Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԵՐԸ ՍԽԱ՞Լ ԵՆ ԳՈՒՄԱՐԵԼ

Հունիս 11,2004 00:00

ԹՎԵՐԸ ՍԽԱ՞Լ ԵՆ ԳՈՒՄԱՐԵԼ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորած «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Գագիկ Մելիքյանը երեկ գրեթե սենսացիոն բացահայտում արեց, ասելով, որ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած զեկույցին հանձնաժողովի փոխնախագահը եւ անդամները ծանոթացել են հրապարակումից մի քանի րոպե առաջ միայն։ Եվ որ զեկույցը չի քննարկվել եւ չի ներկայացվել հանձնաժողովին։ Հակառակ դեպքում դրանում այդքան շատ չէին լինի, ըստ Գ. Մելիքյանի, թվաբանական սխալները. «Եթե գոնե մեկ ժամ առաջ մենք տեղյակ լինեինք, թվաբանական գործողությունները ճիշտ կկատարեին։ Թվերը գումարելով 50 միլիոն չի ստացվում։ Եվ հետո, չի կարելի գումարել թվեր, որոնք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Նշվեց մոտ 50 միլիոնի մասին։ Դա սուբսիդիա չի եղել ամբողջությամբ։ Թվի ընդամենը 5 միլիարդ 800 միլիոն դրամն է եղել սուբսիդիա, որը տրվել է էլէներգիայի պարտքերը 96-99 թթ. ընթացքում մարելու նպատակով։ Սուբսիդիայի տրման նպատակը եղել է նաեւ բնակչությանը սպառման համար հատկացված ջրի արժեքի եւ ինքնարժեքի տարբերությունները մարելու նպատակով, որը կառավարության պարտականությունն էր։ Տրված գումարից 9 մլրդ 600 մլն դրամը ձեւակերպվել է որպես բյուջետային վարկ՝ մեկ տոկոսով։ Նշված գումարի շուրջ 4 մլրդ 800 մլն դրամը մարվել է Երեւանի ջրմուղ-կոյուղու կողմից։ Իրոք, կառավարության 2003թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ հատկացվել է 12 մլրդ 400 մլն դրամ Երեւանի ջրմուղ -կոյուղուն՝ որպես բաժնետոմսերի արժեք, որը թողարկվել էր ջրմուղ- կոյուղու կողմից եւ վաճառվում էր։ Այսինքն՝ դա չի կարելի համարել ջրմուղ-կոյուղուն տրված գումար։ 12,4 մլրդ դրամը ուղղվել է 96- 99թթ. առաջացած էլէներգիայի պարտքի մարմանը, շուրջ 1,8 միլիարդ դրամը՝ բնապահպանական վճարներին, 2,4 միլիարդը՝ նախկինում ստացված վարկի մարմանը։ Կարծում եմ՝ ճիշտ չէ վարկերի գումարը գումարել բաժնետոմսերից առաջացած եկամուտին եւ ասել, որ կառավարության կողմից հատկացվել է 50 միլիոն դոլար։ Դրանք տնտեսագիտորեն անհամատեղելի գումարներ են»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել