Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մթնոլորտ է ՀԿԿ-ի ներսում

Սեպտեմբեր 10,2004 00:00

Ի՞նչ մթնոլորտ է ՀԿԿ-ի ներսում ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղարը պնդում է, թե ՀԿԿ-ի ներսում տիրում է փոխադարձ վստահության մթնոլորտ: Կենտկոմի նախկին քարտուղարը համաձայն չէ: Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն օրերս հրապարակավ վստահեցրել էր. «Բոլոր շրջաններում ընթանում են շրջանային կազմակերպությունների պլենումներ, եւ բոլորը հավանություն են տալիս մեր պլենումի այն որոշմանը, որ կոմկուսի երեք ընկերներ պետք է ազատվեն կենտկոմի քարտուղարի եւ բյուրոյի անդամի պարտականություններից»: Խոսքը Սանատրուկ Սահակյանի, Նորիկ Պետրոսյանի եւ Խորեն Սարգսյանի մասին է, եւ վերջինս առարկություններ ներկայացրեց այդ «ադաբրյամսի» մասին պնդմանը: «Առայժմ կնշեմ մի քանի շրջաններ,- ասաց Խորեն Սարգսյանը:- Աշտարակի շրջկոմը խիստ քննադատեց եւ անվստահություն հայտնեց կենտկոմի առաջին քարտուղարին: Նույնը Չարենցավանի քաղաքային կոմիտեի պլենումում էր, Աբովյանի պլենումում եւ այլն: Աշտարակում ներկա էր կենտկոմի երկրորդ քարտուղար Ֆրունզե Խառատյանը, որ սկզբում փորձում էր ներկայացնել, թե իբր պլենումն է որոշել մեզ ազատել: Իսկ իրականում մենք ենք դիմում ներկայացրել պաշտոններից հրաժարվելու մասին, քանի որ գիտակցում ենք՝ եթե Ռուբեն Թովմասյանը մնա մինչեւ հաջորդ ընտրություններ, համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքի՝ մենք պետք է լուծարվենք, քանի որ այն քաղաքական ուժը, որ երկու անգամ չի հաղթահարում հինգ տոկոսի արգելապատնեշը՝ պիտի հեռանա քաղաքական ասպարեզից: ՀԿԿ-ն արդեն մի անգամ չի հաղթահարել, իսկ երկրորդն առհասարակ չենք հաղթահարի, եթե մնա Թովմասյանը»: Խորեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ մամուլում Ռուբեն Թովմասյանի՝ իրեն ուղղված հետեւյալ ակնարկին. «Այն մարդիկ, ովքեր կհակադրվեն կուսակցության կանոնադրությանը, ովքեր «ստրկամտություն» կհամարեն դեմոկրատական ցենտրալիզմը, պետք է լավ իմանան՝ կուսակցությունը չի կարող անտարբեր դիտորդի կարգավիճակ որդեգրել»: «Ուրիշին գրագիտությունից զուրկ, իսկ իրեն գրագետ համարող մարդուն ուզում եմ խորհուրդ տալ, որ ուշադիր կարդա,- ասաց Խորեն Սարգսյանը:- Ես ոչ թե դեմոկրատական ցենտրալիզմն եմ համարել ստրկամտություն, այլ այդ քողի ներքո իրականացվող ստրկամտությունը, որ կազմակերպել է ինքը, եւ շրջկոմի որոշ քարտուղարներ ծառայում են իրեն ստրկաբար»: Հայտնեց, թե Արարատյան դաշտավայրի մի շրջանում որոշում են կայացրել՝ մեղադրելով կենտկոմին իրականացրած քաղաքականության համար, սակայն շրջկոմի քարտուղարն այլ ձեւով է փաստաթուղթը ներկայացրել կենտկոմ. «Առայժմ չեմ տալիս այդ անունը, որ այդ շրջանում մթնոլորտն առավել չսրվի»: Մեկ այլ փաստ էլ վկայակոչեց. «Ուզում եմ, որ Գորիսի իմ կուսակցական ընկերներն իմանան. մեր պլենումից առաջ իրենց 1-ին քարտուղարը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե այս ի՞նչ է եղել, ինչի՞ են կանչել: Բայց հենց պլենումը սկսվեց՝ բանից անտեղյակ մարդը կենտկոմի 1-ին քարտուղարի ցուցումով հանկարծ վեր կացավ ու հայտարարեց, թե տեղի է ունեցել շրջանային կազմակերպության պլենումը, որում քննադատվել են Ս. Սահակյանը, Խ. Սարգսյանը եւ Ն. Պետրոսյանը: Հաստատ գիտեմ, որ Գորիսի իմ կոմունիստ ընկերները պլենում կանեն եւ իրենց քարտուղարին կասեն, որ նա կամակատար է ու պիտի հեռանա»: Խորեն Սարգսյանը հայտնեց, թե սպասում են համագումարին, որ տեղի է ունենալու հոկտեմբերին. «Համագումարը կտա այս ամենի պատասխանը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել