Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ

Մայիս 05,2005 00:00

Մեկ օր Բոլնիսում «Որքան էլ կառավարությունն օգնի, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում: Չարչարվում են, կռվում հողի հետ եւ ապրում աղքատ»,- ասում է վրացական Բոլնիս գյուղի գյուղապետ Մարինե Անանյանը: Բոլնիս գյուղը Ղազարոս Աղայանի ծննդավայրն է: Հայերին այն հայտնի է Բոլնիս-Խաչեն անունով: Խաչեն՝ քանի որ 1777 թվականին Ղարաբաղի Խաչեն գյուղից մի քանի ընտանիքներ եկել են ու հաստատվել այդտեղ: Հայաբնակ այս գյուղում ապրում է միայն մի վրացական ընտանիք: Կողքի գյուղերում ադրբեջանցիներ են: Գյուղացիները պատմում են, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բարեկամական հարաբերություններ ունեն, նույնիսկ 1990-ականների՝ արցախյան պատերազմի ժամանակ եղել են շատ համերաշխ: Խաչենցիները, չնայած ծանր սոցիալական պայմաններին՝ շատ բարի ու հյուրասեր են: «Երկու քարի արանքում»,- այսպես են իրենց կարգավիճակը բնութագրում տեղաբնակները. «Երբ Հայաստանի հետ է լավ բան լինում՝ ուրախանում ենք հայերի համար, երբ Վրաստանի՝ իրենց համար»: Օրինակ՝ գյուղի բոլոր տներում փակցված էր Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված վրացի ըմբիշի նկարը: Մեծ խնջույք են կազմակերպել հայ գեղեցկուհու երկրորդ մրցանակին արժանանալու համար: Լավ իրադարձությունները ներկայացնելուց հետո սկսվում է խնդիրների մի մեծ շարք: Գյուղն ունի 545 ընտանիք, սա պաշտոնական տվյալներով, իրական թիվը ուղիղ կեսն է: Տների դռների մեծ մասը կողպված է, բոլորն արտագաղթել են: Երիտասարդները շատ քիչ են: Մնացել են հիմնականում տարիքով մարդիկ, որոնք հաճախ են խոսում մահվան մասին: Գյուղից քիչ հեռու «Մադնեուլ» գերմանական ընկերությանը պատկանող ոսկու հանքն է, մարդիկ ասում են՝ Կազրեթի հանք: Հենց այդ պատճառով, գյուղն էկոլոգիական տեսանկյունից համարվում է ռիսկային գոտի՝ օդն աղտոտված է: 50-ին մոտ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է լինում: Մարդիկ տառապում են հիպերտոնիայով: Օդի աղտոտվածության հետեւանքով ծնելիության ցուցանիշն ընկած է, հաճախ կանայք պտուղը դեռ չզարգացած՝ կորցնում են: Բոլնիսում չկա մի ընտանիք, որ խաղողագործությամբ չզբաղվի: Զարգացած է գինեգործությունը: Խաչենցիները հումորով ասում են, որ հյուրին, սուրճի կամ ջրի փոխարեն, գինի են հյուրասիրում: Այդ հումորում կա մի տխուր փաստ՝ ծորակից հոսող ջուրը շատ քիչ է տարբերվում ցեխաջրից: Ջուրը հոսում է այն սարի մոտից, որտեղ ոսկու հանքն է եւ հանքում կուտակված վնասակար միացությունները ջրի բաղադրիչ մասն են կազմում: Անձրեւից հետո, ցողի փոխարեն, ցեխի կաթիլներ են ծառերի վրա: Չնայած այս ամենին. «Ապրում էնք, էլի: Վերջին 10 օրում լույսը չի կտրվում, առաջ ընդհանրապես չէին տալիս: Սահակաշվիլին էլ լավ տղա ա, մեզ երկու տարով ազատել ա հողի հարկերից: 1998-ից սառեցված թոշակները ստացել ենք»,- պատմում է գյուղի բնակչուհի Նախշուն Մանուչարյանը: Նա իր հացը վաստակում է շուկայում, թթու է դնում ու վաճառում: Ի դեպ, գյուղի մեծ մասն այդպես է դրամ վաստակում: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի նույնիսկ հեռավոր գյուղերը շատ մաքուր են: Մասսայական ծառահատումների եւ փոխարենը օբյեկտներ կառուցելու հիվանդությամբ դեռ չեն տառապում: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել