Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՊԱՆԵՐԻՆ» ՓՆՏՐԵԼԻՍ

Մայիս 27,2005 00:00

«ՊԱՊԱՆԵՐԻՆ»
ՓՆՏՐԵԼԻՍ Դարերով անկախություն չունենալու ամենանշանակալից
բացասական հետեւանքներից մեկը ինքնուրույն մտածողության բացակայությունն է: Սկսած
թաղապետի թեկնածուից վերջացրած նախագահով՝ բոլորս վստահ ենք, որ առանց «թագավորի»,
«շեֆի», կարճ ասած՝ «պապայի» որեւէ գործ գլուխ չի գա: Հենց այդ պատճառով էլ թաղապետի
ցանկացած թեկնածու այժմ պատեհ-անպատեհ առիթով բոլորի ականջին փսփսում է՝ «մեջքիս
այսինչն է կանգնած»: Պարզ է, որ նրա նպատակն է դուր գալ «այսինչին», ոչ թե ընտրողներին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ասում է, որ իրեն աջակցում է Վլադիմիր
Պուտինը: Եվ դրան արժե հավատալ, որովհետեւ երկու նախագահները շատ մոտ են իրենց մտածելակերպով,
որը սերում է խորհրդային ոճի կառավարման կարծրատիպերից: Ընդդիմությունն էլ իր հերթին
Ջորջ Բուշի արեւով է երդվում: Բայց ոչ այն պատճառով, որ նրանց մոտ են ազատության
եւ լայնախոհության արժեքները: Ճիշտ հակառակը. եթե մեր ընդդիմադիրներն իսկապես այդ
արժեքները դավանեին, նրանք պիտի խիստ քննադատության ենթարկեին ԱՄՆ ներկայիս նախագահի
քաղաքականությունը: Պարզապես «պապա» են գտել, որը, հույս ունեն, իրենց տիրություն
կանի: Նույն «պապայական» տրամաբանության շրջանակներում է «որոշ ընդդիմադիր
շրջանակների» փորձը՝ կապել ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի այցը
Հայաստան իրենց քաղաքական խնդիրների հետ: Այն քաղաքական շրջանակները, որոնք ենթադրում
են՝ իբր Քըրքորյանը բերել է Քոչարյանին Ջորջ Բուշի «մեսիջը»՝ Հայաստանում իշխանափոխություն
իրականացնելու ուղղությամբ, պարզապես ծանոթ չեն Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի
քաղաքական պրակտիկային: Ընդհանրապես, ամերիկացի որեւէ միլիարդատեր չի ստանձնի նման
«մեսիջ» փոխանցելու առաքելություն: Իսկ մասնավորապես, Քըրքորյանը, որն ամենեւին էլ
Ջորջ Բուշի կողմնակիցը չէ, առավել եւս նման պարտավորություն իր վրա չէր վերցնի: Բայց
առավել կարեւոր հանգամանքն այստեղ այլ է. ընդդիմադիր այդ շրջանակները վստահ են, որ
առանց Ջորջ Բուշի Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Այսինքն՝ ենթադրությունը
«մեսիջի» մասին թեեւ անհեթեթ է, բայց ճշգրտորեն արտացոլում է մեր քաղաքական պրակտիկան.
առանց «պապայի» ոչ ոք ոչ մի քայլ չի ցանկանում անել: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել