Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ 50 ԴՈԼԱՐԸ

Նոյեմբեր 29,2002 00:00

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ 50 ԴՈԼԱՐԸ «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը ակադեմիկոսներին 50 դոլար է խոստացել։ Ոչինչ չտալուց լավ է։ Հատկապես նախագահական ընտրությունների շեմին։ Վաղը հայտնի ծխախոտագործը ակադեմիկոսներին կպարտավորեցնի իրենց ձայնը տալ «սիրելի նախագահի» օգտին, քանզի ո՞վ ասաց, որ իր գործարանների աշխատողները եւ «պայմանագրային ծխախոտագործներն» ավելի մեծ գումարներ են ստանում «սիրելի բարերարից»։ Առնվազն, ո՞վ ասաց, որ 4+30 հազար աշխատակիցները, որոնք, ըստ պարոն Վարդանյանի, իրենց ձայնը պետք է տան գործող նախագահին, ակադեմիկոսներից լավ են ապրում։ Բայց սա ամենաէականը չէ։ Էականն այն է, որ իշխանություններն այսօր ոչինչ չանող կամ որեւէ իդեա իրականություն չդարձնող ակադեմիկոսին դրել են մի վիճակի մեջ, որի շնորհիվ նա մնացել է Հրանտ Վարդանյանի 50 դոլարի հույսին։ Ամեն ինչ արել են, որպեսզի բիզնեսմենն ակադեմիկոսի աչքին դառնա բարեգործ։ Իսկ այն, որ ակադեմիկոսն իր գիտական որեւէ հայտնագործությամբ կարող է նույնիսկ Աստծուն իրականություն դարձնել, որի բարեհաճությունը պիտի վայելի Հրանտ Վարդանյանը, ակադեմիկոսի բարեգործությունը չէ ոչ միայն ծխախոտագործին, այլեւ ամբողջ աշխարհին։ Մյուս կողմից, ի՞նչ է արել Հայաստանի ամենաերիտասարդ ակադեմիկոսը, որպեսզի 34 հազար ծխախոտագործի կամ հրուշակեղեն արտադրողների գոնե կեսը աշխատեին ոչ թե պարոն Վարդանյանի 25-30 հազար դրամ աշխատավարձ ապահովող հիմնարկում, այլ «այսինչ գիտահետազոտական ինստիտուտի» փորձագիտական աշխատասենյակում, որտեղ կատարվող գիտական ուսումնասիրություններին վաղուց սպասում էր ողջ աշխարհը։ Որովհետեւ, եթե քաղաքացին մնացել է Հրանտ Վարդանյանի 25 հազար դրամի հույսին, ուրեմն ակադեմիկոսն իբրեւ գիտական անձ, գոյություն չունի եւ Հրանտ Վարդանյանը ֆինանսավորել է բացարձակապես ոչինչ չանող մարդկանց մի հսկա խմբի եւ մենք գործ ունենք իսկական բարեգործի հետ։ Քանզի 50 դոլարը հաստատ չի խթանելու ակադեմիկոսների միտքը։ 50 դոլար ձեռքին ունենալով, մեր ակադեմիկոսներն անկասկած չեն զբաղվի քաղցկեղի բուժումը գտնելով կամ վերջերս Երկրին սպառնացող Սեւ խոռոչի դեմն առնելով։ Նշանակում է, որ նրանք պարզապես 50 դոլար են ստանալու, շարունակելու են մնալ ակադեմիկոս, բայց էլի մեկը պիտի մի 50 դոլար տա նրանց, որպեսզի ակադեմիկոսների միտքը գիտությունների թեկնածուի մտքից առաջ ընկնի։ Հայտնի է, որ անկախությունից ի վեր, մեր երկրում ոչ մի ակադեմիկոս սովից չի մեռել։ Չհավատաք։ Չեն թողնի։ Ի վերջո, նրանք հո էդմոն Ավետյան կամ էդուարդ Աթայան չե՞ն։ Մեր իշխանությունների համար մեծ տարբերություն կա էդմոն Ավետյանի եւ ակադեմիկոս էդմոն Ավետյանի միջեւ։ Մեր ակադեմիկոսները նախագահ ունեցող, Ֆադեյ Տաճատիչ հանդուրժող մարդիկ են։ Նրանք մտնում են Գիտությունների ազգային ակադեմիայի շենք, ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են, թե ի՞նչ եղան իրենց աշխատավարձերը։ Իսկ աշխարհն զբաղված է Սեւ խոռոչով, որի պայթյունից, ըստ ֆիզիկոս Սթիվըն Հոքինգի, ձեւավորվել է Գալակտիկան։ Ոնց որ թե։ Հրանտ Վարդանյանն, ուրեմն, ուզում է, որ մեր ակադեմիկոսները լավ ապրեն։ Սիրտը ցավում է նրանց համար։ Ուզում է, որ սիրեն երկիրը։ Ուզում է, որ այս երկիրը սիրեն գոնե հիմա։ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Շատ չեն, ախր։ Ընտրազանգված չեն։ Վստահելի ձայներ չեն։ Մոտավորապես այնքան են, ինչքան Հայրենական մեծ պատերազմի վետերանները, որոնք երկրին տվել են բիզնեսով եւ գիտությամբ զբաղվելու խաղաղ օրեր։ Մոտավորապես այնքան են, ինչքան կույրերը, որոնք ոչ մի բարեգործի չեն ճանաչում։ Չի ստացվում։ Անունով գիտեն, ձեռքը մեկ172մեկ սեղմում են, բայց չեն ճանաչում։ Իսկ ի՞նչ է կատարվել իրականում։ Ընդունենք, թե երկրի գլխավոր ծխախոտագործի բարեգործությունը նախընտրական չէ։ Մանթաշովական է։ Ուրեմն, Հրանտ Վարդանյանը մեր երկրում ձեւավորում է ակադեմիկոսներին 50 դոլարով լավ նայելու մշակույթ։ Ուրեմն, մեր ակադեմիկոսների ամբողջ ծառայությունն այս երկրին այն է, որ այս հողի վրա կա մեկը, որն իրենց գոյության պայմանները կարող է տեղավորել 50 դոլարի մեջ։ Մեր ակադեմիկոսների օրինակով ցույց տրվեց մեր երկրի սպառողական զամբյուղի հնարավորությունները։ Իբր, ժողովուրդ, տեսեք, թե ակադեմիկոսներն ինչպես են յոլա գնում 50 դոլարով։ Եթե վաղը խիստ խոստումնալից որեւէ գիտնականի փորձեն ակադեմիկոսի կոչում տալ, կարո՞ղ է չհիշել, որ այդ կոչումով մարդիկ 50 դոլար են ստացել առողջության համար վտանգավոր մի ինդուստրիայի ղեկավարից։ Իսկ ես իրականում ցավում եմ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Հրանտ Վարդանյանը նրա ընտրվելու շեմին մեր ակադեմիկոսների ամբողջ բանակը դարձրեց 50 դոլարանոց գոյության ռահվիրաներ։ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել