Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»

Ապրիլ 20,2004 00:00

«Առավոտին»
տված հարցազրույցում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
– Հնարավո՞ր է, որպես ելք լարված իրավիճակից, ընտրվի վարչապետի փոփոխությունը։

– Եկեք մի փոքր վերլուծություն անենք։ Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը։ Հրաժարականների շարքում կարող է լինել նաեւ ԱԺ լուծարումը։ Նախորդ ԱԺ-ում մեկ տոկոս էլ չհավաքած կուսակցությունը այսօր ակտիվացել է եւ պահանջում է ԱԺ-ի լուծարում։ Ես, իհարկե, դա լուրջ չեմ ընդունում։ Որպես հաջորդ խնդիր՝ կառավարության, վարչապետի հրաժարականը։ Կառավարությունը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում։ Եվ ես նախագահին չեմ համարում այնպիսի մարդ, որը կարող է տվյալ պահին ոչ թե ընդդիմության խնդիրը լուծել, այլ այնպիսի դաշտում գտնվող քաղաքական ուժի, որը ցանկանում է գործադիր իշխանությանն ավելի մոտ լինել կամ տիրապետել այդ լծակներին, եւ գնալ այն քայլին, որը Հանրապետական կուսակցությանը կդարձնի ընդդիմություն։ Կառավարության հրաժարականի պատճառը կարող է լինել տնտեսական, սոցիալական եւ այլն, որը այսօր հնարավոր չէ, քանի որ ե՛ւ նախագահը, ե՛ւ միջազգային կառույցները արդեն երկու տարի շեշտում են, որ կա տնտեսական աճ եւ զարգացում։ Հաջորդ պատճառը կարող է քաղաքական լինել, իսկ դա կնշանակի, որ ի դեմս Հանրապետականի կուժեղացվեն ընդդիմության շարքերը։ Տվյալ պարագայում, ո՛չ երկրի կայունությանը, ո՛չ էլ երկրի նախագահին այս տարբերակը ձեռնտու չէ։ Հետեւաբար, վարչապետի եւ կառավարության հրաժարականի մասին խոսակցությունները պարզապես անլուրջ են։

– Անցած ԱԺ եռօրյաներից մեկի ժամանակ պատասխանելով Հրանտ Խաչատրյանի հարցին, դուք ասացիք, թե լիովին վերահսկում եք ուժային կառույցների, այդ թվում՝ ոստիկանության աշխատանքը, եւ վստահեցրիք, որ որեւէ սադրանք չի լինի։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ապրիլի լույս 13-ի գիշերը կատարված գործողությունների մասին դուք նախօրոք տեղյակ էիք եւ շատ լավ գիտեիք, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ է կիրառվելու։

– Խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը ուժ չի կիրառել։ Ուժ է կիրառվել այն դեպքում, երբ չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին։ Այն բոլոր դեպքերում, երբ հասարակության անվտանգությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը «Ոստիկանության մասին» օրենքին համապատասխան, պարտավոր է գործողություններ կատարել։ Այս առումով ես էլ եմ տեղյակ եղել։ Ոչ թե հրաման եմ տվել՝ հրամանը տալիս է ոստիկանության պետը։ Նա ե՛ւ ինձ, ե՛ւ նախագահին զեկուցել է կատարվածի մասին եւ ցուցմունք է ստացել առաջնորդվել օրենքով։ Ուրիշ հարց է, թե որոշակի օղակներում այդ քայլերը ինչպիսի ճշտությամբ եւ խստությամբ են կատարվել։ Հնարավոր է գիշերվա գործողությունների ժամանակ երկու լրագրողի նկատմամբ եղել են բռնություններ, բայց գիշերով չես կարող զանազանել՝ լրագրո՞ղ է, թե՞ սովորական միտինգավոր, որը չէր ենթարկվում ոստիկանության պահանջներին։

– Այնուամենայնիվ, որոշակի տպավորություն կա, որ վարչապետը մի կողմ է քաշվել։ Մինչեւ այժմ կատարվածի գնահատականը դուք չեք տվել։

– Կոալիցիան, այդ թվում նաեւ Հանրապետականը, արտահայտել էր այն, ինչ մտածում ենք բոլորս։ Տիգրան Թորոսյանը կամ Գալուստ Սահակյանը իրենց կարծիքը չեն հայտնել, այլ մեր կուսակցության ընդհանուր տեսակետը։ Դա նաեւ կոալիցիայի ընդհանուր տեսակետն է։ Այդ պատճառով ես անհրաժեշտություն չէի գտել որպես վարչապետ կամ ՀՀԿ նախագահ իմ տեսակետն առանձին արտահայտել։ Կոալիցիան երկխոսության առաջարկ է արել։ Ցավոք, ընդդիմությունը միայն մեկ հարց է դնում՝ վստահության հանրաքվեի հարցը, որը մենք չենք ընդունում։ Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ընդդիմության ղեկավարների հետ եւ փորձում եմ հասկանալ, թե բացի այդ խնդրից ընդդիմությունը ուրիշ ինչ խնդիրներ է ցանկանում դնել մեր առջեւ, իմ առջեւ՝ որպես իրենց հետ քաղաքական ճանապարհ անցած մարդու։ Այսինքն՝ նորմալ մարդկային խոսակցություն է եղել, եւ ցավոք սրտի, նրանք որեւէ ուրիշ խնդիր առաջ չեն քաշում։ Ապրիլի 13-ից հետո առաջ քաշվեց ձերբակալվածներին ազատ արձակելու եւ մեղավորներին պատժելու հարցը։ Սակայն սա ուղղակի տեղի ունեցածի հետեւանքն է։ Մենք համաձայն ենք այս հարցերը քննարկել եւ փորձել լուծում գտնել։ Բայց եթե իրենք դարձյալ պետք է նմանատիպ գործողություններ կատարեն (խոսքը ցույցերի, երթերի եւ այլնի մասին է.- Մ. Ե.), ուրեմն միշտ էլ լինելու են նման հետեւանքներ։

– Եթե ընդդիմությունը ձեր առաջարկած պայմաններով չի նստում երկխոսության, ելքը ո՞րն է՝ ընդդիմության ակտիվիստներին եւ պատգամավորներին ձերբակալել եւ լռեցնե՞լ ժողովրդին։

– Ի՞նչ է նշանակում ժողովրդին լռեցնել։ Քաղաքական ուժերը որոշակի դժգոհություններ եւ տեսակետներ են արտահայտում, դա իրենց դժգոհությունն է եւ իրենց տեսակետը եւ հարկավոր չէ խոսել ժողովրդի անունից։ Եթե հավաքվում է, ընդունենք՝ 20 հազար մարդ, ապա դա մեր ընտրողների ընդամենը 1 տոկոսն է։ Ինչո՞ւ պետք է մենք փողոցի միջոցով մեկ տոկոսի դժգոհությունը հաշվի առնենք եւ մնացած 99 տոկոսինը՝ ոչ։ Ելքը մնում է սա։ Եթե իրենք օրենքը չեն խախտում՝ միտինգներ են անում, հոդվածներ են գրում, արտասահմանից տղա են բերում մեր պետության վրա եւ ուզում են շարունակել այդ գործընթացը, թող շարունակեն։ Բայց թող ժողովրդի անունից չխոսեն։ Որովհետեւ ե՛ւ նախագահը, ե՛ւ կոալիցիայի անդամ կուսակցությունները, նաեւ՝ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը» եւս ժողովուրդ են ներկայացնում եւ ավելի մեծաթիվ։ Ընդդիմության լիդերները շատ լավ գիտեն, որ այս ճանապարհով խնդիր չեն լուծելու։ Խոսում են ժողովրդի անունից, իսկ ի՞նչ է հարկավոր ժողովրդին փողոց դուրս բերելու համար։ Սոցիալական խնդիրների պայթյունի վտանգ այսօր երկրում չկա։ Ուրեմն մնում է ժողովրդին ինչ-որ հարցերի շուրջ գրգռել, խաղալ նրանց զգացմունքների վրա։ Եվ ընդդիմությունը պատրաստ է երթերի եւ միտինգների մասնակցող ժողովրդի հատվածը հակադրել իշխանություններին, որպեսզի այդ հատվածի մեջ առաջանա զայրույթ եւ դժգոհություն։ Այսինքն՝ արհեստականորեն օգտագործել ժողովրդին՝ սեփական խնդիրները լուծելու համար։

Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել