Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբաքանդակ՝ նվիրված հայերին

Օգոստոս 19,2005 00:00

Խմբաքանդակ՝ նվիրված հայերին Տ. Սարգսյանի նոր աշխատանքը լավատեսական է Այսօր Ցեղասպանության թանգարանում կտեղադրվի ծնունդով հայաստանցի, ներկայումս ամերիկաբնակ քանդակագործ Տիգրան Սարգսյանի «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» հուշաքանդակը, որ նվիրված է Հայոց եղեռնի 90-ամյա տարելիցին: Սա նրա երկրորդ մեծ աշխատանքն է, առաջինը՝ 2001-ին ստեղծված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-301թ.» խմբաքանդակն այսօր զարդարում է Մայր աթոռ սբ. Էջմիածնի «Ալեք Մանուկյան» գանձարանը: «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն» խմբաքանդակի վրա Տիգրանն աշխատում է 2004-ից: Հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ պատվերով էր այն: «Դա Աստծուց ստացած պատվեր է: Այս գործը նվեր է Ցեղասպանության թանգարանին ամերիկահայության կողմից: Խմբաքանդակը ներկայացնում է Հայոց աշխարհը 350 հազար քառ. կմ, այսինքն այնքան, որքան Տիգրան Մեծի օրոք էր: Դա նախ եւ առաջ մեր ծովից ծով Հայաստանի ռելիեֆն է՝ մեր լեռները՝ Արարատ, Սիփան, Նեմրութ, մեր բոլոր գետերը, 3 լճերը: Ամբողջ ռելիեֆը պարփակել եմ 12 բերդերով, որոնք խորհրդանշում են 12 հայոց մայրաքաղաքները: Վերջիններիս վրա զետեղել եմ մեր թագավորների սիմվոլները: Իսկ Երեւանի վրա բացվող ծաղիկը խորհրդանշում է մերօրյա մայրաքաղաքի ծաղկումը: Իմ խմբաքանդակում հայոց աշխարհից բարձրանում են 12 բրոնզե կրակներ: Այնուհետեւ դրանցից դուրս են գալիս նույնքան բողբոջուն ճյուղեր, որոնք խորհրդանշում են հայության վերընձյուղում»,- այսպես ներկայացրեց իր աշխատանքը հեղինակը: Այն կերտելու համար Տիգրանը օգտագործել է 3 տեսակ նյութ՝ փայտ, քար, մետաղ: Տ. Սարգսյանը ստեղծել է շուրջ 15 արծաթակուռ շախմատ՝ հայկական էլեմենտներով: Այդ աշխատանքները կյանքի կոչելու համար նա ուսումնասիրել է հայոց պատմություն, հայոց տարազի պատմություն, շախմատին վերաբերող բազմապիսի գրականություն: Ունի նաեւ գործեր աստվածաշնչյան թեմաներով՝ սկսած Ադամ-Եվայից, վերջացրած Հիսուսի ծննդով, մկրտությամբ, խորհրդավոր ընթրիքով, խաչելությամբ եւ այլն: Հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ-ում ովքեր են իր պատվիրատուները: «Ես ֆանատ եմ, ստեղծագործելուց ոչ պատվիրատուի, ոչ էլ ընտանիքիս մասին եմ մտածում: Բայց վերջին աշխատանքի առիթով 250 նամակ ուղղեցի ամերիկահայ 250 ունեւոր բժիշկների ու իրավաբանների՝ ակնկալելով վերջիններիս դրամական աջակցությունը: Նրանցից միայն 3-ը արձագանքեցին»,- պատմեց Տիգրանը: Շատ գործեր պահվում են Տիգրանի տանը, նա դրանք չի վաճառում, այլ նվիրում է: «Եթե 10 ժամ աշխատում եմ իմ մտահղացումները իրականություն դարձնելու, ի վերուստ տրված պատկերը կատարելու վրա, մի 5 ժամ էլ աշխատում եմ, որպեսզի ընտանիքիս ապրուստն ապահովեմ»,- այնուհետեւ ավելացրեց նա: Տիգրանը նախատեսել է առաջիկայում անել մի քանի նոր գործ, այդ թվում՝ մի խմբաքանդակ «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով, որը կնվիրի Հայաստանի ազգային պատկերասրահին, ու մեկն էլ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առիթով, որը լրանում է 2007-ին: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել