Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՏԱԿԱՐ՝ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Հունիս 05,2004 00:00

ՕԳՏԱԿԱՐ՝ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների միջազգային 4-րդ խաղարկությունը։ Այս անգամ մրցագորգի վրա հանդես եկան հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Գերմանիայի շուրջ 90 մարզիկներ։ Ընդ որում, Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ներկայացրել էին մի քանի թիմ։ Նման մրցաշարերի կազմակերպումը Հայաստանում անչափ կարեւոր է հատկապես տեղացի ըմբիշների մրցափորձի կուտակման առումով, որոնք, ինչպես հայտնի է, անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով միշտ չէ, որ ամբողջական թիմերով միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություն ունեն։ Իսկ այն, որ այս օրերին Երեւանում էին գտնվում նաեւ մարզաձեւի համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 12-ակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 5-ակի ու Եվրոպայի 3-ակի չեմպիոն Իսլամ Դուգուչիեւը, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Մուրադ Կարդանովը, Մարկ Պուլմանը (Գերմանիա), Մնացական Իսկանդարյանը, որը նաեւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է, վետերանների աշխարհի եռակի չեմպիոն, մարզաձեւի Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, մեր հայրենակից Ռաֆայել Սամուրգաշեւը եւ այլք, մրցումներն իսկական մարզական տոնակատարություն դարձրին։ Գոտեմարտերը սկսվելուց առաջ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը Ալեքսանդր Կարելինին հանձնեց հանրապետության օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե շքանշանը»։ Չնայած իր անվան մրցանակների խաղարկության մասին խոսելը մի փոքր անհարմար էր, այդուհանդերձ, Լեւոն Ջուլֆալակյանը համաձայնեց մի քանի բառ ասել. – Նախ պիտի իմ խորին շնորհակալությունը հայտնեմ այս մրցումները նախաձեռնողներին՝ մեր քաղաքային ֆեդերացիային, հանրապետական ֆեդերացիային, Սպորտպետկոմին եւ Օլիմպիական կոմիտեին, հովանավորներին ու բոլոր աջակցողներին։ Նրանց կատարած նախապատրաստական լուրջ աշխատանքի շնորհիվ տարեցտարի փոխվում է մրցաշարի որակը։ Այսօր այստեղ են այն թիմերը, որոնք Եվրոպայում ուժեղագույններն են համարվում։ Մասնավորապես, Ռուսաստանն ու Վրաստանը, որպես կանոն, թիմային պայքարում Եվրոպայում գրավում են 1-ին կամ 2-րդ տեղերը։ Իրանի ու Գերմանիայի դպրոցներն էլ մեծ ճանաչում ունեն։ Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ այսօր Հայաստանի հավաքականը նույնպես Եվրոպայում առաջատարների շարքում է։ Ինչ վերաբերում է բուն երեւանյան պայքարին, անչափ գեղեցիկ գոտեմարտեր են, որոնց հետեւելը մեծ բավականություն է պատճառում։ Ինձ ուրախացնում է այն, որ պատկառելի թիվ են կազմում երիտասարդները, որոնք վաղը փոխարինելու են ազգային հավաքականների իրենց ավագ ընկերներին։ Ես հենց այս տեսանկյունից եմ նայում այսպիսի մրցումներին, որոնք, իրոք, շատ անհրաժեշտ են Հայաստանին։ Այստեղ է աճ ձեռք բերվում, դրվում վաղվա օրվա հիմքը։ – Հայաստանի մարզիկները միայն Երեւանի՞ց են։ – Ոչ։ Հիմնականում հանդես են գալիս մեր ավանդաբար ուժեղ քաղաքների ներկայացուցիչները ինչպես Երեւանից, այնպես էլ Գյումրիից ու Էջմիածնից։ Մասնակիցներ ունենք նաեւ Բագրատաշենից, Աշտարակից, Արարատից, այլ մարզերից։ Այնպես որ, արդեն կարելի է արձանագրել, որ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհագրությունը մեր հանրապետությունում ընդաձարկվում է։ Եվ քանի որ արդեն մարզերը ներկայացուցիչներ ունեն այս բարձրակարգ մրցումներում, նշանակում է տեղերում մասսայականության հարցերն էլ են աստիճանաբար լուծվում։ – Առաջիկայում երիտասարդական կարեւոր միջազգային մեկնարկներ կան։ – Այո, շուտով կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այս մրցաշարն ընտրական բնույթ է կրում ինչպես մեր թիմի, այնպես էլ հյուրերի համար։ Եվ, կարծում եմ, պատահական չէ, որ Երեւանում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, իմ լավ բարեկամ Մնացական Իսկանդարյանը։ – Լեւոն, դու մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ես։ Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել։ Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստության վճռորոշ փուլը։ – Այս պահին Երեւանում հավաք ենք անցկացնում, որից հետո հունիսի 10-ին մեկնելու ենք Ֆրանսիա՝ միջազգային մրցաշարի։ Այնտեղից կգնանք Ալուշտա՝ նոր ուսումնամարզական հավաքի, հետո կվերադառնանք Ծաղկաձոր, նորից կգնանք Ալուշտա։ Վերջին հավաքը կանցկացնենք Հայաստանում եւ այստեղից կմեկնենք Աթենք։ Տղաների վիճակն այս փուլի համար նորմալ է։ Բոլորն էլ մարզվում են։ Անում ենք այնպես, որպեսզի մարզավիճակի գագաթնակետին հասնենք օլիմպիական մեկնարկների օրերին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել