Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԴԻՄ ՇՈՒԲԼԱՁԵՆ՝ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հունիս 17,2004 00:00

ՎԱԴԻՄ ՇՈՒԲԼԱՁԵՆ՝ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ Հայ ունկնդրին քաջածանոթ վրաց դիրիժորը իր ծննդյան 70-ամյակը տոնում է Հայաստանում։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 18-ին նա կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, մենակատար՝ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Սարաջյան (Մեծ Բրիտանիա), կմասնակցեն նաեւ Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը եւ մեներգիչներ։ – ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում կատարվեց նաեւ «վարդերի» հեղափոխություն։ Ինչպիսի՞ն է ձեր՝ որպես քաղաքացու ու մշակույթի գործչի կարծիքը կատարվածի առիթով։ – Այս հարցի շուրջ ես ընդարձակ հոդվածով հանդես եմ եկել վրացական մամուլում եւ պետք է ուղղում մտցնեմ. ոչ թե «վարդերի» հեղափոխություն, այլ պարզապես բում։ Ասեմ, որ իմ ու գործընկերներիս գնահատմամբ, մինչեւ 1996թ. հիանալի էր աշխատում մեր էքս-նախագահը, ինչը չի կարելի ասել 1996-ից հետո։ Իմ կարծիքը միանշանակ է. ամեն ինչ իր ժամանակն ունի, ասել կուզեմ, որ Շեւարդնաձեն այդ պաշտոնի համար տարիքն արդեն առել էր։ – Ելնելով ձեր ասածից, ինչո՞ւ վրաց ժողովուրդը «բումը» չարեց 96-ին, 97-ին, 98-ին, այլ միայն 2003-ին։ – Պարզ պատճառով՝ լիդեր չկար։ Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ վրաց ժողովուրդն արեց բում։ Սա այլեւս գաղտնիք չէ, որ ամեն ինչ, չասենք՝ կազմակերպվեց, բայց խրախուսվեց արտերկրից։ Եթե մենք 2003-ից 7 տարի գնանք հետ եւ ծանոթանանք Վրաստանի այսօր գործող նախագահի կենսագրականին, ապա կտեսնենք, որ Սահակաշվիլին՝ որպես լիդեր, Վրաստանում հայտնվեց Ամերիկայում իր ուսումը ավարտելուց հետո։ Բայց սա այն դեպքն է, երբ վրաց ժողովուրդը հպարտանում է իր 36-ամյա նախագահով՝ անթերի տիրապետումը 5-6 լեզուների, առանց թարգմանչի հաղորդակցվելը տարբեր երկրների առաջին դեմքերի հետ, մի խոսքով, միանշանակ խելացի է ու պատրաստված։ Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, պետք է հասկանալ մեկ բան՝ մշակույթ ստեղծողը, ներկայացնողը, պահպանողը, զարգացնողն ու փոխանցողը ժողովուրդն է։ Այս դեպքում արտերկրի ոչ մի ուժ չի կարող, մեծ ցանկության դեպքում նույնիսկ, թափանցել այլ ազգի մշակույթ։ Ինչ խոսք, «պերեստրոյկայից» տուժեցին թե՛ վրաց, թե՛ հայ, թե՛ ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթները։ Եվ միայն մշակույթի նվիրյալների ու գործիչների ուժերով պետք է վերականգնվի կորսվածը։ Այս ոլորտում ամեն ինչ արվել ու պետք է արվի անձնական կապերի շնորհիվ։ Չանտեսելով մշակույթի նախարարների դերը, այնուամենայնիվ, պետք չէ հույս դնել նրանց վրա. ժամանակ առ ժամանակ նրանք գալիս են ու գնում։ Կրկնում եմ, այս ոլորտում գլխավոր դերը ժողովրդինն է։ – «Առավոտին» տված ձեր նախորդ հարցազրույցից (2002թ.) տեղեկացանք, որ ձեր կինը՝ հայ անվանի երգչուհի Էլվիրա Ուզունյանը, որից մենք տեղեկություն չունենք տարիներ շարունակ, բնակվում է Բոստոնում։ Ի՞նչ կասեք նրա ստեղծագործական գործունեության մասին։ – Կյանքը իմ առաջին ընտանիքի՝ «դասավորեց» այսպես. ես Վրաստանում եմ ու Հայաստանում, Էլվիրան՝ Բոստոնում, իսկ մեր աղջիկը իր ընտանիքով՝ Լոնդոնում։ Պարզ ասեմ՝ համատեղ կյանքի 14 տարիների ընթացքում ես ու Էլվիրան ոչ մի վայրկյան հենց այնպես չենք ապրել ու, բնականաբար, մեր կապը երբեք չի ընդհատվել։ Երբ աղջիկս՝ Զառան, գալիս է տուն՝ Երեւան, ես էլ եմ շտապում։ Ցավոք, անգամ մեծ ցանկության դեպքում, բայց որոշ հանգամանքներից ելնելով, Էլվիրան չի կարողանում գալ։ Իսկ արդեն տարիներ շարունակ ես իմ 14-ամյա վրացուհի աղջնակի հետ եմ գալիս Հայաստան, ծանոթացնում իմ բարեկամներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին։ Թող վրացուհի լինելով նա այս տարիքից զգա ու հասկանա, թե ով է հայը ու ինչ է նշանակում Հայաստան։ Թող շփվի ոչ միայն վրաց, նաեւ իմ հայ կոլեգաների հետ։ Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ ես բեմ դուրս կգամ մի դաշնակահարուհու հետ (խոսքը Աննա Սարաջյանի մասին է), որը իմ աչքի առաջ է մեծացել եւ որի ընտանիքի հետ հին բարեկամներ ենք։ Ո՞վ իմանա, գուցե տարիներ հետո էլ իմ դաշնակահարուհի աղջնակը դուետով հանդես գա Աննայի հետ։ Մենք պետք է պահենք ու սերունդներին փոխանցենք նաեւ մեզ հասած, այս դեպքում՝ վրաց ու հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել