Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ողջունեք ուզուրպատորին

Մարտ 13,2003 00:00

Մի ողջունեք ուզուրպատորին ՌԴ Պետդումայի ֆրակցիայի ղեկավար Գենադի Զյուգանովին Հարգելի Գենադի Անդրեեւիչ, այս նամակը գրել դրդել են չափազանց կարեւոր իրադարձություններ, այն թելադրված է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հետագա ճակատագրով մեր լուրջ մտահոգությամբ։ Խոր հոգեւոր, քաղաքակրթական ընդհանրությունը ռուս ժողովրդի հետ հայ ժողովրդի մենթալիտետի, բուն էության անկյունաքարն է։ Այն անցել է ժամանակի փորձությունը եւ չնայած մեր ժողովուրդների պատմական ճակատագրերի բարդություններին, միայն առաջընթաց է ապրել։ Այսօր այդ խոր կապին լուրջ հարված է հասցված։ Ռուսաստանը, ի դեմս իր բարձրագույն ղեկավարության, իր համերաշխությունը հայտնեց պրեզիդենտ-ուզուրպատորին։ Ինչ ցանկություններով էլ որ առաջնորդվեն նրանք, ովքեր պատրաստել են Ռուսաստանի այս քայլը, պետք է հասկանային, որ դա նշանակում է թքել ժողովրդի հոգու մեջ, հենց ժողովրդի, ոչ թե քաղաքական ուժերի։ Որովհետեւ Քոչարյանը եւ իր հանցախումբը, որ պատառ-պատառ են արել երկիրը, այսօր մերժված են ամբողջ ժողովրդի կողմից։ Եվ նախագահի ընտրություններում նրանց կազմակերպած խառնաշփոթը ժողովրդի աչքում ռեժիմի օրինաչափ արդյունքն ու դատավճիռն է։ Եվ հանկարծ՝ Ռուսաստանի նախագահի ողջույնը, ողջույն՝ ուզուրպատոր։ Մեզ՝ Հայաստանի ձախ ուժերին, պետք չէ բացատրել, թե դա ինչպես է արվում, թե ինչպես են Ռուսաստանի եւ Հայաստանի ծախու պետական պաշտոնյաները (ոչ հայերը կամ ռուսները, որովհետեւ այդ մարդիկ, որ փողի ու փառքի ծարավից կորցրել են իրենց բանականությունը, ոչ հայրենիք ունեն, ոչ ազգություն) իրենց ժողովուրդների թիկունքում պայմանավորվել առուծախի ենթարկել ամենասրբազան բանը՝ մեր հզոր եղբայրությունը։ Բայց մենք ինչպե՞ս մարդկանց բացատրենք այն փաստը, որ այս գործարքը ամրապնդվում է Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատար անձի հայտարարությամբ։ Եղբայրակա՛ն Ռուսաստանի։ Մե՛ր Ռուսաստանի։ Մենք խնդրում ենք ձեր անհապաղ միջամտությունը, որպես Ռուսաստանում մեզ հոգեհարազատ ամենախոշոր քաղաքական ուժի առաջնորդի, որպես Պետդումայի ազդեցիկ ֆրակցիայի առաջնորդի։ Հայաստանի ժողովուրդը պետք է լսի ուրիշ Ռուսաստանի ձայնը, այն իսկական Ռուսաստանի, որին ճանաչել է հարյուրամյակներ։ Եթե սխալ է տեղի ունեցել, այն պետք է ուղղվի եւ՝ անհապաղ։ Մեր ընդհանուր պատմությունը, մեր ողջ համատեղ անցած ճանապարհը պարտադրում են մեզ կանխել ոչ մի տեղ չտանող այս ճակատագրական շարժումը։ Շարժումը մի ճանապարհին, որը մեր ժողովուրդները մեզ՝ քաղաքական գործիչներիս, երբեք չեն ներելու։ Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միություն «Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն ՀՀ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Սոցիալ-դեմոկրատական «Հնչակ» կուսակցություն Հայաստանի կոմունիստների միություն Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել