Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱ՞ԾՔ Է ԶԻՋԵԼ

Հունվար 27,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱ՞ԾՔ Է ԶԻՋԵԼ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը հունվարի 17-ին «Ազդակ» ակումբում հայտարարել էր, թե Հայաստանը տարածքային լուրջ կորուստներ է ունեցել, որոնք աչքաթող են արվել. «Իջեւանից Նոյեմբերյան տանող հին ճանապարհը, որով մենք բոլորս երթեւեկել ենք, հիմա արդեն Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ չէ: Ադրբեջանի դիրքերն առաջ են եկել, մեր դիրքերը նահանջել են, ես եմ անձամբ տեսել այդ ամենը: Այդ ճանապարհով երթեւեկելը հիմա, մեղմ ասած, անվտանգ չէ»: Նա առաջարկել էր լրագրողներին մեկնել այնտեղ, «թեեւ ես կասկածում եմ, որ ձեզ կթույլատրեն գնալ այդ հին ճանապարհով»: Դավիթ Շահնազարյանը նաեւ ենթադրություն էր հայտնել, թե Իջեւանից Նոյեմբերյան նոր ճանապարհը, որ անցած տարի կառուցվեց «եւ այդքան դրամ ծախսվեց այդ նոր ճանապարհի համար՝ ընդամենը արվեց, որ վերեւի ավելի հյուսիս գտնվող ճանապարհը զիջվի ադրբեջանցիներին»: Այս հայտարարությունները մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց. «Իջեւան-Նոյեմբերյան հին ճանապարհը դեռ 1992 թվականից միշտ գտնվել է գնդակոծության տակ: Դա էր հիմնական պատճառը, որ կառուցվեց նոր ճանապարհը: Սակայն այն լուրերը, որ տարածել է Դավիթ Շահնազարյանը՝ չեն համապատասխանում իրականությանը: Իջեւան -Նոյեմբերյան հին ճանապարհը գտնվում է մեր սահմանում եւ հանձնված չէ հարեւաններին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կարո՞ղ են այդ ճանապարհով անցնել, թե՞ ոչ՝ այո՛, կարող են անցնել: Եվ եթե Դավիթ Շահնազարյանը ցանկություն կունենա լրագրողների խմբի հետ անցնելու Իջեւան-Նոյեմբերյան հին ճանապարհով՝ պաշտպանության նախարարությունը պատրաստ է կազմակերպել նաեւ ուղեկցումը»: Հրավերը փոխանցեցինք պրն Շահնազարյանին եւ նա ասաց. «Ես պատրաստ եմ նման ուղեւորության»: Նշենք, որ նա «Ազդակ» ակումբում հայտարարել էր, որ անգիր գիտե, «թե որտեղ են եղել ադրբեջանական դիրքերը, եւ վերջերս տեսել եմ, թե որտեղ են դրանք»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել