Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների՞ն ինչի եք բերել»

Դեկտեմբեր 07,2002 00:00

«Լրագրողների՞ն ինչի եք բերել» ՀՀ նախագահի նստավայրի դիմաց երեկ բողոքի ցույց էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ, որոնք ներկայացան մեզ իբրեւ «Հրատարակիչ» սպառողական կոոպերատիվի անդամներ։ Նրանք դեռ չէին հասցրել սասանել նստավայրի պարիսպները, երբ հայտնվեցին ոստիկաններ եւ նրանց առաջարկեցին բարձրանալ քաղաքացիների նամակների եւ ընդունելության բաժին։ Նրանց ընդունել էր Աիդա Ասատրյանը։ «Հրատարակիչի» ներկայացուցիչների եւ աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցելու մեր փորձերն անհաջողության մատնվեցին, ավելին՝ քաղաքացիներին հանդիմանել էին՝ «լրագրողների՞ն ինչի եք բերել»։ Ցուցարարները հայտնել էին, որ իրենք 1990 թ. հունիսից հանդիսացել են «Հրատարակիչ 1» բնակշինկոոպի փայատեր։ Ըստ սենյակների քանակի՝ իրենք գումարներ են մուծել փայատերերին։ 1998 թ. Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի 5/1 շենքի 14 հարկանի կիսակառույց շենքը «լրակառուցելու» նպատակով նոր պայմանագիր է կնքվել, որի արդյունքում բողոքող քաղաքացիների (գումարը 90 թվականից մուծած) սեփականության իրավունքը փաստորեն չի ճանաչվում։ «Այսօրվա դրությամբ մենք որպես բնակարանների փայատերեր կանգնում ենք ոչ միայն բնակարանները կորցնելու վտանգի առջեւ, այլեւ մեր վճարած գումարների փոշիացման վտանգի առջեւ»։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ այս տարվա նոյեմբերի 18-ի դռնբաց նիստում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գոռ Հակոբյան) նստավայրի մոտ ցույցի ելածների (գործով՝ 15 հայցվորներ) պահանջը՝ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին, մերժել է։ Ցուցարարները դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան։ Երեկ նախագահական նստավայրում, սակայն, նրանց ցույց են տվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ «գործն ուղարկվել է դատախազություն՝ հանցակազմ լինելու» պատճառաբանությամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել