Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Մայիս 12,2005 00:00

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Բաց նամակ երկրի իշխանություններին՝ մի խումբ ադամանդագործներից 2000թ. Իսրայելի քաղաքացի Լեւ Լեւայեւը մասնավորեցրել է Նոր-Հաճնի «Շողակն» ՓԲ ընկերությունը։ 2005թ. ապրիլի կեսերից մոտ 200 աշխատակիցներ գործադուլ սկսեցին, քանի որ գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանի հրամանով իջեցվել են «Շողակն» գործարանի «Էքսելենթ» արտադրամասում քարերի մշակման (մեր կատարած աշխատանքի) սակագները։ Գլխավոր տնօրենի կողմից սա առաջին դեպքը չի օրենքի նկատմամբ ոտնձգության, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք դիմել Ձեզ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն օրենք խախտողները եւ պետությանը խոշոր չափերի վնաս հասցնողները։ Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (ընդունված 2004թ. նոյեմբերի 9-ին) N 139 հոդվածի, աշխատաժամանակի տեւողություն է սահմանվում շաբաթական 40 ժամը, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի առաջին մասով՝ արտաժամյա աշխատաժամանակը շաբաթվա ընթացքում չի կարող գերազանցել 48 ժամը։ Նշված ժամանակացույցը միշտ խախտվել է ամբողջ գործարանի մասշտաբով եւ հատկապես գնահատման բաժնում, որտեղ քարերը ծանրոցով սեփականատիրոջը ուղարկելու օրերին աշխատակիցներին պահում են մինչեւ գիշերվա 2172ը։ Աշխատողներին ոչ մի հավելավճար չի վճարվում այդ աշխատանքի համար։ Աշխատակիցների հետ չեն կնքվել կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր, իսկ կադրերի տեսուչի պնդմամբ, մենք ինչ-որ թղթերի տակ ենք ստորագրել եւ նրա թելադրանքով գրել ենք, որ ծանոթացել ենք եւ համաձայն ենք։ Սակայն կնքված պայմանագրերի մեր օրինակը մեզ չեն տրամադրել, եւ այժմ էլ հրաժարվում են մեզ տրամադրելուց՝ տարբեր պատճառաբանություններ բերելով։ Մեր գործարանում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով, ըստ Աշխատանքային օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ կետի։ Դա, իհարկե՝ թղթի վրա։ Իրականում, սեփականաշնորհման օրվանից սկսած, բոլոր հանգստյան կիրակի օրերին մենք աշխատել ենք՝ առանց հավելավճար ստանալու։ Դա կատարվել է տնօրենի բանավոր կարգադրության հիման վրա։ Բացի կիրակի օրերից, նա իր կարգադրությամբ մեզ աշխատանքի է կանչել պետականորեն ընդունված տոնական օրերին եւս, նաեւ՝ Մեծ եղեռնի 90-ամյակի օրը: Տնօրենը դա հիմնավորում է հետեւյալ կերպ՝ ձեռնարկությունը օտարերկրյա քաղաքացուն է պատկանում, այնտեղ գործում են սեփականտիրոջ կողմից հաստատված կարգերը։ Սակայն մենք գիտենք, որ գերակայում է օրենքը, այլ ոչ թե մասնավոր անձի դրվածքը, իսկ օրենքի 155, 156, 183, 184 եւ 185 հոդվածների պահանջները տնօրենի կողմից անտեսվել եւ կոպտորեն խախտվել են։ Տնօրենը մեզ ստիպողաբար հերթական ամենամյա արձակուրդ է ուղարկում դեկտեմբերի 28֊ից սկսած։ Այն, բնականաբար, համընկնում է պետականորեն ընդունված հունվարյան տոների հետ։ Իսկ հասանելիք արձակուրդի մյուս կեսը՝ 14 օրը, կամ չեն տրամադրում, կամ ձեւակերպում են, սակայն պարտադրում են ներկայանալ աշխատանքի, իսկ հավելավճարի փոխարեն վճարում են միայն մշակված քարերի դիմաց։ Խախտվում են նաեւ ֆիզարձակուրդ գնացող կանանց իրավունքները։ Նրանց հրաժարվում են տրամադրել արձակուրդ, վերոհիշյալ օրենքի 172 հոդվածի ենթակետերին համապատասխան, որի արդյունքում նման կանայք ստիպված են լինում ծննդաբերությունից անմիջապես հետո ներկայանալ աշխատանքի։ Քարերի մշակման ժամանակ պատահում են դեպքեր, երբ բնական տարբեր դեֆեկտներով օժտված քարերը վերամշակման ընթացքում կոտրվում են կամ բռնիչից պոկվելով եւ թռչելով՝ կորչում։ Տնօրենի, արտադրության պետի, գլխավոր տեխնոլոգի եւ անվտանգության պետի պարտադրմամբ, նման աշխատակիցներից հաշվապահությունը՝ հիմնվելով կազմված ակտի վրա, պահում է քարի արժեքը մի քանի անգամ գերազանցող գումար։ Հաշվի չեն առնվում քարի բնական ներքին լարվածությունները եւ երկրորդ՝ ստանալով գերշահույթ՝ նման պահումների արդյունքում ստացված գումարների հաշվին, պետբյուջե մասհանումներ չեն կատարվում։ Մինչ օրս չի եղել դեպք, երբ որեւէ աշխատակցի զիջեն, հաշվի առնելով մշակման պրոցեսում դեֆեկտավոր քարերի նկատմամբ հաստատված խոտանի տոկոսադրույքը։ Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի վերականգնվեն պետությանը հասցված վնասները եւ «Շողակն» ՓԲ ընկերությունում գերակայեն ՀՀ օրենքները։ «Շողակն» գործարանի մի խումբ աշխատակիցներԿարծում ենք, նորաստեղծ Աշխատանքի պետական տեսչությունն այս գործարանում լուրջ անելիքներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել