Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀԱՅԵՐԻՆ,

Օգոստոս 04,2004 00:00

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀԱՅԵՐԻՆ, ԵՎ ՆՐԱՆՔ ԼԱՎ ԿԱՇԽԱՏԵՆ Վստահ է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ արտերկրի մասնագետներ երեկ փորձում էին բացահայտել Հայաստանում առկա տնտեսական մրցակցության հիմնախնդիրները եւ ներպետական համագործակցության վիճակը։ ԱՄՆ ֆեդերալ առեւտրային հանձնաժողովի գլխավոր իրավախորհրդատու Ուիլյամ Ե. Կովաչիկը ներկայացրեց իր երկրում պետական կառույցների դերը մրցակցային շուկայական տնտեսությունում։ Կարգավորումը կատարվում է ֆեդերալ եւ նահանգային կառույցների օգնությամբ։ Վարչարարությունն էլ, պարզվում է, բավական մեծ տեղ ու ազդեցություն ունի ԱՄՆ-ում։ Ավելին, երկիրը մինչ օրս չի կարողանում մրցակցության կարգավորման խնդրում ձեւավորել լավ աշխատող մոդել։ Պարոն Կովաչիկը գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել տվյալների փոխանակման գործընթացը պետական կառույցների միջեւ եւ մշակել-իրականացնել համատեղ ծրագրեր։ Պրն Ռոբինսոնը ներկայացրեց հայաստանյան իրավիճակը՝ սոցհարցումների տեսքով։ Ըստ այդմ, պարզվեց, որ մեր գործարարներն իրենց համար ստեղծված պայմաններից դժգոհում են տարերային, թեպետ տնտեսական ցուցանիշներն, ըստ պաշտոնական տվյալների, աճում են հաստատուն եւ ուղիղ՝ դեպի վեր։ Այսպես. 2000թ. դժգոհ գործարարների թիվը կազմել է ընդհանուրի 71%-ը, 2001-ին՝ 55,5%, 2002-ին՝ 50%, այնուհետեւ՝ 2003-ին դժգոհությունն աճել է՝ 60,3%, իսկ 2004-ին կրկին նվազել՝ 50%։ Ինչպես պարզվում է, անցյալ տարի գործարարները բողոքել են ավելի շատ եւ ապահովել տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 13%։ Հիմնական դժգոհությունը, որքան էլ զարմանալի է, ոչ թե շրջափակումից է, այլ երկրի ներքին վարչարարական խիստ ռեժիմից՝ հարկայիններից, մաքսավորներից, տարբեր ստուգողներից ու թղթարարությունից։ Պարոն Ռոբինսոնը եկել էր մի եզրահանգման. «Հանգիստ թողեք հայերին եւ այդ դեպքում իրենք լավ կաշխատեն»։ Նաեւ նշեց, որ մրցակցային դաշտում կարգավորման մոդել մերոնք Եվրոպայում չփնտրեն. «Ես չէի ուզի, որ Եվրոպայի կարգավորման միջավայրը Հայաստանում կրկնվեր, որովհետեւ այս երկիրն ունի իր առանձնահատկությունները»։ Այնինչ, տնտեսական մրցակցությունը կարգավորող ՀՀ օրենքի համար արդեն ընտրվել եւ ընդունվել է Եվրոհամայնքի հավաքական մոդելը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը «Առավոտին» ասաց. «Ռոբինսոնը մի քիչ էկզոտիկ բան ասաց, բա էլ ո՞ւմ մոդելը վերցնենք։ ԱՄՆ-ն մեզ համար տիպիկ չէ, չափազանց այլ կարգի պետություն է, մնում է Եվրոպան։ Էլ ուղղորդվելու տեղ չկա»։ Նաեւ նշեց, որ մեր օրենքը կիրարկման մեխանիզմների անկատարություն ունի եւ այս քննարկումներից հետո այն կփոփոխվի։ Ինչ վերաբերում է պետական կառույցների հետ համագործակցությանը, ապա հանձնաժողովը, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ քայլեր անում է, բայց՝ անպատասխան։ «Տարեսկզբին բոլոր պետական մարմիններին ու բիզնես համայնքներին գրավոր առաջարկել ենք՝ ձեզ հայտնի խնդիրները ներկայացրեք, բայց՝ զրոյական արդյունք»,- ասածը հիմնավորեց Հ. Արամյանը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանն էլ ոգեւորված էր իրենց ստացած բողոքների աճող թվից։ «Լավ է, որ գործարարների դժգոհությունը կապված է ոչ թե շրջափակման օբյեկտիվ պատճառի, այլ վարչարարության հետ, որը սուբյեկտիվ է եւ կարող էր չլինել։ Չնայած դժգոհողների մեջ են նաեւ նրանք, որոնք փորձել են շրջանցել հարկային եւ այլ օրենքները, պատժվել ու դա են համարում վարչարարություն»,- «Առավոտին» տեղեկացրեց փոխնախագահը։ Արտերկրի փորձագետների հետ քննարկումները շարունակվեցին սուրճից հետո, բայց՝ առանց լրագրողների։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031