Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ

Մարտ 13,2003 00:00

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարուստ չէ այնպիսի մարզաբազաներով, որտեղ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները՝ լինեն առանձին թիմեր, թե հավաքականներ, կարողանան լիարժեք հավաքներ կազմակերպել, մարզվել ու նախապատրաստվել պատասխանատու միջազգային մրցումներին։ Այդ քչերից մեկը Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրն է, որտեղ այս տարվա խստաշունչ ձմռան ամբողջ ընթացքում միմյանց փոխարինում էին կամ համատեղ մարզվում ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ ծանրորդները, ըմբիշները եւ այլ մարզաձեւերի թիմեր։ Հիմա էլ «Այգում» է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որը նախապատրաստվում է 2003 թվականի իր կարեւորագույն մեկնարկներին։ Մեր զրուցակիցն է հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը։ – Սա մեր հերթական ուսումնամարզական հավաքն է այս բազայում։ Կմնանք մինչեւ մարտի 16-ը։ Հավաքին մասնակցում են մեր բոլոր լավագույն ըմբիշները։ Այսինքն, հավաքականի լրիվ կազմը։ Մարտի 17-ին մեկնելու ենք Բելառուս։ «Ստայկիում» համատեղ ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Բելառուսի, Ռուսաստանի եւ Կորեայի հավաքականների հետ, որից հետո մասնակցելու ենք Մեդվեդի միջազգային ավանդական մրցաշարին։ Դա լինելու է Եվրոպայի առաջնությանը նախորդող մեր առաջին ու միակ լուրջ փորձությունը։ Այնուհետեւ վերադառնալու ենք Երեւան ու մեկնելու ենք Ծաղկաձոր։ Եվրոպայի առաջնության նախապատրաստման վերջին փուլը նույնպես կանցկացնենք «Այգում», որտեղից էլ կմեկնենք Ռիգա՝ Եվրոպայի առաջնություն։ Դա կլինի արդեն մայիսի սկզբին։ – Ասացիք, որ Մեդվեդի մրցաշարը միակն է լինելու մեր հավաքականի համար։ Մրցափորձի առումով դա քի չէ՞, որպեսզի մեր ըմբիշները գործնականում ստուգեն իրենց հնարավորությունները։ – Մենք ծրագրել էինք հանդես գալ նաեւ Իրանում նշանակված միջազգային մրցաշարերից մեկին։ Սակայն կազմակերպիչները, հավանաբար, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պատճառով որոշեցին անցկացումը հետաձգել, եթե չեմ սխալվում՝ մինչեւ մայիս։ – Փաստորեն, մրցաշրջանը ըմբիշների համար նոր է մեկնարկում։ Ներկայումս ինչպիսի՞ մարզավիճակում են մեր տղաները։ – Մարզումներն ընթանում են կազմված ծրագրով։ Այո, տարին մեզ համար նոր է սկսվում, սակայն պիտի ասեմ, որ տղաների մարզավիճակը հավաքից հավաք, մարզումից մարզում՝ բարձրանում է։ Տղաներից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Մարզվում են հաճույքով, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ նպատակաուղղված։ – Հավաքում ընդգրկված է 16 ըմբիշ։ Սակայն Եվրոպայի առաջնությունում բոլորը չեն հանդես գալու։ Կարո՞ղ եք ասել՝ այսօր արդեն կա՞ն մարզիկներ, որոնց անունը կարելի է տալ Ռիգա մեկնողների ցուցակում։ – Բոլորն էլ ցանկանում են մասնակցել Եվրոպայի առաջնությանը ու դրա համար չարչարվում են։ Ամենայն հավանականությամբ, հավաքականում կընդգրկվեն մեր բոլոր տիտղոսակիր ու փորձառու մարզիկները։ Չի բացառվում ու երեւի այդպես էլ լինի, մի քանի քաշային կարգերում կգործուղենք երկուական ըմբիշի։ Այնպես որ, ամեն բան կախված է իրենցից։ Եվրոպա կմեկնեն ամենաարժանավորները, նրանք, ովքեր այդ ժամանակ կլինեն լավագույն մարզավիճակում։ – Տեղեկություն կա, որ վերջին շրջանում ամենայն լրջությամբ մարզվում եւ Հայաստանի դրոշի ներքո կրկին հանդես գալու մեծ ցանկություն է հայտնել աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանը, որը ներկայումս հանդես է գալիս Գերմանիայում… – Այո, այդպես է։ Ըստ մեր տվյալների, Արայիկը վատ մարզավիճակում չէ։ Հիմա նա ժամանել է Մոսկվա։ Այնտեղից նա նույնպես գալու է Մինսկ եւ միանալու է թիմին։ «Ստայկիում» կտեսնենք նրան գորգի վրա ու այն ժամանակ էլ վերջնական վճիռ կայացնելու հնարավորություն կունենանք։ Իհարկե, շատ ցանկալի է, որ նա արդարացնի մեր ակնկալիքները։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել