Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿՈՒՆ ԳԱՐՆԱՆՆ Է ԿԱՆՉՈՒՄ

Մայիս 21,2005 00:00

Իսկ ընդդիմությունը սպասում է, որ իրենց համար կկուն աշնանն էլ կանչի

Տարվա եղանակներն իրար շատ արագ են հաջորդում, իսկ հայրենի ընդդիմության առանձին գործիչների խոստացած թեժ գարուններն ու աշուններն արդեն որերորդ տարին է՝ այդպես էլ չեն սկսվում: Ընդդիմության այդ խոստումներն ի դերեւ չանելու համար այս գարունը մի փոքր փորձեցին թեժացնել իշխանություններն իրենք՝ Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ: Իսկ ընդհանրապես, ընդդիմության գործունեությունը, էլ չենք ասում ակտիվ քայլերի մասին, ոչ խորհրդարանում, ոչ էլ դրա պատերից դուրս նկատելի չէ:

Երեկ «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանն էր քննադատել խորհրդարանական ընդդիմությանը ոչ շրջահայաց դիրքորոշում որդեգրելու եւ վստահության հանրաքվեի պահանջով ԱԺ-ի աշխատանքները բոյկոտելու համար՝ այն փաստարկմամբ, որ այդ բոյկոտն ակնհայտորեն այլեւս արդյունավետ չէ, ավելին՝ «այն կորցրել է իր քաղաքական բովանդակությունը, չի ընկալվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակության կողմից»: Ա. Սահակյանն, ըստ էության, կոչ էր արել ընդդիմությանը՝ վերադառնալ խորհրդարան՝ ռեալ քաղաքական գործընթացներից ինքնամեկուսացումից խուսափելու համար. «Ընդդիմությունը պարտավոր է առավելագույնս օգտագործել ԱԺ-ի հնարավորությունները՝ գործադիր իշխանության սանձարձակությունների դեմն առնելու եւ ժողովրդի կողմից իրենց տրված մանդատով ժողովրդի խնդիրները լուծելու համար»:

ԱԺ աշխատանքները բոյկոտող պատգամավորների հետ զրույցից, սակայն, հստակ դարձավ, որ նրանք Ա. Սահակյանի դիտարկումների հետ համաձայն չեն: «Ես հասկանում եմ Արա Սահակյանի մտահոգությունը: Անկախ այն բանից, թե նա քաղաքական որ ուժին հարող ներկայացուցիչ է, ես գնահատում եմ նրա վերլուծական միտքը: Ինչ խոսք, այդ մտահոգությունը նաեւ մտածելու առիթ է տալիս, բայց ամեն դեպքում, այսօրվա դրությամբ էլ, կարծում եմ, ճիշտ ենք արել, որ բոյկոտել ենք ԱԺ աշխատանքները եւ հիմա էլ շարունակում ենք չմասնակցել խորհրդարանի նիստերին»,- մեր զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վստահության հանրաքվեի անցկացման պահանջին, որի մասին այդ գաղափարի ջատագով «Արդարություն» դաշինքը այլեւս չի բարձրաձայնում կամ որի մասին քիչ է խոսում, ապա Գ. Հարությունյանի կարծիքով, դա ժողովրդի ճնշման տակ իշխանությունների հեռացման լավագույն տարբերակն է. «Մենք հիմա էլ ենք կրկնում, որ երկիրն այս վիճակից անցնցում դուրս բերելու լավագույն միջոցը մնում է վստահության հանրաքվեի անցկացումը, առավել եւս, որ ՍԴ որոշումը ոչ ոք չի բեկանել եւ չի էլ կարող բեկանել»:

Մոտավորապես համանման կարծիք հայտնեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նա էլ նախ ասաց, թե մեծ հարգանք է տածում իր ուսանողական ընկեր Արա Սահակյանի նկատմամբ, բայց միաժամանակ հավելեց, թե նա էլ բավարար քաղաքական փորձ ունեցող գործիչ է, եւ եթե միայն պարզ թվաբանություն անի՝ կտեսնի, որ խորհրդարանի 131 պատգամավորից ընդդիմադիր 24 պատգամավորը ԱԺ-ում եղանակ ու մթնոլորտ չի ստեղծում: «ԱԺ մեծամասնությունը մեր մասնակցության դեպքում էլ առանց որեւէ խնդիր ունենալու կարող է անցկացնել իր համար ցանկալի օրենքները, իսկ մենք չենք ուզում դեկորատիվ դեր ունենալ այդ ամենում: Բացի այդ, մենք խորհրդարանի աշխատանքները բոյկոտեցինք այն բանից հետո, երբ մեր օրենսդրական նախաձեռնությունը՝ վստահության հանրաքվեի վերաբերյալ, ԱԺ մեծամասնությունը մերժեց ներառել նստաշրջանի օրակարգ»:

Ինչ վերաբերում է ԱԺ ընձեռած հնարավորություններն օգտագործելուն, ապա Վ. Դալլաքյանի ասելով՝ «մենք առավելագույնս ենք օգտագործում եւ խորհրդարանական հայտարարությունների, եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամերը, նաեւ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող երեք րոպե տեւողությամբ մեզ հասանելիք խորհրդարանական ժամը՝ միաժամանակ չենք մասնակցում ագրեսիվ ու Ռ. Քոչարյանին հնազանդ մեծամասնության ապօրինի որոշումների ընդունմանը»:

Խմբակցության քարտուղարն էլ ասաց, թե «Արդարությունն» իր գործողությունները տարվա եղանակներով չի պայմանավորում. «Առջեւում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եւ մենք օգոստոս ամսից մեր գործողություններն էլ ավելի ինտենսիվ կդարձնենք, ինչը ճակատագրական կլինի այս իշխանությունների համար: Ընդդիմության անելիքը հիմա խորհրդարանից դուրս է»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել