Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂԾՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՆ ՁԱՅՆ»

Հունիս 06,2003 00:00

«ԿԵՂԾՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1 ՄԼՆ ՁԱՅՆ» ՀՀՇ վարչությունը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Վարչության անդամ Արամ Մանուկյանը ներկայացրեց որոշ թվեր, ըստ այդմ, պատգամավոր են ընտրվել շուրջ 42 մականունավորներ, պատգամավորներ, որոնք երբեւէ որեւէ հոդաբաշխ խոսք չեն արտահայտել (սակայն ստացել են 70 եւ ավելի տոկոս)։ Ըստ Ա. Մանուկյանի. «ընտրությունների վրա խիստ բացասական ազդեցություն ունեցան ԱԺՄ-ն եւ Կոմկուսը, որոնք իբր ընդդիմադիր պետք է լինեին, իրենց կուսակցական տեղերը վաճառելով իշխանամետ կուսակցություններին, ամբողջապես լղոզեցին ընտրական պատկերը»։ Իբրեւ խախտումների տեսակ, պրն Մանուկյանը նշեց ստացված քվեաթերթիկների եւ ցուցակում գտնվողների թվի անհամապատասխանությունը։ Նաեւ որոշ, ավելի «զռացող խախտումներ»։ Օրինակ՝ 35 ընտրատարածքի 1006. 592 ընտրողի դեպքում՝ 489 անճշտություն է գրանցված (բոլոր փաստերը հանված են պաշտոնական տվյալներից), 37 ընտրատարածքի 1067-ում. 836 ընտրողից՝ 420 անճշտություն, 54 ընտրատարածքի 1754 տեղամասում. 984 ընտրողից՝ 895 անճշտություն, 1774 տեղամասում՝ 846 ընտրողից՝ 412 անճշտություն։ Գյումրիից ստացված տեղեկանքներում հանրաքվեի արձանագրությունները լրացված են եղել, ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից եւ գրված չէ միայն կողմ եւ դեմ ձայների թիվը։ Ըստ Արամ Մանուկյանի, ՀՀՇ-ն այդքան քիչ տոկոս է ստացել, որովհետեւ ամբողջ հանրապետությունում խնդիր էր դրված, թե որ կուսակցությունը պետք է անցնի, որը՝ ոչ։ Ընտրությունների ամենառեալ թիվը պրն Մանուկյանը համարեց հանրաքվեի դեմ ձայները։ ՀՀՇ-ն ընդունել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Կեղծվել է շուրջ մեկ միլիոն ձայն։ Դրանից կես միլիոնից ավելին ընտրողների թվի հավելագրումների արդյունք է։ ԿԸՀ-ն որպես ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թիվ է հայտարարել 2.400.000։ Հայտնի է, որ ընտրական իրավունք ունեցողների թիվը սովորաբար կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի առավելագույնը 60%-ը։ Ամենապարզ թվաբանական հաշվարկներով, 2.400.000 ընտրող ունենալու համար ՀՀ-ի բնակչության թիվը պետք է կազմեր մոտ 4.200.000 մարդ»։ Այդպես հնարավորություն է ստեղծվել կեղծել 450-500 հազար ձայն։ Եվս կես միլիոն ձայն, ըստ ՀՀՇ-ի, կողոպտվել է այն քաղաքական ուժերից, որոնք չպետք է մտնեին խորհրդարան, ըստ հատուկ որոշման։ ՀՀՇ վարչության անդամ Խ. Քոքոբելյանն իր հերթին արձանագրեց. «Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն ուղղակի հնարավոր չէ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Ընտրությունների գնահատականները տրվում են ըստ ստացված արդյունքների։ Եթե ՀՀԿ-ն գոհ ու երջանիկ է իր ստացած քվեներով, «ՕԵ»-ն եւ ՀՅԴ-ն արտաքուստ ձեւ են անում, թե դժգոհ են, սակայն իրականում ստացել են իրենց ուզածը. ապա բոլոր մյուս քաղաքական ուժերը այս կամ այն չափով սուր գնահատականներ են հնչեցնում ընտրական գործընթացի վերաբերյալ։ Ու որքան չնչին է այս կամ այն կուսակցության ստացած քվեն, այնքան ավելի սուր է քննադատությունը։ Եվ սա հասկանալի է, եթե ոչ քաղաքականապես, գոնե զուտ մարդկայնորեն։ Սակայն գնահատական տվողներից մի քանիսին չէր խանգարի չկորցնել հիշողությունը եւ այսօրվա արատները մատնանշելուց առաջ հիշել, թե նորանկախ Հայաստանում հատկապես ովքե՞ր եւ հատկապես ի՞նչ նպատակով են հիմք դրել ընտրակեղծիքների՝ այսօր այդքան կատարելագործված արվեստին։ Մյուս կողմից էլ՝ հեռու չեն այն ժամանակները, երբ այսօր ընտրությունների արդյունքներից գոհ կուսակցությունները կհայտնվեն նույն ՀՀՇ-ի վիճակում եւ կդժգոհեն ընտրակեղծիքներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել