Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԵՆ ԳԱ

Մարտ 13,2003 00:00

ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԵՆ ԳԱ Սա այն հիմնարար սկզբունքն է, որ պահպանել է ԿԳ նախարարությունը, որպեսզի դիմորդներին այս տարի զերծ պահի հարցաշարերում հնարավոր բովանդակային փոփոխություններից: Եվ եթե մինչեւ հիմա փոփոխությունների վերաբերյալ հրապարակում չի եղել, ուրեմն դիմորդները կարող են հանգիստ լինել: Ըստ ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի, հարցաշարերը կազմվել են բացառապես դպրոցական ծրագրերի հիման վրա, դրանցում կատարվել են միայն նյութերի վերադասավորումներ, հղկումներ եւ այլ, բովանդակային առումով, ոչ էական փոփոխություններ, որոնց նպատակը եղել է հնարավորինս դիմորդին դնել տրամաբանական-մտածական ավելի պարզ իրավիճակի մեջ: Կատարվել են նաեւ գնահատման չափանիշների ճշգրտումներ, որոնք դիմորդին հնարավորություն կտան հստակ պաշտպանել իրենց շահերը: Թեպետ ընդունելության կանոնները չեն հաստատվել, սակայն ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը երեկ ներկայացրեց հստակեցված որոշ դրույթներ: Մասնավորապես՝ այս տարի շարք են մտել մի քանի նոր մասնագիտություններ եւ հաստատվել կառավարության կողմից, ինչպես նաեւ լրացվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը: Խոսքը վերաբերում է ակտուալ մաթեմատիկային, ագրոբիզնես եւ շուկայաբանություն, ագրարային քաղաքականություն եւ տարածաշրջանային զարգացում, ագրոպարենային համակարգի խորհրդատվություն եւ տեղեկատվություն մասնագիտություններին, որոնց գծով այս տարի առաջին անգամ կկազմակերպվի ընդունելություն եւ կադրերի պատրաստում: Դեռեւս 2002 թ. դեկտեմբերի 5-ին կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է 2003-2004 ուստարվա մասնագիտությունների եւ ընդունելությունների ցանկն ըստ բուհերի, իսկ այժմ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար եւ վճարովի ուսուցման համակարգի համար նախատեսված տեղերի ցանկը, որ հավանաբար այսօր կառավարությունը կհաստատի: Այս տարի պետպատվերով եւ վճարովի տեղերի թիվը մնացել է նույնը, համապատասխանաբար՝ 4099 եւ 5746, իսկ պահուստային տեղերի թիվը ԿԳ նախարարությունն առաջարկել է ավելացնել 65-ով: Ի դեպ, ըստ պրն Գասպարյանի, պայմանավորվածություններ կան բուհերի հետ, որպեսզի այս տարի վարձավճարների բարձրացումներ չլինեն: Հիշենք՝ դեռ անցյալ տարի ԿԳ նախարարը կարծիք հայտնեց մեդալակիրներին տրվող արտոնությունները սահմանափակելու առնչությամբ: Եվ այս տարի մեդալակիրները մի կողմից չեն զրկվի արտոնությունից, մյուս կողմից էլ որոշակի խստացումներ կլինեն. պետպատվեր ուսուցմամբ մեդալակիր դիմորդները 2003 թ. ընդունվում են բուհ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով՝ հանձնելով բուհի կողմից նշված 1 քննություն՝ առաջին հայտով ներկայացված մասնագիտության համար (եթե, իհարկե, այն չի կրկնում դպրոցական ավարտական կենտրոնացված քննությունները)՝ ստանալով 19, 20 միավոր: Այստեղ տարրական կրթություն եւ մեթոդիկա մասնագիտությունը բացառություն է կազմում այն առումով, որ բուհի եւ ԿԳՆ-ի կողմից հաստատվել է 2 քննություն՝ մաթեմատիկա եւ հայերեն, ընդ որում, 2003 թ. մեդալակիր դիմորդների ընդունելությունը նախատեսվում է կատարել ըստ մասնագիտությունների՝ նրանց համար հաստատված տեղերի հաշվին: Մեդալակիրների համար հավանաբար կհաստատվի անվճար համակարգի տեղերի 10 տոկոսը՝ հետագայում, նրանց չլրացման կամ թափուր մնալու դեպքում՝ վերաբաշխման իրավունքով: Մյուս դրույթը, որ կանոններում պետք է արտացոլվի, վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: ԿԳ նախարարությունը նախկինում երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար պահուստային տեղերի հաշվին կազմակերպում էր ընդունելություն՝ միայն դրական միավորներով, սակայն այն օրենքի ուժ չուներ, եւ 99 թ.-ի ընդունելությունից դուրս մնաց: Այս տարի ԱԺ ընդունած համապատասխան օրենքի հոդված 7-ի 3-րդ կետի համաձայն, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդունվում են բուհի անվճար համակարգ՝ ընդհանուր մրցույթով եւ վճարովի համակարգի համար անցումային համարվող միավորի դեպքում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել