Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը սպասարկում է ՌԴ շահերը»

Օգոստոս 04,2004 00:00

«Հայաստանը սպասարկում է ՌԴ շահերը» Կարծում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Օրերս թերթերից մեկի մատուցմամբ, մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլու արած այն հայտարարությունը, թե «աբխազական խնդրի լուծումն ինչ-որ չափով նաեւ Հայաստանում է գտնվում», ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել էր, թե՝ «Հայաստանում է գտնվում այն առումով, որ մենք պետք է ընդամենը միջնորդ լինենք իրենց մոտեցումները ռուսական կողմին հայտնելու», եւ հավելել, նաեւ՝ Աբխազիայում հայկական կազմակերպված համայնքի առկայությունը, որի միջոցով Հայաստանը կարող է նաեւ աջակցել խնդրի լուծմանը: ՀՀ վարչապետի հիշյալ հայտարարությանը երեկ արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա մեզ խոստովանեց, թե ՀՀ վարչապետի ասածը պարզապես վիրավորում է ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը: Թե՝ ինչո՞ւ, Ս. Սուրենյանցը փորձեց պարզաբանել՝ մեկնաբանելով Ա. Մարգարյանի սույն հայտարարությունը. «Ցավոք, իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները արտաքին քաղաքականության վերաբերյալ գալիս են հաստատելու մեր՝ բազմիցս արած այն պնդումները, որ հայ-ռուսական հարաբերությունները «վասալային» են, եւ այդ հարաբերություններում Հայաստանին վերապահված է, ըստ էության, «գուբերնիայի» դեր: ՀՀ վարչապետի նման հայտարարությունը փաստում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը եւ այն, որ Հայաստանը սպասարկում է ՌԴ-ի արտաքին քաղաքականության շահերը: Էլ չեմ ասում, որ նման հայտարարություն անող բարձրաստիճան պաշտոնյան նորմալ երկրում անմիջապես պետք է պաշտոնանկ արվեր»: Բայց ՀՀ վարչապետին պաշտոնանկ անող ՀՀ նախագահն ինքն է ընդդիմության կողմից մեղադրվում այդ արտաքին քաղաքականությունը վարելու, ՀՀ պետական շահերը ՌԴ-ի շահերին ստորադասելու մեջ: Այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է դրա համար պաշտոնանկ անի վարչապետին: «Միանգամից ասեմ. այս դեպքում խնդիրը Ա. Մարգարյանի անձը չէ: Բոլորս էլ գիտենք, որ իշխանական համակարգում նրա դերը, առավել եւս՝ արտաքին քաղաքական ոլորտում, շատ աննշան է, եւ նա տվյալ դեպքում հանդես է եկել, համոզված եմ, ամբողջ իշխանության համաձայնությամբ: Իմ ասածը այսօրվա իշխանության գնահատականն է՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից»,- պարզաբանեց կուսակցության ներկայացուցիչը: Իսկ ընդհանրապես՝ ՀՀ-ն կարո՞ղ է աբխազական հարցի լուծման համատեքստում միջնորդի դեր ստանձնել, եւ ո՞րը կարող է լինել նրա դերակատարությունն այդ խնդրում: Ըստ Ս. Սուրենյանցի՝ «այն, որ որպես պետություն նպաստենք Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների հանգուցալուծմանը՝ ղարաբաղյան, աբխազական, օսեթական: Մեր մասնակցությունն ինքնըստինքյան պետք է նպաստի դրանց լուծմանը, ոչ թե վրաց-ռուսական հարաբերություններում փոստատարի ֆունկցիա կատարելով»: «Մյուս կողմից, դատելով Վրաստան կատարած ՀՀ վարչապետի այցի մասին լրատվամիջոցների հրապարակումներից, Վրաստանի իշխանությունները ավելի շահագրգիռ են եղել Իրան-Հայաստան գազամուղ անցկացնելու հնարավորությամբ, ինչի վերաբերյալ ՀՀ վարչապետը որոշակի որեւէ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերել: Նա ՀՀ-ին անմիջապես առնչվող հարցերի շուրջ կոնկրետ համաձայնությունների գալու փոխարեն պատրաստ է ռուսների եւ վրացիների միջեւ փոստատարի գործառույթ ստանձնել»,- նկատեց մեր զրուցակիցը: «Իմ կարծիքով, տարածաշրջանային համագործակցության որեւէ ծրագրին չմասնակցող երկիրը այս հարցում որեւէ լուրջ դերակատարում ունենալ չի կարող: Առավել եւս, երբ այդ երկրին գնալով ավելի շատ են ընկալում որպես երրորդ երկրի շահերի սպասարկողի: Այդ երկիրն արդեն որպես ինքնուրույն գործոն գրեթե գոյություն չունի: Մյուս կողմից, Հայաստանն արդեն մի անգամ անհաջող փորձ արեց Վրաստանում հակամարտության կարգավորման միջնորդի դեր ստանձնել, երբ հայտնի պետության հանձնարարությամբ Ռ. Քոչարյանն ընդունեց Ասլան Աբաշիձեին, մինչդեռ ՀՀ-ն պետք է ձգտի տարածաշրջանային բոլոր խնդիրներին մասնակցել միմիայն իր արտաքին քաղաքական շահերից ելնելով եւ ոչ երբեք՝ ՌԴ-ի շահերի համատեքստում: Սրան հավելենք նաեւ Ռ. Քոչարյանի՝ ստամբուլյան գագաթաժողովին չմասնակցելը, ԵԱՀԿ-ի դեմ ՀՀ-ի խայտառակ դեմարշը, որոնք տեղի ունեցան նույն ՌԴ-ի դրդմամբ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031