Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ ԿՀԱՂԹԻ»

Ապրիլ 06,2004 00:00

«ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ ԿՀԱՂԹԻ» Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որի կուսակցությունը երկխոսության կոչ է անում հայաստանյան քաղաքական ուժերին։ «ՀԺ»-ի թղթակցի դիտակմանը՝ «շաբաթ գիշերվանից սկսված ձերբակալություններն այդ երկխոսության բարի սկի՞զբն են», Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ես տեղյակ չեմ այդ խնդիրներին։ Բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ բոլոր իրադարձություններն օրենքի շրջանակներում լինեն»։ Նա նկատեց, որ գործող օրենքները իշխանություններին մեծ հնարավորություններ են տալիս։ Առճակատման դեպքում՝ «եթե իշխանությունները չպատասխանեն՝ կասեն թույլ է»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը, հակառակ պարագայում՝ «մեկն ու մեկը կհաղթի եւ, ամենայն հավանականությամբ, դա կլինի իշխանությունը»,- եզրափակեց նա։ Իսկ Լեւոն Մկրտչյանի դիտարկմամբ, երկխոսությունից հրաժարվող ընդդիմության առաջիկա քայլերը կարող են հանգեցնել լուրջ ցնցումների, իսկ իշխանությունները՝ երկրի կայունությունը պահպանելու համար պարտավոր են գնալ լուրջ քայլերի։ «Դուք արդարացնո՞ւմ եք ձերբակալությունները» հարցին Լ. Մկրտչյանն արձագանքեց. «Ես ասում եմ առաջիկա քայլերը»։ Երկխոսության կոչը, որն արտահայտվում է ՀՅԴ ԳՄ հայտարարությամբ, կոալիցիայում համաձայնեցված չէ։ Այդ առիթով դաշնակցականները ասում են. «Եթե մնացած ուժերը չեն գտնի այդ կամքը՝ կյանքը մեկ օրով չի, նրանք դեռ պատասխան կտան, թե ինչո՞ւ չօգտագործեցին պատմական պահը»։ Այն, որ ընդդիմությունը երկխոսությունը դիտարկում է վստահության հանրաքվեի կոնտեքստում, ՀՅԴ-ին իրատեսական չի թվում. «Ով է իրավունք տվել որեւէ մեկին պայմաններ թելադրել։ Այն ձեւով, ինչպես ընդդիմությունն է բարձրացնում, այդ խնդիրն ուղղակի անլուծելի է։ Սահմանադրությունն ունի նախագահի փոփոխության չորս տարբերակ, որոնցից ոչ մեկը հանրաքվե չի ենթադրում։ Իսկ այդ հարցը պետք է դիտարկել ՀՀ օրենքների շրջանակներում»՝ ըստ Ա. Ռուստամյանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել