Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

Օգոստոս 09,2005 00:00 Share

ՆՊԱՍՏ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ՀՀ պետական բուհերում գերազանց սովորող վանաձորցի ուսանողների համար, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից են, անցնող ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ամենամսյա նպաստ նշանակելու մասին որոշում է կայացրել: Որոշման համաձայն, քաղաքապետն ավագանու 15 անդամների հետ միասին ամսական տասը հազարական դրամ պետք է հատկացնի վերոնշյալ անձանց: «Ավագանու որոշմամբ քաղաքապետարանը խրախուսում ու աջակցում է գերազանցիկ ուսանողներին, նրանց հնարավորություն տալիս թեթեւացնելու ուսումնառության ծախսերը Երեւանում, միեւնույն ժամանակ՝ նպաստում մեծացնելու գերազանցությամբ սովորող վանաձորցի ուսանողների թիվը»,- ասում է Սամվել Դարբինյանը: Քաղաքապետարան հայտ ներկայացրած ուսանողներից ընտրվել է 115-ը, մերժվել՝ 7-ը: Եթե քաղաքապետին առընթեր ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովը հանկարծ հայտնաբերի, որ ուսանողի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են, ամենամսյա նպաստի տրամադրումը կդադարեցվի: Նպաստը կդադարեցվի նաեւ այն դեպքում, եթե նույն հանձնաժողովը պարզի, որ բարելավվել են ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանները: Պարզվում է՝ իրականում քաղաքապետարանի հովանավորությունից օգտվում է սոցիալապես ապահով ընտանիքների 88 ուսանող, որ կազմում է ընդհանուր ցուցակի 76.5 տոկոսը: Նրանցից միայն 27 ուսանող է համարվում կարիքավոր: Այդ է վկայում Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային գործակալությունը, որի տվյալների համաձայն, ամենամսյա նպաստ ստացող 115 ուսանողներից 88-ի ընտանիքները գործակալությունում գրանցված չեն: «Բա ավագանին ինչի՞ է ձեռք բարձրացրել ու քվեարկել այս որոշման օգտին»,- զարմանում է Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը, որի գլխավորած կառույցն է որոշում, թե ով է սոցիալապես ապահով, ով՝ անապահով: Քաղաքապետարանն ու ավագանին առաջնորդվել են իրենց ընդունած որոշման կարգով, ըստ որի՝ հայտատուները պետք է ներկայացնեն ընտանիքների անդամների զբաղմունքի, աշխատանքի վայրի, աշխատավարձի, կենսաթոշակի չափերի, սոցծառայության տարածքային ու զբաղվածության կենտրոններից նպաստների մասին տեղեկություններ: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը հայտատուների սոցիալական կարգավիճակը ստուգելու նպատակով Սոցծառայություն չի դիմել: Փոխարենը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակում ստեղծել է մի հանձնաժողով, որը, ըստ Արամ Մկրտչյանի, սոցիալական կարգավիճակ սահմանող կառույց չէ եւ չի կարող որոշել ընտանիքի կարիքավորության աստիճանը: Վերջինս որոշվում է ՀՀ կառավարության 2002թ. թիվ 350 որոշմամբ սահմանված չափանիշներով: «Ո՞վ ասաց, որ անապահով չեն,- հայտարարում է ավագանու անդամ Գագիկ Սարգսյանը,- նպաստառուի բոլոր թեկնածուներն էլ փաստաթղթեր են բերել, ու ավագանին էլ որոշել է՝ ով է անապահով, ով՝ ապահով: Ի վերջո, ավագանին է տնօրինում այդ բյուջեն եւ ում ուզել՝ նրան էլ տվել է»: «Այդտեղ ոչ մի վատ բան չկա: Ծանոթով չենք արել»,- հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք հայտնեց ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը: Ծանոթով չեն արել, բայցեւ, մեր տվյալներով, «անապահովների» շարքում կան հենց ավագանու անդամներին ծանոթ մարդկանց երեխաներ, ոմանք էլ Վանաձորում հայտնի մարդկանց երեխաներ են, որոնցից մի քանիսը նույնիսկ բարձր պաշտոն է զբաղեցնում: «Իրենք պետք է հասկանային, որ չի կարելի դիմել»,-մեր այս նկատառմանն ի պատասխան՝ ասում է քաղաքապետն ու այդ քայլը մեկնաբանում որպես «քաղաքապետի թոշակ» ստանալու պատիվ: Մյուս կողմից էլ, ըստ նրա, քաղաքապետարանում առաջնորդվել են մի սկզբունքով՝ յուրաքանչյուր ուսանող անապահով է: «Ուսանողությունն ինքը սոցիալապես անապահով խավ է: Բացի թոշակից, նա աշխատավարձ չի ստանում»,- ասում է Վանաձորի քաղաքապետը, որն իր դիտարկումների արդյունքում պարզել է Երեւանում սովորող վանաձորցի ուսանողների սոցիալական պայմանները: Նա կարծում է, որ եթե այդ 88 ընտանիքներին մեկ առ մեկ այցելենք, իրոք կհամոզվենք, որ նրանցից միայն 15-ը նպաստի կարիք չունի: Ուստի Վանաձորի քաղաքապետը հրահանգել է ազգաբնակչության հարցերն ուսումնասիրող ու կանոնակարգող հանձնաժողովին՝ չմերժել որեւէ դիմումատուի միայն նրա համար, որ սոցիալապես անապահով ընտանիքից չէ՝ այսպիսով խեղաթյուրելով նպաստի գաղափարը: «Ուսանողի կարգավիճակը չի կարող համարվել սոցիալապես անապահովի կարգավիճակ»,- հայտարարում է Արամ Մկրտչյանն ու գտնում, որ նպաստի տրամադրումը սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին՝ դուրս է բարոյականության սահմաններից: Քաղաքապետի դիտարկումները ցույց են տվել, որ գերազանցիկ ուսանողներն ավելի շատ անապահով ընտանիքներից են լինում: Եվ անկախ ուսանողների սոցիալական կարգավիճակից, այդ տասը հազար դրամները մեծապես կօգնեն սոցծառայությունում որպես անապահով չգրանցված, բայց 25.000 դրամ աշխատավարձով Երեւանում ուսանող պահող ծնողներին: Մյուս կողմից էլ, ըստ քաղաքապետի, ընտանիքներ կան, որոնք, ամոթալի համարելով աղքատ ճանաչվել, չեն դիմում սոցծառայություն՝ հաշվառվելու: Վանաձորի քաղաքապետն ըստ ամենայնի մտադիր է առաջիկայում վերաձեւակերպել որոշումը՝ նպաստը տրամադրել միայն գերազանցիկության համար: Սակայն փաստ է, որ անցած ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ամեն ամիս տեղական բյուջեից հատկացվել է 1 միլիոն 115 հազար դրամ նպաստ, որը տրվելու է մինչեւ սեպտեմբեր: Վեց ամիս տրվող նպաստի ընդհանուր գումարը կազմում է 6 միլիոն 900 հազար դրամ, որից միայն 5 միլիոն 280 հազարը տրվել եւ տրվում է սոցիալապես ապահով ընտանիքների ուսանողներին: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել