Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադիմականներն՝ ընդդեմ Սորոսի

Հունիս 15,2004 00:00

Առաջադիմականներն՝ ընդդեմ Սորոսի Պայքարենք, մինչեւ ճշտվի ինչի դեմ Հանրահայտ անեկդոտ կա. հոգեբուժարանի տնօրենը առաջարկում է իր «սաներին» լողալ դատարկ լողավազանում, ավելացնելով՝ «Եթե ձեզ խելոք պահեք՝ ջուր էլ կլցնեմ»։ Մոտավորապես այսպիսի ոգով մի պայքար է նախաձեռնել Հայաստանի առաջադիմական կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի։ Արդեն տեւական շրջան նա խոսում է «Սորոսի» հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող եւ մեր երկրում գործող կառույցների մասին։ Շաբաթ օրն էլ առաջադիմականները ՀՀ արդարադատության նախարարության դիմաց կրակի մատնեցին դոլարի նշանի երկու մետրանոց մակետը՝ հանուն մեր պետության եւ պետականության։ Պարոն Ուրիխանյանին առաջարկեցինք մեր թերթի միջոցով հրապարակել իրենց ունեցած փաստերը՝ ՀՀ-ի դեմ դավադրությանը մասնակցող հասարակական կազմակերպությունների մասին, այլապես պայքարը մի տեսակ մերկապարանոց է ստացվում։ Ի պատասխան ասվեց. «Որեւէ կոնկրետ կազմակերպության անուն չենք հնչեցրել։ Կա՞ որեւէ մեկը, որ կբացառի, թե «Սորոսի» հիմնադրամը կամ մի շարք այլ արտաքին կոմերցիոն ուժեր փորձում են ներխուժել տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի թե՛ հասարակական, թե՛ ներքաղաքական գործընթացների մեջ։ Կան ակնհայտ երեւույթներ, որոնք տեղավորվում են պարզ մարդկային ըմբռնումների մեջ»։ Պարզվեց, որ երիտասարդ գործչին հունից հանում են «Կանայք, մի ենթարկվեք ձեր տղամարդկանց, որովհետեւ ձեր իրավունքներն ունեք»-տիպի կարգախոսները եւ հատկապես այն, որ շաբաթ օրը Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված «Ընդդեմ բռնությունների» ֆոտոցուցահանդեսում մարդու իրավունքների մասին պաստառները անգլերեն են եղել։ Արդարադատության նախարարության մոտ կազմակերպած ակցիայից հետո Ուրիխանյանին՝ իր թիմակիցների հետ միասին, ընդունել է Դավիթ Հարությունյանը։ Վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փաստեր ներկայացնել, որպեսզի նախարարությունը ստուգումներ սկսի։ «Իսկ ե՞րբ կներկայացվեն փաստերը»՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, Ուրիխանյանն ասաց. «Երբ ձեռք բերենք»։ Իսկ մինչ այդ երիտասարդ առաջադիմականները պիտի պայքարեն։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել