Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԺԱՄ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ

Դեկտեմբեր 06,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԺԱՄ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ Վստահ չենք, որ այդ մասին տեղյակ է ինքը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց այնուամենայնիվ, այդպես էին պնդում Հայաստանի ժողովրդավարական ազատական միության 2-րդ համագումարի պատվիրակները: ՀԺԱՄ վարչության փոխնախագահ Գագիկ Հովհաննիսյանը, երբ արդեն հրապարակվել էր համագումարին Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը, ազդարարեց. «Այս ուղերձն, ինձ թվում է, թե գրել է մի մարդ, որը խոր կերպով ընկալել է ՀԺԱՄ-ի գաղափարախոսությունը եւ պատրաստ է իրականացնել ՀԺԱՄ-ի քաղաքական կուրսը»: Հիշեցնենք, որ այս կուսակցությունն առաջացել է ԱԺՄ-ի (հիմնականում դրա՝ պետական գույքի կառավարման նախարարությունում երկրորդական-երրորդական պաշտոններ ունեցողների) հենքի վրա: Եվ երբ նրա, ինչպես նաեւ՝ Կոմկուսի, ՀԺԿ-ի պառակտումների ժամանակ մեկնաբանվում էր, թե պատճառը կուսակցություններում առկա իշխանամետ եւ ընդդիմադիր թեւերն են, եւ այդ կառույցները տրոհվում են ոչ առանց իշխանությունների «աջակցության»՝ արվում էին ժխտելու փորձեր: Սակայն այժմ բոլոր այդ տրոհված բեկորների գործիչները պատվավոր տեղեր են զբաղեցնում Քոչարյանի թեկնածությունն առաջադրող քաղաքացիների հավաքներում եւ մեկը մյուսի ետեւից հանդես գալիս սատարման համագումարներով: Երեկ ՀԺԱՄ փոխնախագահ, պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանն ասենք, գործող նախագահին պաշտպանելու համար կրկնեց Վարդան Օսկանյանին՝ պնդելով, թե «տեսնում են մեր երկրի ապագան՝ այսօր ընթացող կուրսի շարունակականության մեջ»: Եթե այդ շարունակականությունն այդքան կարեւորվում է՝ գուցե արժե՞, որ Հայաստանն անցնի միապետության, Քոչարյանը դառնա թագավոր եւ վերացվեն ընտրությունները: Առավել զարմանալի էր, որ աժմական փոթորկուն անցյալ ունեցող Գագիկ Հովհաննիսյանը երեկ պնդում էր, թե անհրաժեշտ է քաղաքական կայունություն. «Դրա համար մենք ընդդիմանալու ենք հասարակությունը պառակտող առճակատումների ու հակամարտություններ հրահրող ամեն մի դրսեւորման: Մենք ձգտելու ենք կառուցողական համագործակցության՝ իշխանության բոլոր ճյուղերի հետ»: Երբեմնի ընդդիմադիրներից իշխանամետ դառնալով՝ ՀԺԱՄ-ը դրամական միջոցների առումով թերեւս առանձնապես չի նեղվում, ուստի եւ իր համագումարն անցկացնելու համար կարողացել էր վարձել «Մոսկվա» կինոթատրոնի թանկարժեք դահլիճը. դրա պատճառով չեղյալ էին հայտարարվել 3 կինոսեանսներ: Նախօրեին էլ ՀԺԱՄ-ին տրամադրվել էր Մարզահամերգային համալիրի դահլիճը՝ շրջանցելով կուսակցություններին դահլիճներ չտրամադրելու վերաբերյալ մշակույթի նախարարի հրամանը: Համագումարին իր ուղերձում պաշտպանյալ Քոչարյանը գնահատանքի խոսքեր էր ասել միջին խավ ձեւավորելու ուղղությամբ ՀԺԱՄ-ի քայլերի հասցեին: Դահլիճում փակցված կարգախոսի վրա հենց այդպես էլ գրված էր՝ «Ձեւավորենք միջին խավ»: Որքան մեզ հայտնի է, Հայաստանում բնակչության 80%-ից ավելին կազմող չքավորներից միջին խավ ձեւավորել՝ կուսակցությունների որոշումներով կամ գործունեությամբ չէ, որ հնարավոր է: Բայց եթե ՀԺԱՄ-ի պես հզորն (իրենց պնդմամբ՝ Հայաստանում գործող 4-5 հզոր քաղաքական կազմակերպություններից մեկն են) է դա հռչակել իր նպատակը՝ մեկ էլ տեսար, ստացվեց: Ըստ հայտարարվածի՝ սկզբնական 600-700-ի փոխարեն՝ ՀԺԱՄ-ն այժմ իր շարքերում միավորում է ավելի քան 10 հազար հոգու, եւ համագումարի մանդատ էր տրվել 20 հոգուց միայն մեկին: Բայց ազդարարվեց, որ միայն Կենտրոն համայնքում այս կուսակցությանն անդամակցում է 500 հոգի, եւ քիչ անց էլ պարզվեց, որ համագումարում Կենտրոնը ներկայացված է 45 պատվիրակներով: Ուստի մնում է եզրակացնել, որ այսուհետ՝ 45×20=500-ի, քանի որ ոչ մի կերպ հնարավոր չէ, որ նման լուրջ կուսակցությունը դիմի իր թվաքանակն ուռճացնելու էժան հնարքների: ՀԺԱՄ վարչության նախագահ Սեյրան Ավագյանի հաշվետվությունն իրենց մեկ տարվա գործունեության վերաբերյալ մի պահ հիշեցրեց հայտնի ֆիլմից «ՁպՎ ՉՐպՎպվպՎ, ՍՈՍ վՈՔՌ ՍՏրՎՌփպրՍՌպ ՍՏՐՏոսՌ ոՏՐՏջՊ255Ց ըՏսՖՔՏռ ՑպՈՑՐ» արտահայտությունը: Քանզի կուսակցության գործունեության մասին խոսելու փոխարեն՝ պրն Ավագյանն ասաց. «Մինչ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս միջազգային ասպարեզում որպես անկախ պետություն», եւ սկսեց երկար-բարակ խոսել Հայաստանում տեղակայված ռուսական բազաներից, ՌԴ-ՆԱՏՕ-ՀՀ փոխհարաբերություններից եւ այլն: Թերեւս սա ԱԺՄ-ից բերած «օժիտից» էր, քանզի Վազգեն Մանուկյանն էլ է սիրում իր ելույթները նվիրել համաշխարհային գործընթացներին եւ դրանցում մեր տեղին եւ դերին: Թե ինչպես է նույնը ստացվում Սեյրան Ավագյանի մոտ՝ դատեք հաշվետվության հետեւյալ հատվածներից. «Խնդիր ունենք, որ աշխարհը ճանաչի մեր դրամը… Ինչքան շատ երկրներում փոխարկելի դառնա մեր դրամը, այնքան մենք ավելի անկախ երկիր կլինենք»: Ահա այսպես, մինչ այլ կուսակցությունների համար հիմնախնդիր է ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը՝ ՀԺԱՄ-ը կարեւորում է դրամի ճանաչումը: Եվ ոչ միայն. «Մեր բաժնետոմսերի միջազգային ճանաչումն արդեն մեր հաջորդ հաջողությունը կլինի մեր անկախության կառուցման ճանապարհին»: Վերջապես հասնելով կուսակցության կատարած գործերին՝ պրն Ավագյանը հպարտությամբ նշեց, որ Մարզահամերգային դահլիճում իրենց հավաքի վրա էր կենտրոնացել ամբողջ լրատվական դաշտը, դա վերագրելով սեփական կազմակերպական «լուրջ ռեսուրսին»: Մինչդեռ բացատրությունը դա չէ, այլ այն, որ մինչեւ քարոզարշավի պաշտոնական սկիզբն իսկ հեռուստաընկերությունները սկսել են գործող նախագահի քարոզումը: Եվ պատրաստ են Երեւանի թաղամասերից մեկում՝ Նոր Նորքում, ոչ խորհրդարանական ՀՌԱԿ-ի կառույց ստեղծելու միջոցառումն էլ լայնորեն գովազդել, ինչ է թե այդտեղ հերթական անգամ ազդարարվելու է, որ ՀՌԱԿ-ը, ինչպես միշտ, պաշտպանում է գործող նախագահին: Թող ՀԺԱՄ-ը հայտարարեր, թե պաշտպանում են այլ թեկնածուի, ասենք՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին, եւ կհամոզվեր, որ 1-2 հեռուստաընկերությունից բացի՝ ոչ ոք չէր անդրադառնա այդ հավաքին, անտեսելով կուսակցության «լուրջ ռեսուրսները»: Բայց հայտնի է, որ ՀԺԱՄ գործիչներն ԱԺՄ առաջնորդից չստացան այն, ինչ կարող են ստանալ Քոչարյանից: Եվ իզուր չէր, որ ՀԺԱՄ վարչության անդամ Վահրամ Մկրտչյանը որեւէ թեկնածուի պաշտպանությունը որակեց «շահագրգիռ ամուսնության պես մի բան»: Շահագրգռությունները պարզորոշ ուրվագծվում էին ելույթներում. ՀԺԱՄ-ն ակնկալում է իր խմբակցությունն ունենալ ապագա ԱԺ-ում: Եվ մնում է ցավակցել պրն Քոչարյանին՝ ինչպե՞ս է հնարավոր դարձնելու, որ իրեն բոլոր սատարողներն անցնեն 5%-ը, եւ բավարարելու այս բոլորի ախորժակը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել