Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ»

Ապրիլ 29,2003 00:00

«ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ» Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չէր եղել որեւէ դեպք, որ կրթության եւ գիտության նախարարը հավաքի կրթական համակարգի ներկայացուցիչներին եւ… քարոզի սեփական կուսակցությունը: Սա այն դեպքում, երբ շատ ենք ունեցել կրթության կուսակցական նախարարներ՝ Վարդգես Գնունին ՀՀՇ անդամ էր, Աշոտ Բլեյանը՝ «Նոր ուղու» հիմնադիրը եւ այլն: Եվ միայն կրթության ու գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն է՝ հայտարարելով, թե ամեն ինչ պետք է անել հանրակրթության ոլորտի անկուսակցականությունը պահպանելու համար՝ այժմ օգտագործում իր պաշտոնը՝ ՀՅԴ գաղափարախոսությունը քարոզելու համար: Շաբաթ օրը նա հանդիպումների էր հրավիրել Արաբկիրի թիվ 132 եւ Շիրվանզադեի անվան դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին (ներկա էին համայնքի նաեւ այլ դպրոցների մանկավարժներ) ու փորձում նրանց կողմնորոշել Դաշնակցության օգտին: Իբրեւ կողմնորոշիչ՝ ասում էր, թե ժողովրդին պետք է պահել տեսիլքով եւ այն փոխանցել սերնդեսերունդ. «Պատկերացրեք՝ 1988-ին, եթե չլիներ այդ տեսիլքը եւ նվիրումը հայրենիքի անկախության գաղափարին՝ դժվար թե մենք կարողանայինք Արցախյան պատերազմին նվիրել այդքան մահապարտներ, ստեղծել այն սերունդը, որ հաղթանակեց եւ կարողացավ փրկել հայ ժողովրդին շատ բարդ ցնցումների ժամանակաշրջանում, որ վերջին տարիներն էին»: Իհարկե, հիշողությունից չզրկվածները կհիշեն, որ ՀՅԴ-ն 1988-ին դատապարտեց պայքարի այն մեթոդները, մասնավորապես որոնց շնորհիվ եւ հասանք Հայաստանի անկախությանը: Սակայն Լեւոն Մկրտչյանը պնդում է, որ ՀՅԴ-ն է տեսիլքը պահպանող եւ սերունդներին փոխանցող կառույցը. «Ի տարբերություն շատ եւ շատ այլ կուսակցությունների, իսկապես՝ այս կազմակերպությունն ունի ծրագիր, որի ամեն տողի ետեւում կա թափված արյուն եւ կա քրտինքի մի հսկայական՝ տասնամյակների աշխատանք»: Կարծես ի հակադրություն ներկայիս ընդդիմության, որը չի խորշում ներքաղաքական խնդիրներում դիմել նաեւ Արեւմուտքի օգնությանը՝ պրն Մկրտչյանն ակնարկեց, որ անգամ ՀՅԴ կասեցման տարիներին՝ «Մենք ունեինք հստակ հրահանգ ու որոշում՝ երբեք արտասահմանյան, արտաքին քաղաքական դաշտում որեւէ քայլ չանել ի վնաս Հայաստանի անկախության եւ պետականության: Եվ մեր տղաները, որ ասենք, բանտում էին՝ հրաժարվում էին անգամ բողոքի նամակներ ուղարկել միջազգային դատական կամ այլ ատյաններին, քանի որ երկրի արտաքին քաղաքական վարկը մեր բոլորի ձեռքբերումն է եւ մենք պարտավոր ենք դա պահել»: Հիշեցնենք, որ 1995-ի ԱԺ ընտրությունները դիտորդները «ազատ, բայց ոչ արդար» գնահատեցին հատկապես այն պատճառով, որ դրանց չէր մասնակցում Դաշնակցությունը: Բացի այդ՝ «Amnesty international»-ի 1996-ի եւ միջազգային այլ կառույցների այդ տարիների զեկույցներում ընդգրկված են դաշնակցական կալանավորների վերաբերյալ փաստերը՝ երբեմն նաեւ նրանց այցելությունների վերաբերյալ հաշվետվություններով: «1992-ից սկսած՝ հասարակությունը քայլ առ քայլ սկսեց կորցնել իր շանսը՝ աստիճանաբար շատ բարձր մակարդակի բերելու, հասցնելու ընտրությունները,- ասաց պրն Մկրտչյանը:- Հիշում եմ, թե ինչպես Վազգեն Մանուկյանի ընտրությունների ժամանակ կատարվեցին խեղաթյուրումներ»: Դահլիճից թիվ 56 դպրոցի մի ուսուցչուհի նետեց. «Հիմա էլ է նույնը՝ ոչ մի տարբերություն»: Նախարարը 2003-ի ընտրությունների մասին ասաց, թե ավելի կարեւոր մի պահ կա. «Ընդդիմությունը եւս չպահեց խաղի այն կանոնները, որոնք հնարավորություն կտային, որ նա շահեր համակրանք… Երբ 1996-1997-ին ընդդիմությունը շատ ավելի հստակ եւ ազնիվ էր պահում իրեն ընտրություններում՝ ստանում էր շատ մեծ համակրանքի բաժին»: Լեւոն Մկրտչյանը ուսուցիչներին նաեւ բացատրեց, թե ինչ ասել է Հայ Դատ. «Ըստ էության՝ մեր կենսագրությունն է եւ կեցությունը: Եվ ժողովուրդը չպիտի վախենա այս գաղափարախոսությունից, իբրեւ, ասենք, պատերազմի գաղափարախոսություն եւ այլն»: Ավետիս հաղորդեց, որ շուտով դպրոցներում կանցնեն «Հայկական հարցի պատմություն» առարկան: Հանդիպումների ավարտին պրն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում, որ իր արածը ծառայողական դիրքի չարաշահում է: «Ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի՝ նախարարը քաղաքական պաշտոն է: Նաեւ եղավ ԿԸՀ պարզաբանումը:- պատասխանեց նա:- Ես դիմում եմ գրել եւ արձակուրդի մեջ եմ»: Հարկ է նկատել, որ 1-2 ռեպլիկներից զատ՝ ուսուցիչները գրեթե անարձագանք թողեցին կուսակցական քարոզչությունը եւ պրն Մկրտչյանին հարցեր էին ուղղում բացառապես իրենց առավել հուզող՝ կրթական հոգսերի վերաբերյալ, նա էլ առանձին խոստումներ էր տալիս, թե կուսումնասիրի տվյալ խնդիրը, կփորձի լուծում տալ: Երբ այս առնչությամբ մեր նկատառումը փոխանցեցինք պրն Մկրտչյանին, որ թեեւ արձակուրդում է, բայց հանդես է գալիս իբրեւ նախարար՝ ասաց. «Բնականաբար, եթե հիմա նախարար եմ, եւ ինձ հարց են տալիս համակարգի վերաբերյալ՝ պատասխանում եմ: Պատասխաններիս մեջ չի եղել կուսակցական որեւէ քարոզչություն: Թեեւ, իհարկե, սա քարոզչական հանդիպում է»: Ծնողներից մեկը նկատեց, թե դպրոցներում «մի հասարակ Կալաշնիկովի ավտոմատ էլ չունեն», որ ռազմագիտության դասերին ուսումնասիրեն: Նախարարը սկսեց պատմել, որ անկախության առաջին 7-8 տարիներին «դպրոցների զենքերը թալանեցին… Հասել էինք այնտեղ, որ ժամանակին վառել ենք դպրոցական դասագրքեր: Ինքս ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս եմ եղել, երբ Աշոտ Բլեյանից մի հրահանգ ստացանք՝ դասավանդել հայոց պատմությունը միայն՝ իբրեւ ֆիզիկական հաղթանակների պատմություն՝ մնացած բոլորը հանել»: Մինչդեռ գոնե հանրահայտ է, որ Արցախյան պատերազմի առաջին տարիներին, երբ լուծված չէին զենքի հարցերը, ստիպված էին անգամ ուսումնական զենքերը վերափոխել մարտականի՝ դրանցով ճակատ գնալու համար: Իսկ այժմ պարզվում է, որ զենքերն ընդամենը թալանե՞լ են: «Որոշ մասերով, ցավոք, մենք ունենք փաստեր, որ ռազմագիտության լսարաններն ուղղակի ջախջախվել են»,- պնդեց պրն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է դասագրքեր այրելուն՝ պարզաբանեց. «Ժամանակին դասագրքեր են արգելվել՝ ունենք փաստեր: Եվ երբ դրանք արգելվեցին՝ շատ դպրոցներում հավաքեցին եւ ոչնչացրին՝ այդ թվում նաեւ մաթեմատիկայի, ֆիզիկայի: Դպրոցում իբրեւ պարտադիր առարկա մտցվեց Լեոյի «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» գիրքը»: Խոսքը, բնականաբար, դարձյալ Բլեյանի պաշտոնավարման շրջանի մասին էր: Մեր նկատառմանը, թե «Հայկական հարցի պատմությունն» իբրեւ առարկա ներմուծելով դպրոց՝ ինքն էլ է նույն բանն անում, բայց մյուս բեւեռից՝ արձագանքեց այսպես. «Ո՛չ, բացարձակապես: «Հայկական հարցի պատմությունը» միայն հումանիտար հոսքերի 9-10 դասարանների համար է: Սա առաջին բլոկն է: Մյուս բլոկները պիտի լինեն մշակույթի եւ պետականության պատմությունները»: Ի դեպ, վերջում 37 դպրոցի տնօրենը հարցրեց. «Կա՞ք կուսակցության ցուցակում, անցնելուց հետո միգուցե թողնե՞ք մեզ»՝ արժանանալով այլ մանկավարժների հավանությանը, թե «մեկ ուրիշ նախարար կգա՝ այլ ձեւով կսկսի ղեկավարել»: Սակայն Լեւոն Մկրտչյանը հանգստացրեց նրանց, թե ճիշտ է՝ կա ցուցակում, բայց եթե անգամ նորից չլինի նախարար՝ մնում են իր ստորագրած փաստաթղթերը. «Այն, ինչ փորձել եմ անել այս մեկ տարվա ընթացքում՝ արդեն անվերադարձ է… Ձեզ վստահեցնում եմ՝ ով էլ որ գա, ուզի թե չուզի, այդ ծրագրերով պիտի գնա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930