Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ

Հունիս 13,2003 00:00

ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ Եթե կարող ես վճարել Վերջին տասը տարվա ընթացքում Արեւմուտքից Հայաստան ներխուժեցին ոչ միայն կոկա-կոլան ու համբուրգերները, ռեփն ու Սփայդերմենը, այլեւ «առողջ ապրելակերպի» հայտնի դրսեւորումներ, ինչպիսիք են «ֆիտնես-քլաբերն» ու «շեյփինգի» դասընթացները: Բացի իրենց բազմաթիվ օգուտներից, դրանք կոչված են մեղմել կոլաների ու համբուրգերների (ինչպես նաեւ խաշերի եւ խորովածների) բացասական հետեւանքները: Այդ հաստատությունները վերջին տարիներին դարձել են բավականին հաջողված բիզնես, ինչը խոսում է թե՛ հայաստանցիների գնողունակության որոշակի աճի, թե՛ նրանց՝ սեփական առողջության նկատմամբ հարաճուն ուշադրության մասին: Հասկանալի պատճառներով Հայաստանում առաջին մարզասրահները, որոնք հագեցած էին ժամանակակից սարքավորումներով («տրենաժորներով»), հիմնվեցին նախեւառաջ բարձրակարգ հյուրանոցներում: Զբոսաշրջիկները ուղղակի պահանջում են, որ իրենց համար այստեղ ապահովվեն մարզվելու եւ նիհարելու անհրաժեշտ պայմաններ, որոնց նրանք սովոր են տանը: Այսօր արդեն չկա քիչ թե շատ հայտնի հյուրանոց, որտեղ չգործի նման մարզասենյակ: Սակայն դրանք հիմնականում նախատեսված են հաճախորդների (եւ աշխատակիցների) համար: Թողնում են նաեւ «դրսի մարդկանց», բայց այդ դեպքում ծառայությունը շատ թանկ արժե: Օրինակ, «Կոնգրես» հյուրանոցի մարզասրահից կարող են օգտվել նաեւ ոչ հաճախորդները, բայց նրանք պիտի բավականաչափ ապահովված լինեն, քանի որ նրանց համար մարզվելու հաճույքն արժե ամսական $70: Իսկ եթե նրանք նախընտրում են մեկանգամյա այցելությունը, ապա դրա համար պիտի վճարեն $15: «Կոնգրեսի» լողավազանում մեկ ամիս լողացող «կոնգրեսմեն» զգալը կարժենա $80: Իսկ եթե դուք այնքան հնարավորություններ, ժամանակ եւ կարիք ունեք, որ հաճախորդ չլինելով ցանկանում եք «Կոնգրեսում» եւ լողալ, եւ մարզվել, ապա դա կարող եք անել ամիսը $130-ով: Ի դեպ, այս բարձր գները մի առավելություն ունեն. վճարելով համապատասխան գումարը մեկ ամսվա համար, դուք կարող եք ամեն օր մարզվել եւ լողալ: Գրեթե նույն պայմաններն են նաեւ «Երեւան» հյուրանոցի «ֆիտնես-կենտրոնում»՝ մարզադահլիճից օգտվելու մի ամսվա համար՝ $70: Միայն թե այստեղ որոշակի սահմանափակում կա. նրանք, ովքեր չեն հանգրվանել հյուրանոցում, կարող են մարզադահլիճից օգտվել միայն որոշակի ժամերի՝ առավոտյան 7:00-11:00-ը: Մարզասրահներ բացվեցին նաեւ խորհրդային ժամանակների մարզադպրոցներում: Դրանք այժմ էլ մարզադպրոցներ են, բայց համատեղում են երեխաների պարապմունքները եւ մեծահասակների համար նախատեսված ծառայությունները՝ շեյփինգ, բոդի-բիլդինգ եւ այլն: Դրանցից մեկը Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցն է, որտեղ ոչ միայն լողալ են սովորեցնում, այլեւ կա մարզասարքերով հագեցած դահլիճ եւ արդեն մի քանի տարի է՝ գործում են շեյփինգի եւ սպորտային մարմնամարզության խմբակներ: Այստեղի գները անհամեմատ մատչելի են: Շեյփինգի խմբակում ընդգրկվողները ամսական վճարում են ընդամենը 8000 դրամ, եւ շաբաթական երեք անգամ կարող են վայելել ռիթմիկ մարմնամարզության հաճույքը: Մարզասրահից մեկանգամյա օգտվելն արժե 1000 դրամ: Սակայն կա մի այլ պրոբլեմ՝ երեխաները: Իհարկե, անազնիվ է նրանց «պրոբլեմ» անվանելը, բայց մինչեւ այն պահը, երբ նրանք մի հսկայական խմբով գոռում ու ճչում են նույն դահլիճում, որտեղ դու փորձում ես համապատասխան երաժշտության հնչյունների ներքո ձերբազատվել սթրեսներից: Երեխաների աղմուկ-աղաղակից հետո ոչ միայն նոր սթրես ես ստանում, այլեւ որովայնդ չի մաշվում: Բացի հյուրանոցներում եւ մարզադպրոցներում գործող ֆիտնես-կենտրոններից եւ խմբակներից, կան նաեւ հատուկ այդ նպատակով բացված առողջական կենտրոններ: Դրանց թիվը գնալով մեծանում է: Այսօր արդեն Երեւանի գրեթե բոլոր թաղամասերում կան նման կենտրոններ: Իսկ մի քանիսը բավականին հայտնի են, եւ այնտեղ մարզվելու են գնում քաղաքի տարբեր մասերից: Օրինակ, «Հայաստան» առեւտրի կենտրոնում գործող մարզասրահն ու լողավազանը, «Բելլա» սպորտային-առողջարար կենտրոնը եւ այլն: Նշածս երկու կետերում էլ գործում են հաճախման մեկանգամյա եւ աբոնենտային տարբերակներ: «Բելլայում» մարզասրահից մեկանգամյա օգտվելն արժե 1500 դրամ, նույն արժողությունն ունի նաեւ շեյփինգի մի դասը: «Հայաստանում» մարզասրահից օգտվելն արժե 1400 դրամ, իսկ շեյփինգի մեկ դասը՝ 1200 դրամ: Սակայն «Բելլայում», աշխատակիցների հավաստմամբ, գումարի մեջ մտնում է նաեւ յուրաքանչյուր պարապմունքից հետո մի բաժակ լիմոնով թեյը: Վատ չէ: Ամսականը «Բելլայում» արժե $25 (շաբաթը երեք անգամ), «Հայաստանում»՝ մարզասրահից օգտվելը՝ 14 500 դրամ՝ 12 պարապմունքը, եւ շեյփինգը՝ 12 000 դրամ՝ կրկին 12 դասը: Ինչպես տեղեկացրին «Բելլայում», իրենց հաճախորդները հիմնականում ապահովված մարդիկ են (բնականաբար)՝ բժիշկներ, մարզիկներ, երգչուհիներ, արվեստի մարդիկ, գործարարներ: Կան նաեւ ուսանողներ: Ունեին նաեւ մի պատգամավոր հաճախորդ, որի անունը խնամքով թաքցրին: Ենթադրում ենք, որ դա Սերգո Երիցյանը չէր: «Հայաստան» առեւտրի կենտրոնի մարզադահլիճ եւ լողավազան հաճախում են սփյուռքահայերը, արտասահմանցիները, քիչ չեն նաեւ գործարարները, սպորտսմենները, կան լրագրողներ: Իսկ ընդհանրապես, ինչպես տեղեկացրեց աշխատակցուհիներից մեկը. «հիմնականում հաճախում են մեկանգամյա տարբերակով, այնպես որ, չենք իմանում՝ ովքեր են»: Դա լողավազանն ու մարզադահլիճը, իսկ «շեյփինգի դասերին հիմնականում մասնակցում են գործարար կանայք, որոնք հնարավորություն եւ ժամանակ ունեն իրենց վրա ծախսելու, կոփվելու, սկսած 18 տարեկանից մինչեւ 68 ունենք»: Լողավազանի մեկանգամյա հաճախումը «Հայաստանում» տատանվում է 2500-3000 դրամի սահմաններում՝ կախված օրվա ժամերից: Ի տարբերություն Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի, որտեղ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն լողավազանից օգտվել, նախնական բժշկական ստուգում են անցնում, այստեղ հաճախորդներին չեն ստուգում: Իմ աչքի առաջ մի խումբ դեռահասներ եկան «Հայաստան» կենտրոն, վճարեցին 2500 դրամը եւ մտան լողավազան: Իհարկե, մուտքի մոտ կախված էր ցուցանակ. «Առանց դուշի չի կարելի մտնել», սակայն ցնցուղը ոչ բոլոր հարցերն է լուծում: «Հայաստանում» եւս գործում է լողավազանից օգտվելու աբոնենտային կարգ՝ 12 պարապմունքը՝ 27000-30000 դրամ արժողությամբ: Ի դեպ, այստեղ լողավազանի վարձի մեջ մտնում է նաեւ սաունան: Ընդհանրապես, առաջարկվող ծառայությունների քանակով, թերեւս «Հայաստան» կենտրոնը լավագույնն է: Այստեղ բացի լողավազանից, շեյփինգի դասերից, մարզադահլիճից, կան նաեւ պարի խմբակներ (լատինամերիկյան եւ ժամանակակից՝ 8 պարը 8000 դրամ), ուշուի դասընթաց (8 դասը՝ 8000 դրամ), ինչպես նաեւ ակվաշեյփինգ՝ մի անգամը՝ 2500 դրամ: Շատ կենտրոնների նման այստեղ էլ է առաջարկվում մերսում, բայց բազմազան՝ դասական, թայլանդական, առողջարար: Մերսումը, կախված ժամաքանակից՝ քսան րոպեից մինչեւ մեկ ժամ, արժե 2500-7000 դրամ: Սպորտի կենտրոններ կան նաեւ ծայրամասերում: Օրինակ, Դավիթաշեն թաղամասում գտնվող «Անի» սպորտի եւ գեղեցկության կենտրոնում գործում են շեյփինգ, ստեպ-շեյփինգի դասընթացներ, ինչպես նաեւ առաջնակարգ տրենաժորներով հագեցած մարզասրահ: Այս կենտրոնի առավելությունն այն է, որ կան զեղչեր մշտական հաճախորդների, նույն ընտանիքի անդամների, երեխաների, ծերերի ու հաշմանդամների համար: Մարզասրահից օգտվելու կամ շեյփինգի դասընթացներին մասնակցելու աբոնեմենտն արժե 7-10 հազար դրամ՝ կախված ծառայությունից: 8230Ավագ սերնդի մեր ընթերցողները կհիշեն (գուցե կարոտախտով), որ նախորդ դարաշրջանում նույնպես կային «ֆիզկուլտուրա», հանուն առողջության զանգվածային շարժում, ՊԱՊ համալիր եւ այլն: Եվ այդ ամենն՝ անվճար: Բայց որքան էլ այդ հուշերը հաճելի լինեն, պետք է գիտակցել, որ այդպես այլեւս երբեք չի լինի: Նոր մարզասրահների եւ լողավազանների կառուցմանը զուգահեռ, այդ ծառայությունների գինը կարող է իջնել: Բայց ձրի չի լինի՝ մոռացեք: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել