Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒԲԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԺՈԽՔ Է»

Մայիս 21,2005 00:00

Ասում է հայաստանցի մարմնավաճառը

27-ամյա Այիշան Դուբայի հայտնի կավատներից է: Նրա իսկական անունը Լուսինե Հակոբյան է: Մարմնավաճառների շրջանում Այիշան հայտնի է հատկապես իր դաժանությամբ եւ փնթիությամբ: Ինչպես գրեթե բոլոր հայ կավատները, Լուսինեն սկզբում գնացել է Դուբայ՝ որպես մարմնավաճառ: Սակայն որոշ ժամանակ անց իր ճարպկության շնորհիվ դարձել է «բոս», եւ արաբներից մեկը նրա անունը կնքել է Այիշա, որը տարածված արաբական անուն է: Այիշայի երկու ձեռքերի երակները կտրված են, եւ ձեռքերին բազում սպիներ կան:

«Ինքը մի անգամ մեզ պատմել է, որ իր բոսը շատ դաժան էր վարվում իր հետ, եւ մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Բայց ես չեմ կարծում, որ իրանից դաժան մարդ կա աշխարհում: Նա մեզ ծեծելով աշխատեցնում էր նաեւ այն օրերին, երբ հնարավոր չէ սեռական հարաբերություններ ունենալ: Ես լացում էի, ասում էի՝ մեկ է, չեմ կարող ոչ մի բան անել, բայց նա տնից հանում էր դուրս, ասում էր՝ գնա գործ արա»,- Դուբայում մեզ պատմեց Այիշայի զոհերից մեկը՝ չարենցավանցի Կ.-ն: Նրա անձնագիրը Այիշան պատռել է: Կ.-ն արդեն երկրորդ տարին է Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվում՝ հույս չունենալով, որ երբեւէ կարող է վերադառնալ Հայաստան: Մենք նրան համոզում էինք հանձնվել ոստիկանությանը, որպեսզի իրեն արտաքսեն Էմիրություններից: «Վախենում եմ, գիտեք, մեր աղջիկներից երկուսն էլ հանձնվեցին: Նրանց բոսը փող տվեց Օմարին, նա գնաց այդ երկուսին բանտից հանեց, ետ բերեց: Էնքան ծեծեցին, մահամերձ վիճակում էին»,- ասաց Կ.-ն:

Այիշան մեկ տարի առաջ ապրում էր ազգությամբ արաբ Խալեթի վարձակալած բնակարանում: Սակայն Խալեթը նրան «քցել» է. մեծ գումար է վերցրել եւ ետ չի տվել: Դրանից հետո Այիշան սկսել է աշխատել Օմարի հետ: Օմարը Յեմենից է, նախկին ոստիկան է: Նա է Այիշայի աղջիկների համար կեղծ վիզաներ ձեռք բերում, լուծում ոստիկանության հետ ծագած խնդիրները: Օմարի թիկունքում էլ Սալեմ անունով ոստիկանն է: Նա աշխատում է Ալ Ռաֆֆա ոստիկանական բաժնում:

Երբ Դուբայի «Մետրոպոլ» հյուրանոցի բարում, իբրեւ ամերիկացի զբոսաշրջիկներ, Այիշային հարց ու փորձ արեցինք Խալեթի մասին՝ ասելով, թե հին ընկերներ ենք եւ այժմ նրան ենք փնտրում, Այիշան ասաց, որ Խալեթին կարող ենք գտնել «Տիտանիկ» շենքի տակ գտնվող բիլիարդանոցում: Իսկապես, երեկոները Խալեթը միշտ այնտեղ է անցկացնում: Այիշան Դուբայի ռեզիդենտ վիզա ունի, այսինքն՝ աշխատանքային վիզա: «Նա մեզ պատմել է, որ իր համար այդ վիզան սարքել են Խալեթն ու Օմարը: Բայց ինքն ասում էր, որ էդ վիզան էլ է կեղծ, վախենում է բռնվի»,- ասում էր չարենցավանցի Կ.-ն:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մի անգամ հարցաքննել են Այիշային, որն այսօր Հայաստանում է: Նրա հետ Դուբայում ամիսներ առաջ հանդիպել էր դատախազության քննիչ Արիստակես Երեմյանը: Հենց այնտեղ է Երեմյանը հետախուզման մեջ գտնվող Լուսինե Հակոբյանին հորդորել, որ ներկայանա դատախազություն: «Այիշան մեզ ասաց, որ ինքը պետք է գա, դատախազությանը վճարի, որ հետ գնա»,-ասաց Այիշայի զոհերից երեւանցի Ա.-ն:

«Աղջիկներին Հայաստանում հավաքագրում է Լուսինեի մայրը՝ Հասմիկը: Նա ապրում է Աբովյանում: Նա իր սիրեկանի հետ (անունը Սպարտակ է, Սպո են ասում) շրջում է գյուղերով եւ գտնում ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, նրանց համոզում, ուղարկում է Դուբայ: Մայրը փաստորեն մեզ ծախեց իր աղջկան»,-մեր երկրորդ հանդիպման ժամանակ պատմեց չարենցավանցի Կ.-ն: 2003-ին Լուսինե Հակոբյանին Հայաստանում իրավապահները բռնել են, սակայն «փողաթափ» անելով՝ ազատ են արձակել:

«Մեզ մոտ մի աղջիկ կար, անունը Նելլի էր: Հետո փախավ, մանկատան աղջիկ էր: Նրան գիտե՞ք ոնց են բերել. էդ Սպոն մի ընկեր ուներ Արմեն անունով, աբովյանցի է: Նելլիի եւ նրա միջեւ կեղծ ամուսնություն են ձեւակերպել: Նրանք եկել են Դուբայ, Նելլին մնացել է, Արմենը վերադարձել է: Էդպես մի քանի անգամ էդ Արմենը աղջիկ էր բերել Այիշային»,- շարունակեց չարենցավանցի Կ.-ն:

«Երբ եկա, թվաց՝ Դուբայը հրաշք է, դրախտավայր, բայց ես հիմա գիտեմ, որ Դուբայը աշխարհի դժոխքն է»,- ասում է կավատ Նանոյի (մականունը՝ Ձի) աղջիկներից Արուսը, որը մարմնավաճառություն է անում Դուբայի «ռաբոչկայում» (բանվորական թաղամաս): Այն աղջիկներին, ովքեր չեն կարողանում այլեւս փող աշխատել դիսկոտեկներում, բարերում, բոսերը տանում են «ռաբոչկաներ», որտեղ նրանց կարելի է գնել 3, 5 կամ 10 դոլարով: Հաճախորդները շինարարության վրա աշխատող այլազգիներն են: Այս վայրերում կանայք օրական կարող են սպասարկել մինչեւ հիսուն հաճախորդի: Դուբայը դժոխք համարող Արուսը աշխատում է Այիշայի հսկողությամբ եւ հիմա հայտնվել է «ռաբոչկայում»: Նա որեւէ փաստաթուղթ չունի եւ չգիտի, թե ինչ է լինելու իր վերջը:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել