Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ»

Հունիս 17,2004 00:00

Ընդդիմության երեկվա հանրահավաքն ըստ ամենայնի՝ վերջինն էր ամառվա ընթացքում: «Հանգիստ խղճով գնացեք տուն»,- հավաքվածներին առաջարկեց Ալբերտ Բազեյանը, մինչ նրանք պահանջում էին անցկացնել նստացույցեր եւ երթեր:

Սա առաջին հանրահավաքն էր, որի ժամանակ չազդարարվեց, թե երբ է լինելու հաջորդը: Սակայն այն այնուամենայնիվ ունեցավ հանդիսավոր, գրեթե խորհրդային շքերթներին հատուկ սկիզբ: ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանն ամեն մի նոր խմբի ժամանումը ողջունում էր ազդարարելով. «Հրապարակ է մտնում մեր հայրենակիցների մի հո՜ծ բազմություն:… Մաշտոցի պողոտայով մոտենում են «Ազգային միաբանության» ակտիվիստները՝ ողջունե՛նք նրանց»: Բազմաթիվ եռագույն դրոշները կամբողջացնեին տոնական տրամադրությունը, սակայն կարգախոսները բնավ շքերթային չէին. դրանցից մեկն, օրինակ, ազդարարում էր. «Աճի երկանիշ թվերը հացի վրա չես քսի»:

Հռետորներն անդրադառնում էին ընդդիմության հասցեին քննադատությանը: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն, ասենք, նշեց, թե ոմանք «դիտորդի կարգավիճակով» վերլուծություններ են անում պայքարի ավարտի մասին. «Պիտի հասկանանք, որ սա գործընթաց է, որը պահանջում է հետեւողականություն ու հաստատակամություն»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում նշեց, թե գործող իշխանությունները վախենում են նույնիսկ չարգելված հանրահավաքից, քանի որ նախագահի նստավայրի շրջակայքում նորից կուտակել են ռազմական տեխնիկա եւ զորք:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նկատեց. «Ամեն հանրահավաքի ժամանակ միլիոններ են ծախսվում, որ ավտոբուսներով զինվորներ բերեն, փշալարերի մեքենաներ, զինտեխնիկա, ջրանետներ եւ այլն: Այս ամենը հարկատուների հաշվին է՝ ցածր թոշակների ու սոված երեխաների, որոնց կարելի էր կերակրել այդ գումարներով: Եթե երկրի ղեկավարն այդքան վախ ունի իր մեջ ժողովրդի նկատմամբ՝ նշանակում է, թշնամի է իր ժողովրդին»: Ըստ նրա՝ ընդդիմության խնդիրն է պայքարել այնքան, «որքան անհրաժեշտ է, որ հեռանա նման վարչախումբը»:

Ահա այստեղ էլ հանրահավաքը վարողը՝ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը խոստովանեց, թե ընդդիմության շարժումն ունեցել է տատանումներ՝ մակընթացություններ եւ տեղատվություններ. «Մենք այժմ ապրում ենք տեղատվության փուլը, բայց գալու է նաեւ հզոր մակընթացության փուլը»:

«Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն իշխանության ուշադրությունը հրավիրեց, որ նույնիսկ բոլոր ձերբակալություններից, ճանապարհներ փակելուց եւ այլնից հետո՝ «ընդդիմությունն այսքան ժողովուրդ ե՜րբ ուզենա՝ կարող է հավաքել, ամե՛ն օր ու ամե՛ն ժամ: Բայց այս անգամ ընդդիմությունը ձեզ չի ասելու, թե երբ ենք գալու հաջորդ անգամ»: Խոստացավ, թե իրենց հաջորդ գործողությունների մասին կտեղեկացնեն դրանցից 1-2 օր առաջ: Նաեւ բացահայտեց, որ ընդդիմությունն ուներ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ծրագիր. «Դժբախտաբար՝ կարճաժամկետ ծրագիրը չիրականացավ մի պարզ պատճառով՝ մենք չէինք հաշվարկել Քոչարյանի բարոյական նկարագիրը: Երբե՛ք այդպես չէր եղել, որ հայ ոստիկանը հրեր հենակների վրա կանգնած ազատամարտիկին, ձեռք բարձրացներ հայ կնոջ վրա»: Արամ Սարգսյանը խոստացավ, թե ընդդիմությունն իր ծրագրի իրականացումը սկսելու է պատժելուց ու արդարադատություն իրականացնելուց. «Այն ոստիկանը, որ կնոջ վրա ձեռք է բարձրացրել՝ պիտի դատվի՛, այն դատավորը, որ գիշերով 200 մարդու էր դատում՝ պիտի դատվի՛, ՍԴ այն դատավորը, որ կայացրեց անօրինական որոշում՝ պիտի դատվի՛»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն առանց ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի անունը տալու՝ անդրադարձավ նրա այն գնահատականին, թե ընդդիմությունն արդեն մեռած է. «Պարոն Քոչարյան, էդ Կոմիտասի այգին որ տվել ես՝ ռեստորան է կառուցում քո մանկլավիկը, թող գա՝ իր աչքերով տեսնի, որ այսօր ընդդիմության չնչին մասը հավաքվել է այս հրապարակում ու ձեր քելեխն է անում»:

Եզրափակիչ խոսքում հանրահավաքը վարողն ազդարարեց. «Ավարտվեց ժողովրդի եւ իշխանության պայքարի առաջին փուլը: Թվում է, թե իշխանությունները հաղթանակ տարան, բայց ի՞նչ գնով՝ վարկաբեկելով մեր երկիրն ամբողջ աշխարհում, բացելով իրենց դեմքը ողջ հանրության առջեւ: Եթե սպորտային տերմիններով խոսենք՝ բռնցքամարտի առաջին ռաունդում հաղթել են, բայց՝ խախտելով կանոնները, գոտկատեղից ներքեւ հարվածելով: Բայց շատ ենք տեսել, որ հաջորդ ռաունդներում հաղթում է նա՝ ով ավելի գրագետ է ու ճիշտ է գործում՝ կանոնների շրջանակում»: Բազեյանը հայտարարեց, թե վերանայելու են մարտավարությունը եւ նախապատրաստվելու հաջորդ՝ «կարեւորագույն ռաունդին, երբ կբարձրացնենք մի նոր՝ համաժողովրդական մեծ ալիք»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Հանրահավաքի ավարտից հետո Ալբերտ Բազեյանին հարցրինք,
թե բացառո՞ւմ է, որ ամառվա ընթացքում գումարվեն հանրահավաքներ. «Բացարձակապես
բացառված չէ: Մենք երբեք չենք ասել, որ դադարեցնում ենք հանրահավաքները:
Ըստ անհրաժեշտության՝ անպայման կլինեն երթեր, ցույցեր եւ բողոքի այլ գործողություններ:
Պայքարը շարունակվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել