Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք մեր մասին լավ կարծիքի էին

Մարտ 13,2003 00:00

Իրենք մեր մասին լավ կարծիքի էին ՀՀ նախագահական ընտրություններին հետեւած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը՝ իր ղեկավար Պիտեր Այքերի գլխավորությամբ, մարտի 15-ին կմեկնի Հայաստանից: Մենք առիթ ունեցանք եւս մեկ անգամ զրուցել պարոն Այքերի հետ՝ ե՛ւ ընտրությունների ընթացքի, ե՛ւ առանձին ընտրատեղամասերում վերջերս տեղի ունեցած վերահաշվարկի, ե՛ւ այն իրադարձությունների շուրջ, որոնք հետեւեցին մարտի 5-ի ընտրություններին: – Ամփոփեք, խնդրում եմ, Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, առավել եւս, որ անցած օրերի ընթացքում Դուք հասցրել եք հանդիպել ինչպես ՀՀ պաշտոնական, այնպես էլ՝ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ: Արդյո՞ք Ձեր արդեն հրապարակած գնահատականներն այսօր էլ մնում են նույնը: – Այո, դրանք չեն փոխվել եւ մնում են նույնը: Մենք հիասթափված ենք Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացով: Կարծում էինք, որ Հայաստանն արժանի էր ավելի լավ ընտրություններ անցկացնելու: – Պաշտոնական մակարդակով են հնչում նաեւ այն տեսակետները, թե Հայաստանը պատասխանատու է միայն Հայաստանի ժողովրդի առջեւ: Դուք գտնում եք, որ ՀՀ իշխանությունները հավասարապես պատասխանատու են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրությա՞ն առջեւ: – Առաջին հերթին՝ իշխանությունները պատասխանատու են ժողովրդի առաջ, սակայն Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել նաեւ միջազգային հանրության առաջ եւ պետք է այդ պարտավորությունները կատարի: – Վերջին օրերին առանձին տեղամասերում վերահաշվարկներ եղան, որոնք, ըստ էության, մակերեսային ու ձեւական բնույթ էին կրում, որովհետեւ վերահաշվարկվում էին միայն թեկնածուներին տրված քվեների փաթեթները՝ առանց ուսումնասիրելու ընտրացուցակները, վերահաշվարկելու մարված կամ անվավեր քվեաթերթիկները, անճշտությունների քանակը: Պաշտոնական աղբյուրների գնահատմամբ, էական խախտումներ այնտեղ չկային կամ դրանք փոքր տոկոս էին կազմել, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ վերահաշվարկ, որպես այդպիսին, չի եղել: Դուք լավատեղյակ եք այդ պրոցեսին. ինչպե՞ս եք այն գնահատում: – Մենք մասնակցել ենք մոտ 15-20 տեղամասերի վերահաշվարկի պրոցեսին: Վերահաշվարկի տեխնիկական գործընթացը, որոնց մենք ներկա էինք, հիմնականում ճիշտ էր: Վերահաշվարկի ընթացքում որոշ փոքր սխալներ հայտնաբերվեցին: Եթե ճիշտ եմ հիշում, ամենամեծը՝ 60-61 ձայնի տարբերություն կար մեկ տեղամասում: Բայց վերահաշվարկը խնդրի միայն մի կողմն է: Մենք գիտենք, որ վերահաշվարկներ պահանջվել էին ավելի շատ տեղամասերում, որոնք սակայն տեղի չեն ունեցել: Բացի դրանից, ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, եթե վերահաշվարկը պահանջվում է օրենքին համապատասխան, այն չի կարող մերժվել: Մենք հնարավորություններ ենք ունեցել տեսնել, որ մի շարք ընտրատարածքներում այդ պահանջները չեն բավարարվել: Բացի դրանից, այլ կողմ էլ կա. վերահաշվարկը կատարվում է զուտ որպես տեխնիկական գործընթաց, մինչդեռ այն տեղամասում, որտեղ տեղի է ունեցել քվեատուփերի լցոնում, վերահաշվարկի ժամանակ, միեւնույն է, հաշվարկվում են լցոնված քվեաթերթիկներ: Շատ լավ է, որ շատ լավ կազմակերպված վերահաշվարկի գործընթաց եղավ, բայց դա չի հասնում առկա պրոբլեմի արմատին: – Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այն տեղեկությունները, թե ԵԱՀԿ դիտորդներին անգամ մերժել են բացել քվեաթերթիկների մյուս փաթեթները՝ անվավեր, մարվածները, անճշտությունները, ստուգել ընտրացուցակները: – Առանձին տեղամասերում դիտորդներին պահանջել էին նստել այնտեղ, որտեղից նրանք հնարավորություն չեն ունեցել տեսնել այդ վերահաշվարկի պրոցեսը: Սակայն հիմնականում կարողացել ենք տեսնել այն, ինչ ուզում էինք տեսնել: – Ի՞նչ եք կարծում, որեւէ ոչ լեգիտիմ իշխանություն կարո՞ղ է առաջիկայում ԱԺ օրինական, նորմալ ընտրություններ կազմակերպել: – Ես երբեք չեմ ասել՝ իշխանությունը լեգիտիմ է կամ ոչ: Դա իմ խնդիրը չէ: Դա հայ ժողովրդի որոշելիքն է: Ես ուղղակի գնահատականն եմ տվել, որ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության միջազգային չափանիշներին: – Վերաձեւակերպեմ հարցս: Դեռ 1-ին փուլի ավարտից հետո Դուք մտահոգություն հայտնեցիք, որ 2-րդ փուլն էլ կազմակերպում են այն նույն մարդիկ, որոնք կազմակերպել էին ընտրախախտումներով անցած 1-ին փուլը: Հիմա Դուք մտահոգություն չունե՞ք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն էլ կազմակերպելու են այդ նույն մարդիկ: – Այո, եթե նույն մարդիկ կազմակերպեն նաեւ խորհրդարանական ընտրությունները, դա մտահոգություն կառաջացնի: Վերջին մի քանի օրերի ընթացքում ես հանդիպել եմ ԿԸՀ նախագահի, արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի հետ եւ ներկայացրել եմ այն փաստերը, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ, եւ որոնք, մեր տեսանկյունից, օրենքի խախտումներ են: Ես նրանց ներկայացրել եմ կոնկրետ ապացույցներ եւ մեր գնահատականները՝ հույս հայտնելով, որ նրանք քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: – ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ԵԽ բյուրոյի օրերս տեղի ունեցած նիստում «կարծիք է եղել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ԵԽ-ն ավելի մեծ պատվիրակությամբ կլինի ՀՀ-ում՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու համար, որպեսզի իր սեփական կարծիքն ունենա, եւ ԵԱՀԿ-ի կարծիքը գերակայող չլինի»։ Ըստ այդմ, արդյո՞ք ԵԱՀԿ դիտորդների գնահատականներն ու եզրակացությունը բավարար չափով ընդունելի են ԵԽ-ի համար, եւ այդ իմաստով այս կառույցների միջեւ արդյո՞ք հակասություններ կան: – Մեր հրապարակած հայտարարությունը ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների միասնական հայտարարությունն էր: Պարզ է, որ ԵԽ ԽՎ պատվիրակությունը մեր կարծիքը կիսում է: Բայց չեմ կարող խոսել ԵԽ անունից, որովհետեւ մենք տարբեր ճյուղեր ենք ներկայացնում: Ես կուզեի, որ խոսեք ԵԽ ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Ստրասբուրգում: Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել