Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՆ ԵՆ

Դեկտեմբեր 13,2002 00:00

ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՆ ԵՆ Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական բաժնի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, որում տրվեց 2002թ. բաժնի գործունեության տեխնիկական հաշվետվությունը։ Բաժանմունքի պետ Կ. Դալլաքյանը մանրամասն թվական տվյալներ հաղորդեց այս մրցաշրջանում բարձրագույն, առաջին խմբի առաջնությունների, գավաթների խաղարկությունների մասին։ Մասնավորապես, ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից 12 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրել են 132 խաղ, որից միայն մեկն է անավարտ մնացել «Արարատի» մասնակցությամբ։ Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացել է 29 հանդիպում, գումարած մեկ խաղ էլ սուպերգավաթի համար։ Պրն Դալլաքյանը պարզաբանեց. քանի որ գավաթային հանդիպումները դասվում են բարձրագույն խմբի խաղերին, ուստի ընդհանուր առմամբ ստացվում է, որ այս խմբում իրենց բաժինը կազմակերպել ու անցկացրել է 162 խաղ։ Առաջին խմբում պլանավորված 240-ի դիմաց կայացել է 208 հանդիպում։ Դա պայմանավորված էր նրանով, որ այս խմբում ընդգրկված 16 թիմերից «Միկա-2»-ը եւ «Դինամո 2002»-ը առաջին շրջանի ավարտից հետո հրաժարվեցին մասնակցությունից, որի հետեւանքով չկայացավ 28 հանդիպում։ Երեքը չի կայացել ֆեդերացիայի նախաձեռնությամբ, այն թիմերի, որոնք չէին մուծել կանոնադրությամբ պահանջվող մուտքավճարը։ Այստեղ մեկ խաղ էլ խափանվել է «Շիրակ» ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի մեղքով, որը հայտարարել էր, թե կհրաժարվի առաջնությանը մասնակցելուց… Կ. Դալլաքյանը իր մտահոգությունը արտահայտեց առաջին խմբի հաղթող «Արմավիրի» ֆուտբոլիստների միջին տարիքի մասին։ Նրա հաշվարկներով, «Արմավիրի», որը հաջորդ տարի տեղափոխվելու է բարձրագույն խումբ, խաղացողների միջին տարիքը 27,6 է։ Եվ դա այն դեպքում, երբ երկրորդ տեղը գրաված «Արաքսը» գործնականորեն պատանեկան թիմ է։ Ու նաեւ հույս հայտնեց, որ ակումբի ղեկավարությունը թիմը երիտասարդացնելու ուղղությամբ քայլեր կկատարի։ Կ. Դալլաքյանը թվական տվյալներ հաղորդեց նաեւ մանկապատանեկան ու մինի ֆուտբոլի մասին՝ անդրադառնալով տարիքային տարբեր խմբերին, պատմեց, թե Հայաստանի առաջնությունները քանի մրցավար են սպասարկել, հանդիպումները որ ստադիոններում են ընթացել։ Այս մասին թվական տվյալները չենք ներկայացնում, որովհետեւ կարծում ենք, դրանք կհետաքրքրեն ավելի շատ վիճակագիրներին։ Ավելի հետաքրքիր ենք համարում բարձրագույն եւ առաջին խմբերում արձանագրված զգուշացումների թիվը՝ 780, որից բարձրագույն խմբին բաժին է հասնում 316-ը։ Միջին թվաբանականով մեկ խաղում ստացվում է մոտ երկու դեղին քարտ։ Մրցավարները ստիպված են եղել ֆուտբոլային առավելագույն պատիժ (կարմիր քարտ) կիրառել 55 անգամ։ Սրա մեջ մտնում է նաեւ երկու դեղին քարտը։ Սրանից բացի, ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն խաղի տեսագրությունը դիտելուց հետո տարբեր պատիժներ է կիրառել 9 անգամ, որոնք մրցավարը չի արձանագրել։ Մեկ պատժամիջոց սահմանվել է ՀՖՖ գործկոմի կողմից՝ «Արարատ» թիմի նկատմամբ։ Հաստատաբար, մարզական լրագրողներին ամենից ավելի ուրախացրեց այն, որ մարզական բաժնում ստեղծվել է տվյալների հարուստ բազա՝ հայկական ֆուտբոլին առնչվող ակումբների, դրանց ղեկավարության, մարզիչների, ֆուտբոլիստների եւ այլոց մասին։ Մնում է հուսալ, որ շուտով այդ ամենը կհայտնվի նաեւ ինտերնետում, որը, պարզապես, օրվա հրամայականն է ու անչափ կօգնի ԶԼՄ-ներին՝ իրենց աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել