավն է համաշխարհային «Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի» շրջանակներում, եւ Ազգային համակարգող կոմիտեների ջանքերի շնորհիվ այն տարածում է գտել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: 1989 թ. 14 կանադացի ուսանողուհիներ սպանվել էին միայն այն պատճառով, որ ուզում էին դառնալ ինժեներ: Այս գործողությունը պատճառ դարձավ 2 համաշխարհային քարոզարշավների՝ «Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» եւ «Սպիտակ ժապավենի քարոզարշավ», որ կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: Կանանց դեմ բռնությունների պայքարի օրվա՝ նոյեմբերի 25-ի կապակցությամբ, ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նրա խոսքերով, կանանց դեմ բռնությունը համաշխարհային համաճարակ է. աշխարհում 3 կանանցից 1-ը իր կյանքի ընթացքում ծեծի կամ բռնության է ենթարկվում: Ամեն տարի 4 միլիոն կանայք եւ աղջիկներ ենթարկվում են թրաֆիկինգի (աշխարհում մարդու իրավունքների մեծագույն խախտում): Դեռեւս 98 թ. ՀՀ կառավարությունը մշակել էր ազգային ծրագիր, որն անդրադառնում էր նաեւ կանանց նկատմամբ բռնություններին: Այն ժամանակ մշակվեց հայեցակարգ բռնության վերացման վերաբերյալ, բայց քանի որ հստակ տվյալներ չկային, այդ հայեցակարգը կառավարության կողմից չընդունվեց: Հաջորդ քայլը ընտանիքի հայեցակարգն էր, որտեղ մշակվեց մի ամբողջ բաժին՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Դա էլ առանձնապես հաջողություն չունեցավ: Հիմա կառավարությունում է 2002 թ. մշակված «Բնակչության սեռական աջակցության մասին» օրենքը, որտեղ առաջին անգամ հստակ ձեւակերպվել է, թե ինչ է բռնությունը: Մինչ այդ մենք նման սահմանում չենք ունեցել: Օրենքում նաեւ ներկայացված են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք համապատասխան սոցիալական ծառայության, համայնքային կենտրոնները պետք է իրականացնեն: «Սա եւս մեկ հնարավորություն է, որպեսզի հասարակությունը ուշադիր լինի եւ նպաստի այս օրենքի ընդունմանը եւ կիրարկմանը»,- ասաց սոցապնախարարության ներկայացուցիչը՝ կանանց հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների երեկ հրավիրած ասուլիսում: Համալսարանական կրթություն ստացած կանանց հասարակական կազմակերպությունը հարցումներ է անցկացրել Հայաստանի կանանց շրջանում, եւ կանայք ավելի շատ մատնանշել են հոգեբանական բռնությունների դեպքեր, քան ֆիզիկական: Անշուշտ, հարցման շրջանակից դուրս է մնացել Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցը: Վերոնշյալ կազմակերպություններին հիշեցնենք, որ այս դպրոցում գիշերային դայակի կողմից սեքսուալ բռնությունների են ենթարկվել առաջին, երկրորդ եւ չորրորդ դասարանի աշակերտուհիներ: Եվ գոնե ապացուցելու համար, որ կազմակերպվող նմանատիպ միջոցառումները ձեւական բնույթ չեն կրում, այս կազմակերպություններին առաջարկում են իրենց մասնակցությունը ցուցաբերել՝ այս դեպքի մեղավորին պատժելու հարցում: Գործը հավանաբար դատարան կմտնի դեկտեմբերի սկզբին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել