Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ հետ եւ առանց ինձ

Դեկտեմբեր 20,2002 00:00

Ինձ հետ եւ առանց ինձ «Հայաստան Տեղեկատվություն» կենտրոնը օրերս տոնում էր «Նավասարդ» հին հայկական ամանորն ու կենտրոնի նոր տարածքի բացումը։ Ժամը 18-ին հրավիրված տեղացի եւ օտարերկրացի հյուրերն իրենց հրավերքի մեկուկես ժամն անցկացրին սպասումով՝ կենտրոնի ղեկավար Նինա Հովնանյանը հաճեց պատվել իր նախաձեռնած տոնակատարությունը 19.30-ին։ Մինչ այդ հրավիրյալներին բարձրախոսով խորհուրդ տվեցին ծանոթանալ միմյանց հետ, օգտվել «ֆուրշեթի» սեղանից, ինչպես նաեւ՝ գնումներ կատարել հայկական ձեռնարվեստի ցուցադրված նմուշներից։ Ներկայացված ասեղնագործ, փայտե, կավե ու արծաթյա իրերն ու զարդերը «վերնիսաժային» որակ ունեին ու աստղաբաշխական գներ։ Անսպասելի բարձր արժեք ունեին հատկապես ամենացածրարժեք իրերը՝ տրիկոտաժե վերնաշապիկներ (11-13000 դրամ), սովորական բացիկներ (1300 դրամ), մի-մի պտղունցով թեյախոտի հավաքածուներ (2500 դրամ), մի խոսքով, իրեր, որոնք սփռված են ամեն քայլափոխի՝ հնգապատիկ էժան գներով։ Այսինքն, «ամանորյա զեղչեր կամ նվերներ» երեւույթն այս կենտրոնում հարգի չէր։ Մինչ մեծահարուստ բարերար Վահագն Հովնանյանի դստեր (նույն ինքը՝ Նինա Հովնանյան) ժամանելը, հարցուփորձով տեղեկացանք, որ «Հայաստան Տեղեկատվություն» կենտրոնը գործում է արդեն մեկ տարուց ավելի, որ այն ծառայում է տուրիզմի զարգացմանը, այսինքն՝ կապավորի դեր է տանում տուրօպերատորների ու զբոսաշրջիկների միջեւ, այն էլ անվճար։ Ի դեպ, առայժմ՝ անվճար։ 2003 թվականի մարտին ավարտվում է USAID-ի դրամաշնորհը, ու եթե նոր դրամաշնորհ չտրամադրվեց՝ կենտրոնի ծառայությունը կդառնա վճարովի։ Իսկ առայժմ «Հայաստան Տեղեկատվություն»-ի ինտերնետային էջում շտապում են տեղավորվել գործող տուրիստական գործակալությունները, նաեւ՝ զբոսաշրջիկներին սպասարկելու հնարավորություն ունեցող այլ կազմակերպություններ, «Տաքսի-սերվիս»-ներից մինչեւ հյուրանոցային համալիրներ։ Հայկական էկոլոգիական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Դովլաթյանի հետ զրույցից հասկացանք, որ կենտրոնի «վեբ-սայթը» բավականին մեծ հետաքրքրություն ունի արտերկրում, քանի որ «ճիշտ է, բոլոր տուրօպերատորներն էլ ունեն իրենց ինտերնետային էջերը եւ ներկայացված են, բայց ո՞վ է այդքանի հետ ծանոթանալուն ժամանակ տրամադրում, առավել հեշտ է մեկ հավաքական սայթից տեղեկանալ՝ ինչ կա-չկա Հայաստանում»։ Վերջապես ժամանած «տանտիրուհին» էլ իր կարճ խոսքում նշեց, որ «37%-ով ա՛յս տարի տուրիզմն ավելացրինք, գալ տարին էլ 75%-ով պիտի բարձրացնենք»։ Հետաքրքրվեցինք, թե այդ տոկոսների մեջ բոլորովի՞ն դեր չունեն պետության «զբոսաշրջամետ» քաղաքականությունն ու տուրօպերատորների անհատական աշխատանքը։ Տիկին Նինան «լուսավորեց». «Բոլոր օպերատորները մեզ հետ են աշխատում, նրանց մարքեթինգը մենք ենք անում, ուրեմն սա մե՛ր աշխատանքի արդյունքն է»։ Առանց ամանորյա տոնական շնչի սովորական «ֆուրշեթային» շնորհանդեսն արագ կազմալուծվեց տոնակատարության «առաջին» տիկնոջ ժամանելուց մի քանի րոպե անց։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել