Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԱՌԱՅԺՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»

Մարտ 18,2004 00:00

«ԱՌԱՅԺՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ» Ըստ վարչապետի, իշխանափոխություն անպայման կլինի, բայց՝ 2008 թվականին Խորհրդարանում երեկ այնպիսի տխուր անգործություն էր տիրում, որ լրագրողները պարզապես շվարել էին՝ արդյոք ինչի՞ մասին են գրելու։ Ճիշտ է, օրինագծեր էին քննարկվում, մասնավորապես «Աշխատանքային օրենսգիրքը», սակայն տպավորությունն այնպիսին էր, որ գործ անելու իմիտացիա է արվում պարզապես։ Լրագրողները սրտատրոփ սպասում էին կառավարությանը, մասնավորապես վարչապետին, ակնկալելով, որ նրանք ինչ-որ աշխուժություն կմտցնեն։ Սակայն ստացվեց ինչպես միշտ։ Կառավարությանը հարցեր տալու համար հերթագրվել էր ընդամենը 10 պատգամավոր, հարցերի մի մասը կառավարությունը ցանկություն հայտնեց գրավոր ստանալ եւ գրավոր պատասխանել։ Միակը, որը քիչ թե շատ օրակարգային էր (պարարտանյութերից ու չստացված աշխատավարձերից բացի), Մհեր Շահգելդյանի հարցն էր։ Վերջինիս հետաքրքրում էր Աջարիայից կատարվող բեռնափոխադրումների ճակատագիրը։ Վարչապետն ասաց, որ բանակցություններ են ընթանում եւ բեռներն առայժմ Աջարիայում են ու դժվար է ասել, թե բանակցություններն ինչով կավարտվեն։ Վարչապետի հետ զրույցում լրագրողներին հետաքրքրում էր օրերս «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած միջադեպը։ (Քաղաքաշինության նախարար Արա Արամյանը, որի որդին եւս այդ դեպքի մասնակիցն է եւ վիրավոր, բավականին աննկատ հեռացավ դահլիճից)։ Ըստ որոշ լուրերի, նախարարի որդու լկտի պահվածքն է պատճառ դարձել միջադեպի։ Ինչպե՞ս է լինում, որ նման միջադեպերին, արդեն վատ սովորույթի համաձայն, մասնակից են լինում քաղաքական գործիչների եւ նախարարների որդիներ։ Վարչապետի վերաբերմունքը իհարկե բացասական է. «Այդ գործով զբաղվում են դատախազությունը, իրավապահ մարմինները, առայժմ ոչինչ չեմ կարող ասել»։ Վարչապետն ասաց նաեւ, թե ինքը բացասական վերաբերմունք ունի այն փաստին, որ կառավարության անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները հաճախ են հայտնվում նման, Ա. Մարգարյանի մեղմ ձեւակերպմամբ, «էքստրեմալ իրավիճակներում». «Բացասական եմ վերաբերվում։ Դրա մասին արդեն մի քանի անգամ կառավարության նիստերի ժամանակ ասվել է նախարարներին, որ իրենց շրջապատին, բարեկամներին, հարազատներին զգուշացնեն, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն»։ Կառավարության կազմի հնարավոր փոփոխության վերաբերյալ հարցին Անդրանիկ Մարգարյանը չպատասխանեց. «Եթե նման փոփոխություն լինի, դուք կիմանաք։ Այդ հարցին հիմա ես չեմ պատասխանի»։ Նախարարների «նարոդնիկական շարժման» (մարզային այցելությունների) թեման եւս չշրջանցվեց, եւ լրագրողները հարցը մի քանի տարբերակով հնչեցրին։ «Օպերատիվ խնդիրների համար բյուջեից գումարներ են հատկացված, եւ եթե դրանք լավ չեն կատարվում, շտկումներ լինում են։ Մեծ հատկացումների հետ կապված խնդիրները կփորձենք լուծել 2005թ. բյուջեում ներառելով։ Իսկ հրատապ խնդիրների համար գումարներ կհատկացվի լրացուցիչ ֆոնդից»,- նախարարների՝ մարզեր կատարած այցերի արդյունքում ծագած խնդիրների առնչությամբ ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Ընդդիմության ավելի ակտիվացած հայտարարությունները իշխանափոխության ժամկետների մասին եւս քննարկվեցին վարչապետ-լրագրողներ զրույցում։ Ըստ վարչապետի, առայժմ իշխանափոխության ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է ժամանակը՝ հարցրեց «Ազատություն» ռ/կ թղթակիցը։ «2008 թվականին»,- եղավ պատասխանը։ «ՀԺ»-ի թղթակիցը նկատեց, որ մարզերում ակնհայտ է ժողովրդի լարված եւ նյարդային վերաբերմունքը նախարարների հանդեպ։ Սա չի՞ նշանակում, որ ներքաղաքական իրավիճակը բավականին պայթունավտանգ է եւ տանում է սոցիալական առճակատման։ Ըստ վարչապետի, «ոչ, ես չեմ գտնում, որ այս տարի սոցիալական վիճակն ավելի վատ է, քան անցած տարի։ Ինքս էլ եմ եղել մարզերում, հիմնական դժգոհությունը հեղեղատների հետեւանքով առաջացած վնասներն են, որոնց կառավարությունը օպերատիվ արձագանքեց։ Սոցիալական բունտ հնարավոր չէ, որովհետեւ բարձրացվող խնդիրները՝ էլէներգիայի, ջրի, գազի սակագների բարձրացում, կառավարությունը վերցրեց իր վրա եւ թույլ չտվեց, որ սակագների բարձրացումը հասցնի սոցիալական լարվածության։ Տարբերությունը սուբսիդիաների ձեւով մենք փոխհատուցեցինք»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք նախարարների այցի ժամանակացույցը՝ մինչեւ մարտի վերջ, հատուկ է ընտրված եւ կապված է ընդդիմության շրջագայությունների հե՞տ։ Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե որեւէ միտում չկա, պատահաբար է այդպես ստացվել. «Այցերը պարբերաբար են լինելու, այս այցելությունից հետո որոշ նախարարներ կրկին կգնան մարզեր՝ ստուգելու, այն, ինչ հնարավոր էր կատարել, կատարվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ այդպիսի խմբակային այցելություններ կլինեն նաեւ տարվա վերջին»։ «Առավոտը» հայտնեց վարչապետին, որ ընդդիմությունը կոնկրետ ժամկետ է նշում՝ մինչեւ ապրիլի կեսերը նախագահական նստավայրը շրջապատելու մասին։ Եթե ընդդիմության քայլերը լինեն սահմանադրական եւ բազմահազարանոց, արդյո՞ք «Հանրապետական» կուսակցությունը ձեւեր կգտնի միանալու ընդդիմությանը։ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ «Հանրապետականը» կլինի «օրենքի եւ պետության կողքին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031