Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Դեկտեմբեր 03,2002 00:00

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Քոչարյանն այն ստացել է, երբ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը «նախկինների» թվում էր Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին «Օրինաց երկրի» որոշումն այդ կուսակցության համագումարում ընդունվեց հոտնկայս ծափահարություններով եւ «Հաղթանակ «Օրինաց երկրին» կարգախոսի ներքո, թեեւ, մեղմ ասած, անհասկանալի էր, թե Քոչարյանի պաշտոնավարության երկարաձգումը եւս 5 տարով հատկապես ինչով է հաղթական լինելու այդ կուսակցության համար, մանավանդ որ Ռ.Քոչարյանի պաշտոնավարության՝ դեռ 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, «ՕԵ» նախագահ Արթուր Բաղդասարյանի խոստովանությամբ, երկրի «ողջ պետական մեքենան, բոլոր կուսակցական եւ վարչական լծակներն օգտագործվեցին «ՕԵ»-ի դեմ՝ խանգարելով նրա մուտքը խորհրդարան: Օգտագործվեցին տարբեր տեսակի արատավոր մեթոդներ, ընտրական տարաբնույթ ճնշումներ եւ զեղծարարություններ՝ արդյունքում առնվազն 15 հազար քվեով պակասեցնելով «ՕԵ»-ին տրված ձայները»: Բայց Ա.Բաղդասարյանը, թերեւս, երաշխիք ունի, թե այս անգամ այլ կերպ կլինի ու, գուցե հենց դրանով է պայմանավորված Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու, ինչպես Ա.Բաղդասարյանը կասեր՝ «ծանրակշիռ եւ շրջադարձային» որոշումը: Նա նաեւ փորձեց բացատրել Քոչարյանին պաշտպանելու դրդապատճառները ու նույնիսկ չնկատեց, որ գործող նախագահի օգտին թվարկած «պլյուսներն» ավելի ուշ հենց ինքն ուղղակի ի չիք դարձրեց, երբ մատնանշեց կառավարման համակարգում տեղ գտած արատավոր երեւույթները՝ «տնտեսական ազատականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին զուգահեռ՝ միաժամանակ ակնհայտ է, որ իշխանական լծակները կիրառվել են տնտեսության ոլորտում սեփական կլանային մենաշնորհների հաստատման, սեփականաշնորհման մեխանիզմներում նեղ, խմբակային շահերին հարմարեցման եւ առանձին ուղղություններով հանրապետության արտադրական ներուժի տարրալուծման եւ հանցավոր յուրացման ուղղությամբ», կամ՝ «պաշտոնական տեղեկատվությամբ մատուցվող սոցիալ-տնտեսական թվացյալ կայունությունը չի համապատասխանում իրականությանը, եւ բնակչության գերակշիռ մեծամասնության սոցիալական վիճակը մնում է ծայրաստիճան ցածր: Լուրջ չափերի է հասել կապիտալի արտահոսքը, ինչը կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Խրոնիկական է դարձել զգալի ուշացումներով առանց այն էլ աղքատիկ կենսաթոշակների, նպաստների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարումը», «պետական կառավարման համակարգում կոռուպցիան խորանում է, օրինազանցություններն անպատիժ են մնում»: Գուցե սա էլ մատնանշվեց հենց այնպես՝ զուտ այն պատճառով, որ «ՕԵ» ընտրազանգվածը հանկարծ չմտածի, թե վերջինս այլեւս անելիք չունի: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ 98-ին ստացած ժառանգությանն ու գործունեության «պլյուսներին», ապա՝ Ա.Բաղդասարյանի պնդմամբ, այդ ժառանգությունը «ծանր» է եղել. «փլուզված տնտեսություն, կլանային համակարգ եւ կոռումպացված իրականություն», որն, ի դեպ, նրան բաժին է ընկել ճիշտ այն ժամանակվանից ի վեր, երբ Ա.Բաղդասարյանը «Հանրապետություն» խմբակցության պատգամավոր էր կամ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ: «27»-ի ոճրագործության հետեւանքով, ըստ Ա.Բաղդասարյանի, «ստեղծվեց ներհասարակական եւ ներիշխանական ճգնաժամ», «յուրաքանչյուր քայլափոխում հնչում էին նախագահի հրաժարականի պահանջներ, ինչը կնշանակեր քաղաքացիական պատերազմ եւ կործանում: Նման ավերիչ ցնցումից հետո առնվազն մի տեւական ժամանակ էր հարկավոր ուշքի գալու եւ զարգանալու համար»,- հպարտացավ Ա.Բաղդասարյանը՝ նկատելով, թե այդ մթնոլորտում «անհրաժեշտ էր մի ղեկավար, որն ի զորու էր ստանձնել այդ պատասխանատվությունը, տեր կանգնել երկրին եւ ժողովրդին: Քոչարյանը կարողացավ իրեն դրսեւորել այդպիսին»: Նախագահի պաշտոնավարության բուն գործընթացի՝ 2001-ի սկզբի ընթացքում միայն, ըստ «ՕԵ» նախագահի, «Քոչարյանին հաջողվեց կասեցնել երկրի համար վտանգավոր զարգացումները, տարաբնույթ զինված խմբերի եւ իշխանություն ներթափանցած քրեական տարրերի առաջընթացը»: Նա չասաց, թե ի՞նչ զինված խմբերի եւ ի՞նչ քրեական տարրերի մասին է խոսքը, որոնց առաջընթացը Քոչարյանն, իբր, կանխել է: Արդյո՞ք խոսքը վերջինիս օրոք ստեղծված մի քանի «հրացանավորների» կամ երկրապահատիպ կազմավորումների՝ ԱՎՄ-ի, «Հատուկ ջոկատի» եւ այլնի ստեղծման կամ նախագահի թիմում սեփական կուկույատիպ կրիմինալ տարրերին սանձելու մասին էր: Քոչարյանի «պլյուսների» թվին դասվեցին «ներքաղաքական համակարգի կայացումը»՝ թերեւս, արհեստականորեն ներմուծված պառակտումների տեսքով, վարվող «հավասարակշռված արտաքին քաղաքականությունն» ու մասնավորապես ՌԴ-ին 100 մլն պարտքի դիմաց հանձնված ձեռնարկությունների հանձնումը եւ այլն: Այս «պլյուսներն» առաջիկայում, թերեւս, ավելանան, եթե, իհարկե, Ռ.Քոչարյանը 2003-ին ընտրվի նախագահ եւ «զինվի» «Օրինաց երկրի» ներկայացրած, ինչպես Ա.Բաղդասարյանն ասաց, «ռամկավարական» ծրագրերով, որոնք այս կուսակցությունն առանձին փաթեթով «օժիտ» կտա իր թեկնածու Քոչարյանին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել