Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք գտնելու հույսով

Դեկտեմբեր 25,2002 00:00

Իրավունք գտնելու հույսով Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մենք անհանգստացած ենք Հայրենակցական միությունների խորհրդի նկատմամբ Հայաստանի իշխանական մարմինների վարած քաղաքականությունից։ Ազգային համարվող պետության մեջ թույլ է տրվել դրսեւորել նյութաշահ քմահաճ վերաբերմունք ազգային, պատմական մի կառույցի հանդեպ։ Վճիռ կայացնել՝ Հայրենակցական միությունների խորհուրդը վտարել աշխատանքային տարածքից, համազոր է՝ թե Հայրենիքից եւ ստիպել նրան ապաստան խնդրել այլ պետություններից։ Որքան էլ վճիռ հորինողները արդարանան՝ խնդիրը համարելով իրավական, կնշանակի՝ նրանք անհասու են ընկալելու իրողության տխուր հետեւանքները։ Վտանգավոր է, երբ հայրենի իշխանությունները եւ ազգային կառույցը կանգնում են դեմհանդիման։ Հակված ենք կարծելու, որ այդ հանդիպումը պատահական է։ Հայրենակցականությունը մեր հայրերի եւ մեր պատմությունն է։ Հայրենակցականությունը բնօրրանի մեր հիշողությունն է, վերադարձնողն է մեզ մեր ակունքներին։ Հայրենակցականությունը մեր միտքն ու հայացքը Հայրենիքից Բնօրրան – Հայրենիք ուղղող ուժն է։ Երբ այսօր Հայաստան պետության ազգային քաղաքականության կարեւոր խնդիրներից է ցեղասպանության հետեւանքով երկփեղկված հայության միասնությունը եւ համագործակցությունը վերագտնելը, երբ ցեղասպանությունը դարձել է պետության արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, երբ փորձ է արվում կառուցել Հայաստան172Սփյուռք կամուրջը, Հայաստանում պետական պատկան մարմինների դիրքորոշումը Հայրենակցական միությունների խորհրդի հանդեպ հակազգային է դիտվում։ Միասնության եւ համագործակցության լավագույն օրինակով է ներկայանում Հայրենակցական միությունների խորհուրդը, որը Հայրենի պետականության՝ որպես ազգային իղձերի միակ իրականացնող ուժի շուրջ միավորում է երկու տասնյակից ավելի հայրենակցական կառույցներ Հայաստանում եւ Սփյուռքում։ Հայրենակցական միությունները մեր պատմական հիշողությունը սերունդներին փոխանցող, մեր արյան կանչով արդար վրեժխնդրությունը մեր կրծքի տակ պահող, մեր գոյապայքարի պատմության վավերականությունը հաստատող, ազգակցին ազգին վերադարձնող հավաքատներ են։ Հայրենիքի կառավարությունը պարտավոր է աջակից լինել ազգային ավանդույթները պահպանող Հայրենակցական միությունների խորհրդին, որի համար Հայրենիքը կոնկրետ սահմաններ ունի, Հայրենիքը երբեք չի փոխարինվում, Հայրենիքը վեր է անձնական եւ խմբակային հարաբերություններից, Հայրենիքը չի չափվում, Հայրենիքին նվիրաբերվում են անհատույց։ Հայրենիքի կառավարությունը քաջատեղյակ պետք է լինի Խորհրդի՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը եւ բարգավաճմանն ուղղված գործունեության լայն հորիզոնին։ Հայրենակցական միությունների խորհրդի հորդորներով Հայրենիքում ներդրվել է 2.014.567 ԱՄՆ դոլար՝ մարդասիրական, կրթական, մշակութային, առողջապահական, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համար, Հայաստանի բյուջեին /1.002. 936 դոլար/՝ Մեղրու կամրջի կառուցման Հայաստանի կառավարությունից պահանջվող գումարը, նրա երաշխավորությամբ 80 տոննա հումանիտար բեռ՝ առողջապահության, պաշտպանության նախարարությունների, «Արցախ» կոմիտեի համար, իսկ Խորհրդի շուրջ համախմբված Միությունների քարոզչական ջանքերով՝ 7.157.920 ԱՄՆ դոլար, որով Արեւմտահայաստանի եւ Կիլիկիայի բնօրրանյան անուններով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված բնակավայրերում եւ այլուր կառուցվել են հոյակերտ հուշակոթողներ, գործարաններ՝ արդիական սարքավորումներով, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, հիմնադրվել են ազգագրական թանգարաններ, բուժական կենտրոններ, կազմակերպվել են հայրենակիցների ամենամյա այցելություններ Հայրենիք, իրականացվել սոցիալական, մարդասիրական ծրագրեր, մշակութային ձեռնարկներ, հրատարակություններ… Դեռ ինչքան էլ անելիքներ կան առաջիկայում։ Խորհուրդր շահել է իր նկատմամբ հոգատարություն պահանջելու իրավունքը։ Հետեւաբար հորդորում ենք Խորհրդի եւ պետական մարմնի հարաբերությունը տնօրինող ղեկավարությանը՝ առաջացած թյուրիմացությունը լուծել հայրենաշեն ձգտումով եւ հնարավորություն տալ Խորհրդին վարել ավանդաբար շարունակվող գործունեությունը իր զբաղեցրած հասցեից։ Հայրենակցական միությունների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել