Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոս 19,2005 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Օգոստոսի 21-ին Երեւանում մեկնարկում է առաջին համահայկական բասկետբոլի մրցաշարը: Այդ առիթով երեկ Սպորտպետկոմում մամուլի ասուլիս էր հրավիրելՀամահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար, Սպորտպետկոմի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Պետք է հիշեք, որ 2004 թվականին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմը որոշեց Խաղերն այսուհետեւ անցկացնել չորս տարին մեկ: Սակայն որպեսզի այդ ժամանակահատվածը սփյուռքի մեր հայրենակիցների համար շատ մեծ չլինի, կայացվեց մեկ այլ որոշում՝ 2005 թվականից սկսած՝ երկու տարին մեկ Երեւանում անցկացնել բասկետբոլային մրցաշար,- ասաց նա:- Այս տարվա մարտին մրցումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով ստեղծվեց կառավարական հանձնաժողով՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Կազմկոմիտե ընդգրկվել են բոլոր շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները, որոնք իրականացրել են նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Մասնակից թիմերն արդեն իսկ սկսել են ժամանել Երեւան: Բասկետբոլի մրցաշարում հանդես գալու հայտ ներկայացրել են աշխարհի տարբեր քաղաքների կանանց 9 եւ տղամարդկանց 19 թիմեր: Հանդիպումները անցկացվելու են «Դինամո» մարզական ընկերության, ՋԷԿ-ի եւ ՖԻՄԱ-ի դահլիճներում, որոնք այսօրվանից էլ պատրաստ են դիմավորել մարզիկներին: Թիմերի վիճակահանությունը կայացել է հուլիսի 25-ին՝ «Արարատ» հյուրանոցում եւ այն ուղիղ եթեր է հեռարձակվել արբանյակային կապով: Տղամարդկանց թիմերը բաժանվել են հինգ, կանանցը՝ երեք խմբերի, որոնցում առաջին երկու տեղեր գրավողները պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ հատուկ տղամարդկանց մրցաշարի հաղթող թիմի համար մեծ գավաթ է պատրաստել եւ ուղարկել ներկայումս Կանադայում բնակվող մեր հայրենակից, լեգենդար բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը: Դա փոխանցիկ գավաթ է եւ մնալու է Հայաստանում: Իսկ հաղթողն իր հետ տուն կտանի դրա կրկնօրինակը: Ասեմ նաեւ, որ Ա. Ալաջաջյանը օգոստոսի 24-ին գալու է Երեւան: Այդ օրը, «Դինամոյում» կայանալու է վետերանների խաղ, որին կմասնակցի նաեւ հանրաճանաչ մարզիկը»: Արմեն Գրիգորյանը պատասխանեց նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նա տեղեկացրեց, որ հատկապես ՋԷԿ-ի մարզադահլիճ՝ մրցումները լուսաբանելու համար կազմկոմիտեն տրանսպորտի եւ կապի նախարարության հետ միասին նախապես հայտ ստանալու դեպքում փոխադրամիջոց կտրամադրի: Ինչ վերաբերում է անկողմնակալ մրցավարությանը, նախորդ երեք խաղերի փորձը հաշվի առնելով, հայտ ներկայացրած քաղաքներին ու թիմերին առաջարկվել է իրենց հետ բերել նաեւ մրցավարներ: Ըստ նախնական տվյալների, մոտ հինգ արտասահմանցի մրցավար գալու է: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե Հայաստանում սպորտի ղեկավարությունը արդյոք չի՞ մտածում արտասահմանի մեր լավագույն բասկետբոլիստներին (իսկ այդպիսիք, իրոք, քիչ չեն) Հայաստանի քաղաքացիություն տալով ազգային հավաքական կազմավորել ու մասնակցել, ասենք, Եվրոպայի առաջնություններին: «Այդ ուղղությամբ թե Սպորտպետկոմում, թե ՀԱՕԿ-ում լրջորեն են զբաղվում,- պատասխանեց Ա. Գրիգորյանը:- Մենք, ինչպես գիտեք, հիմա թույլ ենք տալիս մասնակցել նաեւ պրոֆեսիոնալ մարզիկների: Մեր մասնագետները ուշադիր հետեւելու են բոլորին եւ հույս կա, որ մենք ոչ հեռու ապագայում կունենանք լավ թիմ»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել