Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ

Մայիս 01,2003 00:00

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ Հանրապետականները՝ Կոտայքի մարզում Պարզվում է՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստ. Դեմիրճյանը միակը չէ, ով գիտե, թե ինչ է անելու, ինչպես է անելու եւ ումով է անելու: «Մենք գիտենք՝ ինչպես ենք անում, գիտենք՝ փողը որտեղից է գալու եւ պատասխանատուներին էլ գիտենք՝ ով է անելու»,- երեկ Առինջ գյուղում հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ խոստանալով մինչեւ 2006-07 թթ. ուսուցչի աշխատավարձը 28000-ից հասցնել 60000-ի, թոշակառուի թոշակը բարձրացնել կրկնակի կամ գոնե 70 տոկոսով: ՀՀԿ-ն իր քարոզարշավի հերթական այցը կատարեց Կոտայքի մարզ՝ առաջինը հանգրվանելով Առինջում, ուր գտնվում է ՀՀԿ առաջնորդի միակ սեփականությունը՝ բնակարանը, որտեղ էլ նա անցկացնում է տարվա ուղիղ կեսը: Առինջեցիները թեպետ քաղաքավարության բոլոր կանոնները պահպանեցին հյուրերին ընդունելու հարցում, սակայն ՀՀԿ-ի գործունեությանն առնչվող ամեն ելույթ կեսից վերափոխվում էր Գագիկ Ծառուկյանի գովքին: Վերջինիս լավ են ճանաչում այս գյուղի բնակիչները, իսկ, օրինակ, համայնքի վետերանների միության նախագահը Անդրանիկ Մարգարյանին «ներկայացրեց» իբրեւ հանրապետության նախագահ, մեկ ուրիշն էլ՝ Ազգային ժողովի: Իսկ մի պապիկ, պրն Ծառուկյանից թույլտվություն ստանալով, ամբիոն բարձրացավ ու այսպես ասաց իր սրտի խոսքը. «Մեր թագավորի (խոսքը Ռ. Քոչարյանի մասին էր-Հ. Բ.) երկրորդ տեղակալին (Ա. Մարգարյանին-Հ. Բ.) ու իմ թագավորին (ցույց է տալիս Գ. Ծառուկյանին-Հ. Բ.) ցանկանում եմ առողջություն»: Թեպետ գյուղացիները պատմում էին Գ. Ծառուկյանի ամենամսյա օգնությունների, իրենց հանդեպ մեծ ուշադրություն դրսեւորելու մասին /որն, ի դեպ, չի սահմանափակվում միայն նախընտրական շրջանով/, սակայն իրենց մյուս համագյուղացուց՝ վարչապետից էլ խնդրում էին հեռախոսի հարցը լուծել եւ բարձրացնել թոշակները: ՀՀԿ-ն իջեւանեց նաեւ մարզի Ձորաղբյուր գյուղում, որտեղ վարչապետին գյուղացիները հատկապես դիմում էին՝ ջրի հարցը լուծելու խնդրանքով՝ առաջարկելով «7 աղբյուրներից» ինքնահոսով ջուր իջեցնել: «Դրանից էլ հեշտ բա՞ն»,- առաջարկին արձագանքեց Ա. Մարգարյանը, իսկ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգելդյանը հարկ համարեց ամբողջովին ներկայացնել ՀՀ կառավարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսված ծրագիրը, որի ֆինանսավորումը կազմում է շուրջ 3-3,5 մլն դոլար եւ որի իրականացումը թույլ կտա ապահովել մարզի 15 համայնքի ջրամատակարարումը: Աբովյան քաղաքում հյուրերը ժողովրդի հետ անմիջական շփման հնարավորություն չունեցան: Նրանց միանգամից ուղեկցեցին ակումբ, որտեղ էլ իրենց պաթետիկ ելույթներով հանդես եկան մի դպրոցի տնօրեն, մի ակումբի նախագահ, մի ուսանող եւ այլք: Դպրոցի տնօրեն Գրետա Կռոյանը, բնականաբար, նախ խոսեց երկրում նկատվող առաջընթացից. «Ե՞րբ էր հայ մարդն ախորժել իր հայրենական հրուշակն ու վայելել իր ծխախոտը,- ապա վարչապետին ուղղեց իր 3 պատվիրանները,- պատվիրան 1-ին. Այնպես արեք, որ եղած դպրոցները նեղ գան մեր երեխաներին, բացի վերանորոգելուց, նորերը կառուցենք, հետ բերենք մեր գաղթած հայրենակիցներին: Պատվիրան 2-րդ. մեծ տեղ տանք մշակույթին ու մեր մտավորականներին: Պատվիրան 3-րդ. մեծ ուշադրություն դարձնենք մեր երեխաներին, հատկապես՝ դպրոցին»: Վարչապետն այստեղ կարեւորեց մտավորականների, հատկապես՝ ուսուցիչների բարոյական աջակցությունը. «Մենք աջակցելու ենք եւ աջակցելու ենք պետության միջոցներով»: Ակումբի նախագահ Արմինե Խառատյանն էլ Անդրանիկ Մարգարյանին խնդրում էր, որ վերջինս ավելի ուշադիր լինի կանանց հանդեպ: Այստեղ Ա. Մարգարյանը հիշեցրեց, որ վերջին 3-4 տարում իրենց կուսակցության շարքերը համալրվել են կանանցով, եւ նրանց թիվն այս տարիներին 5-6-ից հասել է 3000-ի: Իսկ փոխնախարար կանանց թիվը՝ 1-ից՝ 6-7-ի: ՀՀԿ առաջնորդն ընդհանրապես որդեգրել է ճոռոմ-ճոռոմ չխոսելու, պոպուլիստական ճառեր չասելու սկզբունք եւ իր ընտրողներին խոստանում է, որ հանրապետականները, անգամ անձնազոհության կգնան, բայց կկատարեն ծրագրով իրենց տված խոստումները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել